«Մենք ընկճվելու իրավունք չունենք»,- ասում է երգիչ Արմեն Հովհաննիսյանը

09/07/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երգիչ Արմեն Հովհաննիսյանը, շուրջ 20 տարի է, ապրում է ԱՄՆ-ում: Հոր` ժողովրդական հանրահայտ երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի մահվանից հետո Արմենն ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ շարունակել է հոր գործը: Նա կատարում է հայկական ազգային երգեր: 20 տարվա բացակայությունից հետո Արմենը վերջերս Երեւանում էր, եւ այստեղ բարեգործական համերգ ունեցավ` լեփ-լեցուն դահլիճով: «Շատ լավ անցավ համերգը: Մեր երեւանցիները միշտ գնահատել են արվեստագետներին: Ես չէի պատկերացնում, որ մի օր ինձ բախտ կվիճակվի այս բեմից նայել հանդիսատեսին: Նրանք ինձ շատ լավ ընդունեցին, մենք սրտի կապով զրուցում էինք: «Շուշի» պարային խմբի երեխաներն էլ էին` Նյու Յորքից, որոնք էլ ինձ հրավիրել էին: Այնտեղ երեխաներ կան, որ հայերեն շատ դժվար են խոսում, բայց երբ պարում են, նայում ու հպարտանում ես, զգում ես նրանց մեջ հայկական ոգին»,- ասում է նա: Արմենն անսահման կարոտով է վերադարձել հայրենիք, ասում է` մի օր անպայման վերադառնալու է` մշտական բնակվելու այստեղ: ԱՄՆ-ում եւ Կանադայում բազմաթիվ համերգներ է ունեցել եւ հուսով է, որ շուտով Երեւանում էլ մենահամերգ կունենա:

– Կորցնելով հորս` այլեւս հույս չունեի, որ իմ մեջ կարող է ուժ գտնեմ ու երգեմ: Ինչ-որ բան կոտրվել էր իմ մեջ: Երկար ժամանակ չէի երգում, բայց ընկերս` Անդրանիկ Մուրադյանը, մեծ աշխատանք տարավ, որպեսզի դա անցնի, ու նրա մոտ ստացվեց: Ես միշտ տեսել եմ թե՛ հորս հարգանքը ժողովրդի նկատմամբ, թե՛ ժողովրդի հարգանքը հորս նկատմամբ: Ու դեռ փոքր տարիքից ասում էի` երբ մեծանամ, ես էլ եմ հորս նման երգելու: Կարծում եմ` իմ երազանքը կատարվել է, ինչքան ուժերս ներում են, անում եմ, կարողանում եմ մեր մեծերի` հորս, Հովհաննես Բադալյանի, Նորայր Մնացականյանի եւ այլոց գործը հնարավորինս առաջ տանել: ԱՄՆ-ի մեր երիտասարդները շատ հեռու էին մեր ժողովրդական երգ-երաժշտությունից, բայց երբ աշխատում ես, հրամցնում ես ազգայինը, զգում ու սիրում են այն:

– Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ ներքին արգելքը եւ նորից բեմ դուրս եկաք:

– Արդեն սկզբունքի խնդիր էր: Մեր ժողովրդական երգը դժվար է այնտեղ առաջ տանել: Բայց մենք գիտենք, որ ավելի ուժեղ ենք, ու մեզ ոչ ոք չի կարողացել կոտրել երբեք: Ես էլ գնացի քամուն հակառակ: Հիմա, սակայն, այդ քամին բավականին մեղմվել է, որովհետեւ ժողովուրդը տեսավ, որ կարող ենք դա անել, կա այդ ուժը: Արեցինք, ու փառք Աստծո, ստացվում է: Այստեղից, երբ «Ժողովրդական երգիչ» նախագծով եկան Լոս Անջելես, պարզապես հրաշք էր: Հակառակ ամեն ինչի` լեփ-լեցուն դահլիճ էր, երիտասարդները շատ բարձր մակարդակ ցույց տվեցին: Տեսնում ես, որ շարունակողը կա, սերմը կա, որը դեռ պետք է աճի ու պտուղը տա:

– Երբ նոր սկսում էիք երգել, դժվար չէ՞ր ամերիկահայերին դահլիճ բերելը, համոզելը, որ մեր ազգային երգերը լսեն:

– Չէ, մեր ժողովուրդը միշտ էլ լսել է, գիտի մեր ազգային երգերը: Միակ դժվարությունն այն էր, որ կարողանայինք այն տալ մեր ժողովրդին, հետո նոր միայն պահանջեինք: Եթե դու չես ներկայացնում, չես տալիս, մարդուց ինչպե՞ս կարող ես պահանջել: Հիմա, երբ նայում եմ հայկական հեռուստատեսությունների երաժշտական ծրագրերը, նկատում եմ, որ մեր երգը չկա, ամբողջը եվրոպական, ամերիկյան ոճի երգեր են, կապ չունեն մեզ հետ: Ժամանակին ունեցել ենք էստրադային երգիչ-երգչուհիներ, բայց հիմա նմանվում ենք ամերիկացիներին ու եվրոպացիներին:

– Շատ վատ էլ նմանակում են:

– Եթե նմանակում ես, ուրեմն արդեն վատ է: Դու պետք է քոնն ունենաս, քո սրտից բխածը: Լսում ես երգերը` միատոն, անհոգի, անսիրտ, միանման տառապում են, միանման սիրում ենգ Այդ երգերից տպավորություն է, որ երբեք երջանիկ սեր չի լինում, բոլորը բաժանվում են: Չեն գովում իրենց սերն, ինչպես Սայաթ-Նովան էր գովում:

– Այսօր շատ երիտասարդներ չգիտեն ձեր հոր` Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, քանի որ հիմնականում ազգային երգեր չեն լսում:

– Հայրս եղել է ժողովրդական երգ-երաժշտության անշահախնդիր զինվորներից մեկը, պաշտել է իր ժողովրդի երգերը, ջանք ու առողջություն չի խնայել, որպեսզի ներկայացնի դրանք: Արել է ոչ թե անուն ձեռք բերելու համար, այլ պարզապես արել է այն, ինչ պիտի աներ, որ այսօր մեր երիտասարդները լսեն, ունենան դա իրենց մեջ: Մեր մեծերը լավ հիմք են դրել: Նա արեց ամենալավը, ու ես էլ ուզում եմ շարունակել իր գործը, որպեսզի այն կիսատ չմնա: Երբ դուրս եմ գալիս բեմ` երգելու, ինքը ինձ հետ է լինում ու հաճախ իմ փոխարեն ինքն է երգում: Հավատացեք, դա այդպես է, ու դա ինձ շատ է ուրախացնում: Նա ապրում է ինձ հետ ու կապրի այնքան, որքան սիրտս աշխատում է: Ու նրա հանդիսատեսին նրա երգերը ես իմ ձեւով եմ ներկայացնում:

– Ձեր հայրիկի երգերի ձայնագրությունները CD-ի տեսքով չե՞ք պատրաստվում թողարկել:

– Իհարկե պատրաստվում եմ: Եվ ոչ միայն հորս երգերը: Ես պետք է աշխատեմ, որ ոչ միայն հորս, այլեւ բոլոր մեծերի` Նորայր Մնացականյանի, Հովհաննես Բադալյանի, մյուսների գործերը նույնպես ցույց տանք, չմոռանանք: Ես երբեք չեմ թողնի, որ մոռանան նրանց: Այդ ամենը նրանք շատ մեծ դժվարությամբ են արել, զրկանքներով, ես տեսել եմ դա: Սովետական Միության տարիներին, օրինակ, «Ղարաբաղ» երգը կատարելու համար բավականին պատմություններ եղան: Հիմա նման խնդիրներ չկան: Այս ազատությունն էլ պիտի օգտագործես` գործն իր նպատակին հասցնելու համար: Ու անցյալն էլ չպետք է մոռանաս, որովհետեւ անցյալից է կախված ապագան:

– Ձեր երեխաներն ԱՄՆ-ում են մեծացել: Այսօր նրանք որքանո՞վ են ծանոթ մեր ժողովրդական երգին:

– Երիտասարդներն ունեն մի տարիք, երբ չեն խորանում ժողովրդական երգերի մեջ: Պետք չէ դրանում երիտասարդին մեղադրել: Երիտասարդ ես, սիրահարվածգ մեր երիտասարդները հիմա շատ են գեղեցկացել, ու այդ գեղեցկությունն այլ երաժշտության միջոցով է արտահայտվում: Բայց կգա մի տարիք, որ նրանք կսկսեն հասկանալ Շերամ, Ջիվանի, Սայաթ-Նովա: Հասուն սիրո տարիքում հնչող հարցերի պատասխանն արդեն մեր ժողովրդական երգերի մեջ է: Մարդու հասունությունն է առաջացնում սերը դեպի ժողովրդականը:

– Այսօր ազգային երգը չի պրոպագանդվում, եւ թվում է, թե պարզապես դրա կարիքը չկա:

– Դրա կարիքն ունենք, համերգի ժամանակ դահլիճի լեփ-լեցուն լինելը հենց դա է փաստում: Ինչպե՞ս կարող են չսիրել մեր արմատներից եկած երգը: Եթե դու կարողանում ես ճիշտ մատուցել այն, ինչպե՞ս կարող են չսիրել: Պարզապես պետք է կարողանաս ճիշտ մատուցել: Ասում են` եթե ուզում ես վերացնել մի ժողովուրդ, առաջինը վերացրու նրա մշակույթը: Բայց բոլորս էլ չենք հանձնվելու, թող իմանան, որ մենք չենք հանձնվելու` որքան էլ դժվար լինի: Դրամը չի էականը: Ես, օրինակ, իմ արվեստը չեմ վաճառում, հարսանիքներում չեմ երգում, միայն բեմից` ժողովրդի առաջ եմ երգում: Նվեր եմ տալիս, շատ հաճախ` առանց փողի: Ինչպես իմ որդիներին եմ խնամում, այնպես էլ ժողովրդական երգն եմ սիրում-փայփայում, այդ երգն էլ է իմ զավակը:

– 20 տարի բացակայել եք Երեւանից: Հիմա, երբ այստեղ եք, ի՞նչ եք կարծում՝ մարդիկ շա՞տ են փոխվել:

– Իհարկե փոխվել են, ամեն ինչն է փոխվել, ավելի ժամանակակից է դարձել: Կարեւորն այն է, որ երկիրն առաջ է գնում ու դեռ առաջ կգնա: Հայ ազգը միշտ շինարար է եղել ու միշտ էլ կմնա, այսօր այս ամենը դրա վառ ապացույցն է: Երբ գնում ես Եռաբլուր, սիրտդ մղկտում է: Սակայն, մյուս կողմից, դրա հետ մեկտեղ՝ այստեղ ադրբեջանական երաժշտության հնչյուններ են լսվում: Դա անթույլատրելի է, սխալ է, ու դա մենք պետք է ուղղենք, ոչ մեկից չպիտի պահանջենք որեւէ բան: Այն տղան, որը գնաց զոհվեց, մեզ չհարցրեց` գնա՞, թե՞ չգնա: Մենք էլ չենք կարող ասել` ուղղե՞նք, թե՞ ոչ: Պարզապես պետք է ուղղենք այդ սխալը բոլորս միասին:

– Ինչպե՞ս ուղղենք, երբ այսօր, օրինակ, մեր երիտասարդներից շատերը մտածում են միայն իրենց մեքենաների մասին ու լսում են ռաբիս երաժշտություն` թուրքաադրբեջանական մուղամով:

– Մենք էլ ենք մեղավոր, որ դա է հիմա պոպուլյար: Մերը թաղված է, պահված է զնդանում: Բայց լույս կա, ուղղակի մի քիչ ժամանակ է պետք: Այդ ամենն անպայման փոխվելու է, այդպես չի մնալու: Ամեն ինչ փոխվելու է, պարզապես ժամանակից շուտ ոչինչ չի լինում: Բայց մենք էլ ոչ թե պիտի սպասենք, թե երբ է վերջանալու, այլ՝ ուղղակի պիտի օգնենք, որ դա շուտ լինի: Ես չեմ ընկճվում: Մեր երիտասարդների համար էլ կարող եմ ասել, որ տարիք է` կանցնի: Իսկ ավտոմեքենան, անկախ այն բանից, թե ինչ մակնիշի է, մարդուն ընդամենը Ա կետից Բ կետ տեղափոխելու համար է նախատեսված: Միեւնույն է` այդ տարածությունը պիտի անցնես, ի՞նչ տարբերություն` ի՞նչ մեքենայով կանցնես: Դա էլ վերջ կունենա, հիմա սերնդափոխություն է տեղի ունենում, երիտասարդներ ես տեսնում, որոնց վրայից շնորհքն ուղղակի թափվում է: Ամեն ինչ լավ է լինելու, ես համոզված եմ դրանում:

– Երանի բոլորը Ձեր լավատեսությունն ունենային:

– Հավատացեք, դա այդպես է: Եթե չհավատաս` կկոտրվես, կիսատ կմնա ամեն ինչ: Ամեն ինչի մեջ պիտի լավը տեսնես: Երբ առավոտյան աչքերդ բացում ես, ուրեմն Աստված քեզ նորից կյանք է տվել: Մենք դա չենք նկատում: Կյանքում չի կարող ամեն ինչ ճիշտ լինել: Պետք է նաեւ վատը լինի, որպեսզի լավը երեւա:

– Իսկ Երեւանի նորակառույց շենքերը, ընթացող շինարարությունը հավանեցի՞ք:

– Ինձ շատ դուր են գալիս: Մարդ կա, որին դուր չի գալիս, բայց իմ քաղաքի հետ կապված ամեն ինչ ինձ դուր է գալիս` միգուցե կարոտի՞ց է, կամ մեր քաղաքը շատ սիրելո՞ւց, չգիտեմ: Իհարկե, կան բաներ, որ ինձ դուր չեկան: Օրինակ, այն թաղամասում, որտեղ մեծացել եմ, մայթերին իրար հետեւից շարված խանութներ տեսա: Շատ բաներ կան, որ քաղաքի երեսին սպի են թողնում, բայց դա էլ մեր քաղաքը կտանի:

– Չե՞ք կարծում, որ Երեւանի կոլորիտը կորել է:

– Չի կորել, երեւանցու կոլորիտը չի կարող կորչել, դա անհնար է: Քանի կա մեր քաղաքը, ուրեմն՝ երեւանցիներ կան, ու հետեւաբար` կոլորիտն էլ կա: Կարող է` այդ կոլորիտը մի քիչ քնած լինի, բայց մի օր անպայման զարթնելու է:

Ես շատ եմ սիրում Երեւանը ու բոլորին երջանկություն եմ մաղթում: Ցանկանում եմ, որ ապրենք մեր քաղաքում ու, ինչքան հնարավոր է` կառուցենք այն: Ու մի ընկճվեք ոչնչից, մեր ընկճվելուց չար ուժերն ավելի են գազազում: Մենք պարզապես իրավունք չունենք ընկճվելու: