«Բանակ շատերն են գնում, բայց հրամանատար քչերն են դառնում,- այսպես
բնութագրեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի թեկնածու Սամվել
Հովսեփյանին նրա մարտական ընկեր Սամվել Սարգսյանը: -Նա բանակում խիստ էր,
պահանջկոտ ու նպատակաուղղված: Նվիրված ու անկեղծ հայրենասեր է, այնպիսի
մարտական ընկեր, որի հետ պաշտպանված ես զգում ճամփա ու կռվի գնալուց»:
Սամվել Հովսեփյանը Արցախյան պատերազմին մասնակցել է հենց առաջին օրերին:
1990 թվականից մինչեւ հրադադարը եղել է «Արծիվ 24» գումարտակի հրամանատար:
Սամվել Հովսեփյանի հետ հանդիպման էին եկել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ա-3
թաղամասի բնակիչներն ու թաղապետի թեկնածուի հետ կիսում էին իրենց
դժգոհություններն ու դժվարությունները: Նրանց հիմնական դժգոհությունը
գործազրկությունից էր: Ու քանի որ հանդիպումը տեղի էր ունենում 179 համարի
դպրոցում, մանկավարժներն էլ առիթից օգտվելով ներկայացրին դպրոցի քարուքանդ
վիճակը: Ու ընտրողների դժգոհությունները ներկա իրավիճակից ծավալվելով
հասան զավթված բակերին, քարուքանդ ճանապարհներին ու աշխատանքի փորձ
ունեցող 18 տարեկան աղջիկներ ընդունող գործարարներին:
«Երբ պատերազմ էր, մենք չէինք պատկերացնում, որ ավարտից հետո խեղճ երկիր
պետք է ունենանք,- իր ելույթում նշեց պարոն Հովսեփյանը: -Պետությունը պետք
է ոչ միայն ազատ լինի, այլեւ ունենա հզոր տնտեսություն: Մարտի դաշտում,
երբ մենք գործած գուլպաներ ու նամակներ էինք ստանում, մեզ պաշտպանող ու
մեզ հետ կռվող ժողովրդին էինք զգում մեր թիկունքին: Այդ կռվում միայն
զինվորները չհաղթեցին, հաղթեց նաեւ ժողովուրդը: Այսօր մենք պետք է ուշադիր
լինենք հաշմանդամ ազատամարտիկի, ծեր թոշակառուի ու մեր երեխաների
նկատմամբ, որպեսզի մեր վաղվա ապագան ապահով լինի»:
Սամվել Հովսեփյանը հզոր տնտեսությունը պայմանավորեց ամուր ու բարեկեցիկ
ընտանիքների գոյությամբ ու նաեւ ազատ ու արդար ընտրություններով: Նա
բնակիչներին հորդորեց չկաշառվել ու խղճով ընտրել ու վստահեցրեց, որ այդ
դեպքում կեղծիքները չեն կարող հաղթել արդար ընտրությանը:
Հանդիպման ժամանակ ՍամվելՀովսեփյանը ներկայացրեց, որ բոլորովին էլ
անձնական բարեկեցության համար չի առաջադրել իր թեկնածությունը եւ ոչ էլ
պաշտոնի է հավակնում: Նրա կարծիքով՝ հանրապետությունում ու մասնավորապես
Մալաթիա-Սեբաստիա համայնքում սոցիալական բեւեռացումը հասել է այնպիսի
չափերի, որ սպառնում է վերածվել աղետի:
«Երեւանի ոչ մի համայնք Մալաթիա-Սեբաստիայի նման տոնավաճառային ու
շուկայական այսպիսի մեծ տնտեսություն չունի,- նկատեց պարոն Հովսեփյանը:
-Ու տարօրինակ է, որ այստեղ գործազրկությունն այսքան մեծ է: Ես մտածել եմ,
որ կբանակցեմ շուկաների տերերի հետ, որ աշխատողների 80 տոկոսն անպայման
մեր համայնքից լինի: Իմ նախընտրական շտաբին կից ստեղծել եմ աշխատանքի
տեղավորման 5 գործակալություններ, որոնք պետք է աշխատեն գործազուրկների
հետ»:
Նա առանձնացրել էր ու համայնքի բնակչությանը ներկայացրեց համայնքի
ամենացավոտ խնդիրները եւ թաղապետ ընտրվելու դեպքում ինքն իր համար արդեն
այդ խնդիրները լուծելու ժամկետներ է նշանակել:
«Բակերի բարեկարգման խնդիրը պետք է լուծվի 3 տարվա ընթացքում, մեկուկես
տարվա ընթացքում՝ փողոցների լուսավորության հարցը, երկու ամիս հետո
աղբահանության խնդիր ընդհանրապես պետք է գոյություն չունենա, կանաչապատման
ու փողոցների բարեկարգման աշխատանքներն էլ` իրենց հերթին»,- խոստացավ նա:
Սամվել Հովսեփյանը հավատացնում է, որ այդ աշխատանքները կատարելու համար
միջոցներ կան, ուղղակի պետք է դրանք նպատակին ծառայեցնել: Նրա նախագծած
բյուջեն պետք է ունենա սոցիալական ուղղվածություն, եւ օգնության ու
աջակցության կարիք ունեցողները չպետք է մերժվածության զգացում ունենան:
Նրա կարծիքով՝ 2005-2008թթ. պետք է ապացուցել, որ Մալաթիա-Սեբաստիա
համայնքը ոչ միայն տոնավաճառների, այլեւ դպրոցների ու մանկապարտեզների,
մշակութային ու մարզական վայրերի համայնք է:
«Համայնքի բյուջեն գոյանում է բնակիչների միջոցներից եւ պետք է ծախսվի
բնակիչների խնդիրները լուծելու համար»,- կարդում ենք նրա նախընտրական
ծրագրում:
«Այս ամենի միակ երաշխավորը ազատ ու արդար ընտրություններն են»,- ավելացրեց Սամվել Հովսեփյանը:
Ա.Ա.
Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ խմբագրությունը ստացավ
ահազանգեր, որ 2 օր շարունակ անչափահաս մի քանի երեխաներ լծված են Սամվել
Հովսեփյանի նախընտրական պաստառները պատռելու գործին։ Երբ հաջողվել է նրանց
բռնել, նրանք բոլորը միաբերան պնդել են, որ այդ «աշխատանքն» իրենց
հանձնարարել են ավագանու անդամները։ Սա երկու բան կարող է նշանակել. կամ
Սամվել Հովսեփյանի դեմ պայքարողներն այլ քաղաքակիրթ միջոցներ չեն
կարողանում գտնել եւ «կախվում են փրփուրներից», կամ շարունակվում է
տարրական խուլիգանությունը։
R