ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Իրանից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման եւս մեկ ուղի: ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն` երեկ Կապանում իրացնելով օպերատիվ տվյալները` թմրանյութի հերթական խմբաքանակի ստացման պահին ձերբակալվել է Երեւանի բնակիչ, հայտնի՝ որպես թմրավաճառ, Աշոտ Զիլֆուգարյանը, որի անձնական օգտագործման «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 1950գ ափիոն տեսակի թմրանյութ: Թմրանյութը, ըստ նախնական պայմանավորվածության, նույն օրը բեռնատար ավտոմեքենայի պահեստային անվադողի մեջ հարմարեցված գաղտնարանում Հայաստան էր տեղափոխել ԻԻՀ քաղաքացի Բասհեմիռ Մեհդի Կալամլահը` իր հերթական ուղերթի ժամանակ, «ԲԱՆԴՍԱՆ» մակնիշի բեռնատարով։ Վերջինս, նույնպես ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: