Երեկ Մատենադարանին հարող տարածքում կայացավ Համաժողովրդական շարժման հերթական հանրահավաքը, որին հաջորդել է երթ Երեւանի կենտրոնով: Ի դեպ, առաջին երթը՝ մարտի 1-ի իրադարձություններից հետո: Ինչպես եւ հունիսի 20-ի հանրահավաքից առաջ, երեկ մայրաքաղաքի կենտրոնը լցված էր ոստիկաններով, Ազատության հրապարակն ամբողջությամբ շղթայված էր վահաններով եւ սաղավարտներով «զինված» իրավապահներով, մինչեւ 19:15 փակված էր նաեւ դեպի Մատենադարան տանող ճանապարհը: Եվ կրկին ոստիկանների եւ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչների միջեւ կայացած բանակցություններից հետո քաղաքապետարանի կողմից «չարտոնված» հանրահավաքը մեկնարկեց: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով խոստացել էր մինչեւ երեկ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու դեպքում հանդես գալ երկխոսության կոնկրետ ծրագրով (այս ընթացքում, սակայն, որեւէ քաղբանտարկյալ ազատ չի արձակվել), իր ելույթում հայտարարեց, որ իշխանություններին ժամանակ է տալիս մինչեւ օգոստոսի 1-ը: Մինչ այդ, 28 օր շարունակ Հյուսիսային պողոտայում տեղի կունենա անժամկետ նստացույց: Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջեց անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ զբաղեցրած պաշտոններից ազատել մի քանի առանցքային բարձրաստիճան պաշտոնյաների: Այսպիսով, Համաժողովրդական շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա օգոստոսի 1-ին, որից հետո ընդդիմության գործողությունները պայմանավորված կլինեն նրանով, թե որքանով իշխանություններն այդ ժամկետում կկատարեն նշված պահանջները: