Եհովայի վկաները «քուանշ» են տալիս

31/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

«Դա պարզ երեւում է անգամ այն բանից, որ մեզ ծառայության բերեցին
զինվորական հավաքակայանից, իսկ եթե մենք զինվորական ծառայության հետ կապ
չպետք է ունենանք, ինչո՞ւ են մեզ այնտեղից տեղափոխում»,- իր կասկածներն է
հիմնավորում Եհովայի վկա 23-ամյա Հայկ Խաչատրյանը: «Բացի այդ,-
շարունակում է նա,- մենք ինֆորմացիա ունենք, որ մեր սնունդը ստանում ենք
Զոդի զինվորական ստորաբաժանումից, մեզ հսկում է Զինվորական
ոստիկանությունը, սպասարկում է Զինվորական հոսպիտալը. սրանք փաստեր են, որ
ապացուցում են մեր ծառայության զինվորական բնույթը»: Հայկի
հիմնավորումները գրեթե բառացիորեն պնդում են նրա մյուս հավատակից
եղբայրները: «Սկզբում մենք մտածում էինք, որ այլընտրանքային ծառայության
մասին օրենքը հում է, դեռ կմշակվի, բայց արդեն 5 ամիս է, մենք ծառայում
ենք, ու ոչ մի փոփոխություն չկա,- շարունակում է 24-ամյա Տիգրան
Աբրահամյանը՝ կրկին Եհովայի վկա,- մենք ակնկալում ենք, որ մեր
կառավարությունը ուշադրություն կդարձնի այս խնդրին, հակառակ դեպքում՝
գերադասում ենք կալանք կրել բանտում»:
Մայիսի 4-ին տղաները գրավոր դիմել են «Տուն-ինտերնատի» տնօրինությանը,
որից հետո նրանց այցելել են Զինվորական ոստիկանության ներկայացուցիչներ:
«Նրանք ասում էին, որ սա զուտ ձեւական հսկողություն է,- շարունակում է
Տիգրանը,- էդ դեպքում, եթե զուտ հսկողություն է պետության կողմից, թող այդ
հսկողությունն իրականացվի ՆԳՆ-ի կողմից, որպեսզի մեր կրոնական
սկզբունքներին եւ խղճին դեմ չլինի: Նրանց բոլոր պատճառաբանություններն այս
առումով անհիմն են, պնդում են, որ տարբերություն չկա՝ ՊՆ-ն կհսկի, թե
ՆԳՆ-ն, տարբերությունը ուսադիրների մեջ է միայն՝ պատերազմի ժամանակ բոլորն
են հավասար: Իսկ եթե մեզանից մեկնումեկը որեւէ խախտում անի, մեզ ո՞վ է
դատելու՝ Զինվորական ոստիկանությո՞ւնը, թե՞…»:
Տղաներն այժմ թեեւ հրաժարվել են իրենց ծառայությունից, սակայն չեն
հրաժարվել սննդից եւ այլեւայլ սպասարկումներից: Ասում են՝ «Եթե ինտերնատի
աշխատակիցները օգնության կարիք են ունենում, զուտ մարդկայնորեն օգնում
ենք»: Աշխատակիցներից մի քանիսը հակառակն էին պնդում: «Միայն Տիգրանն է
օգնում,- ասում էին,- մնացածը, ինչ ծառայությունից հրաժարվելու դիմում են
գրել, չեն օգնում»: Տղաներն, արդեն 15 օր է, փաստորեն, գործադուլ են
սկսել: Ամբողջ օրն ազատ են. «Հիմնականում Աստվածաշունչ ենք
ուսումնասիրում»: Ծառայությունից գրավոր հրաժարվելուց հետո ինտերնատի
տնօրինությունը վերադարձրել է նախապես հավաքած կրոնական գրականությունը:
Նաեւ թղթախաղով են զբաղվում՝ ժամանակը սպանելու համար: «Մենք հո ղումար
չե՞նք խաղում, ուղղակի զբաղվում ենք, մեր հավատքը չի արգելում»,- ասում
են: Զինվորական ոստիկանությունն արդեն բացատրագրեր է վերցրել նրանցից՝
գործին ընթացք տալու համար:
«Մենք տեղյակ ենք, որ Սեւանի եւ Կապանի հոգեբուժարաններում այլընտրանքային
ծառայությունն անցկացնող մեր հավատակից եղբայրներն էլ են հրաժարվել
ծառայությունից»,- ասացին տղաները, սակայն չմանրամասնեցին, թե ինչ
ճանապարհով են նման ինֆորմացիա ստանում: «Առայժմ սպասում ենք՝ մեզ երբ
այստեղից կտանեն… բանտ»,- ասում են: «Թեեւ մեր նպատակը դա չի, մենք
ուզում ենք, որ այլընտրանքային զինծառայության մասին օրենքը վերանայվի,-
ասում է Հայկը,- եւ որ հնարավորություն տային այս տարիների ընթացքում մեր
ժողովրդին ծառայել ըստ մեր մասնագիտության»: