ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Անհնար է գերագնահատել Սահմանադրության ընդունման պատմական նշանակությունը. այն չափազանց կարեւոր էր մեր նորանկախ հանրապետության համար, որը հնարավորություն տվեց կայացնել պետականությունը եւ ամուր հիմքեր նախապատրաստել Հայաստանի պետական եւ իրավական նոր համակարգի կառուցման համար: Սահմանադրությունն ամրագրում է այն իրողությունը, որ Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է: Այս վեհ արժեքների որդեգրումը պարտավորեցնում է մեզ ամենօրյա հետեւողական աշխատանք տանել դրանք պահպանելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Մենք պետք է ապահովենք բոլորի հավասարությունն օրենքի առջեւ եւ հանդիսանանք սոցիալական արդարության երաշխավորը մեր երկրում, բարձրացնենք մեր քաղաքացիների իրավագիտակցությունը, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա պաշտպանել Սահմանադրության մեջ ամրագրված իր իրավունքներն ու օրինական շահերը»: