28 օր՝ պահանջները կատարելու համար

06/07/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մինչ երեկ երեկոյան Մատենադարանի մոտ կսկսվեր Համաժողովրդական շարժման հանրահավաքը, առավոտից լուրեր էին տարածվում, որ մարզերից Երեւան եկող տրանսպորտը դարձյալ չի աշխատում, որպեսզի հանրահավաքի մասնակիցները չկարողանան հասնել մայրաքաղաք:

Այդ պատճառով մարզերից եկածների մեծ մասը Երեւան էր հասել ոտքով, մարդկանց մի մասն էլ հունիսի 20-ի հանրահավաքի փորձը նկատի ունենալով` եկել էր մեկ օր առաջ: Երեկվա հանրահավաքը եւս սկսվեց Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի եւ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի ու Ոստիկանության` Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի հետ բանակցություններից հետո միայն: Մատենադարանի հարթակում էին ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդները, իսկ քիչ անց եկավ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս անգամ եւս հանրահավաքը վարում էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Մոտ 2 ժամ տեւած հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ (Մաշտոց, Գր. Լուսավորիչ, Իտալիայի, Նալբանդյան եւ Թումանյան փողոցներով), որը եզրափակվեց Հյուսիսային պողոտայում: Այնտեղ, որտեղ, ինչպես հայտարարվեց հանրահավաքում, Համաժողովրդական շարժման մասնակիցները երեկվանից սկսած 28 օր շուրջօրյա նստացույց են անելու, մինչեւ հաջորդ` օգոստոսի 1-ի հանրահավաքը: Երեկվա գրեթե բոլոր ելույթներում խոսվում էր ԵԽ ԽՎ «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Ադրբեջանում» բանաձեւի այն դրույթի մասին, թե Ադրբեջանում մարդու իրավունքների մտահոգիչ վիճակը պայմանավորված է նրանով, որ խախտված է երկրի տարածքային ամբողջականությունը: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Համաժողովրդական շարժումը հուլիսին փոխելու է իր մարտավարությունը եւ աշխատելու է 2 ուղղությամբ` մարզերում կազմակերպելու է երթեր, ցույցեր, պիկետներ ու բողոքի այլ ակցիաներ եւ նախապատրաստվելու է օգոստոսի 1-ի հանրահավաքին, որի ժամանակ ամփոփելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեության 100 օրը: Այդ ընթացքում աշխատանք է տարվելու նաեւ համաժողովրդական շարժումը տեւական քաղաքական գործոնի վերածելու եւ Հայ ազգային կոնգրես ստեղծելու ուղղությամբ: Լ. Տեր-Պետրոսյանն առանձին անդրադարձավ այն քայլերին, որոնք, ենթադրաբար, պետք է մինչեւ օգոստոսի 1-ը կատարի Ս. Սարգսյանը: Նա առաջին հերթին պահանջեց անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, պատասխանատվության կանչել մարտի 1-ի ոճագործության մասնակիցներին ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտոններից ազատել Հովիկ Աբրահամյանին, Արմեն Գեւորգյանին, Գորիկ Հակոբյանին, Ալեքսան Հարությունյանին եւ Աղվան Հովսեփյանին, եւ դադարեցնել քաղաքական հետապնդումները: Նա նաեւ պահանջեց հարկային դաշտ բերել բոլոր խոշոր հարկատուներին, ապահովել ազատ մրցակցություն, երաշխավորել խոսքի ազատությունը եւ իրական քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ: Հակառակ դեպքում, ինչպես հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը, օգոստոսի 1-ին պահանջելու են Ս.Սարգսյանի հրաժարականը: «Եթե նա անի այդ քայլերը, ապա արտահերթ նախագահական ընտրություններում լուրջ մրցակից կարող է լինել ինձ համար: Իսկ եթե իր նպատակը ապօրինի իշխանություն հաստատելն է, ապա նա պետք է հրաժարվի կիսաքայլերից եւ օգտվի իր ուսուցիչներ Սադամ Հուսեյնից ու Մուգաբեից: Դատելով Ս.Սարգսյանի ներկա գործունեությունից` չունենալով հասարակական հենարան` նա ընտրում է երկրորդ ճանապարհը»,- ասաց Լ.Տեր-Պետրոսյանն` ավելացնելով, թե Ս.Սարգսյանը սխալ պատկերացում ունի 3 խնդիրների մասին: «Չունենալով հասարակական հենարան` հույսը դրել է ուժային կառույցների վրա, հույս ունի, որ ժողովուրդը կհոգնի եւ կցրվի տները, եւ երրորդը` չի գիտակցում, թե ինչ հասարակության հետ գործ ունի: Սերժի երկընտրանքը կամ հոգեկան տվայտանքը կարող է շատ ծանր նստել պետության վրա»,- ասաց նա:

Լ.Տեր-Պետրոսյանը շարժման անունից դիմեց նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին ու ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` հորդորելով տալ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի «անօրինական շրջաբերականի» իրավական գնահատականը:

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն իր ելույթում հայտարարեց, որ ՀՀ-ում սկսվում է ղարաբաղյան նոր շարժում, եւ, որ այդ շարժումն առաջին հերթին ուղղված է «ծագումով ղարաբաղցի» Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի դեմ: «ԵԽ ԽՎ-ի եւ ՄԱԿ-ի բանաձեւերից հետո մտավորականությունը պետք է իր քննադատությունն արտահայտեր, եւ եթե մենք մտավորականություն ունենայինք, նրանք պետք է ելույթ ունենային այսօրվա հանրահավաքում ու իշխանություններից պատասխան պահանջեին դրա համար: Բայց ո՞ւր է այսօր մտավորականությունը` չկա: Ոչ մեկը ծանոթ չէ այդ փաստաթղթերին, որովհետեւ նրանք զբաղված են, հերթ են կանգնած նախագահականի կամ այլ «սուրբ» դռների մոտ, որպեսզի պաշտոններ, մեդալներ, դրամաշնորհներ ստանան: Որեւէ Զորի Բալայան, Հենրիկ Իգիթյան, Արմեն Մազմանյան այսօր իշխանություններին չի ասում, թե ի՞նչ է կատարվում ԼՂ-ի շուրջ»,- ասաց նա: Իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանն իր ելույթում հայտարարեց, որ իր կուսակցությունը որոշում է ընդունել՝ աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում Երեւանի Արաբկիր համայնքում առաջադրել իր թեկնածությունը: Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց. «Միջազգային գործոն լինելու համար մենք ունենք մի ճանապարհ՝ մի քանի գլուխ բարձր լինել տարածաշրջանում մեր ժողովրդավարության մակարդակով: Իսկ դրա ճանապարհը արդար ընտրություններն են»: Լ. Զուրաբյանն էլ հայտարարեց, որ 28 օր շարունակ կայանալիք նստացույցերի արդյունքում անազատության մեջ գտնվող իրենց համախոհներն ազատ կարձակվեն: Նրա խոսքերով, ամռանը շարժումն իր պայքարը չի դադարեցնելու, եւ «առնվազն տգիտություն է պայքարը եղանակի հետ կապելը»: Իսկ Համաժողովրդական շարժման անդամ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ բանտերում կա 84 քաղբանտարկյալ, եւ ինքն ընկերոջ հետ միասին պատրաստ է փոխարինել բանտերում գտնվողներին:

Նշենք, որ երեկվա երթից հետո Հյուսիսային պողոտայում կազմակերպված նստացույցին մասնակցում էին շուրջ 100 հոգի, այդ թվում` մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ: