Ծերացող գրականություն

09/07/2008

Երեկ Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում բացվել է Գրողների համահայկական 4-րդ համագումարը, որն այս տարի նաեւ ազդարարեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի մեկնարկը: Համագումարի մասնակիցների թվում են 15 երկրներից ժամանած 80 սփյուռքահայ գրողներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համագումարում ընթերցել է նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Ուղերձում նախագահը, մասնավորապես, ցանկություն է հայտնել, որ այս օրերին քննարկումները «չսահմանափակվեն զուտ գրական խնդիրներով, այլեւ հետապնդեն համահայկական միասնության ամրապնդման վեհ նպատակը, ինչպես նաեւ՝ նախանշեն դրան հասնելու որոշակի ուղիներ»: Նորաստեղծ Սփյուռքի կոմիտեի նորանշանակ ղեկավար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում անդրադարձել է նույն խնդրին` ասելով, թե «10 միլիոնանոց հայկական սփյուռքը այսուհետ դառնալու է հայաստանակենտրոն»: «Կարծում եմ, հայ ժողովրդի հիմնական գերխնդիրը պետք է լինի բիբլիական Արարատի փեշերին ամբողջ հայ ժողովրդին հավաքելը»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Հ. Հակոբյանը: Համագումարում ելույթ ունեցողներից շատերը մտահոգություն են հայտնել, որ սփյուռքահայ գրականությունը «ծերանում է», որ «տաղանդավոր երիտասարդները նախընտրում են գրել երկրորդ հայրենիքի լեզվով»: