Վտանգում են

09/07/2008

«Արմենպրեսին» տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը` մեկնաբանելով վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ենթատեքստում տարբեր առիթներով ադրբեջանական կողմից շահարկվող տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության մասին խնդիրը, ասել է, թե տարբեր միջազգային կազմակերպությունների եւ առանձին երկրների միջոցով իր դիրքորոշումը որպես համաշխարհային հանրության կողմից ընդունված կարծիք ներկայացնելու Ադրբեջանի փորձերը լուրջ վնաս են հասցնում եւ «վտանգում են բանակցային գործընթացը»: «Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքը եւ միջազգային հանրության կարծիքի իրական պատկերը, կարծում եմ, արտահայտվել է մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի նախագծի քվեարկության ժամանակ, երբ Մինսկի խմբի համանախագահները դեմ քվեարկեցին, իսկ աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ Եվրոպական միության բոլոր անդամ երկրները, հրաժարվեցին աջակցել այդ դիրքորոշմանը, այսինքն՝ ձեռնպահ քվեարկեցին, այն պատճառով, որ այդ բանաձեւն ուներ միակողմանի բնույթ, առանձնացնում էր տարածքային ամբողջականությունը, անտեսելով ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքը: Այսօր բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերի եւ սկզբունքների հիման վրա` Հելսինկյան եզրափակիչ ակտի 2-րդ հոդվածի` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, 4-րդ հոդվածի, որը հիշատակում է տարածքային ամբողջականությունը, եւ 8-րդ հոդվածի, որտեղ ամրագրված է ինքնորոշման իրավունքը»,- ասել է նա: