Երրորդ ուժի կողմնակից է

06/07/2008

«Հայաստանի ներքաղաքական կյանքում անհրաժեշտ է հրատապ ստեղծել երրորդ ուժ, որը չի մտածի երկիրն ապակայունացնելու մասին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը` հավելելով, թե երրորդ ուժը պետք է մտածի այն խնդիրների մասին, որոնք կանգնած են այսօր պետության առջեւ: Ըստ նրա` այն ուժերը, որոնք «քայքայում են երկիրը», իրենք համարում են ապազգային: Նրա դիտարկմամբ` ապազգային դիրքորոշում է այն, երբ Հայաստանում գտնվող մարդիկ կոչ են անում «ճնշումներ գործադրել երկրի վրա, պատժամիջոցներ կիրառել նրա դեմ»: «Հասկանալի չէ, թե ում է ձեռնտու երկրի ապակայունացումը, թուլացումը: Չպետք է թողնել` հասնի այն աստիճանի, որ արտաքին ագրեսիա դրսեւորվի Հայաստանի նկատմամբ»,- նշել է Հ. Բաբուխանյանը` ավելացնելով, թե իրեն հասկանալի չէ, երբ հանրահավաքների ժամանակ օտար երկրների դրոշներ են ծածանում, «այնպիսի երկրների, որոնք Հայաստանի Հանրապետության դաշնակից պետությունները չեն, որոնք կատարում են գործողություններ Հայաստանի դաշնակից պետությունների դեմ»: Ի դեպ, Հ. Բաբուխանյանն առաջարկում է ստեղծել արտաքին քարոզչության կենտրոն, որը կկոորդինացնի Հայաստանի քարոզչական ուժերը, միջոցները, ստեղծի հատուկ արտաքին լսարանի համար թերթեր, կայքեր, հեռուստաընկերություններ: Հ. Բաբուխանյանը տեղեկացրել է նաեւ, որ երրորդ ուժ ստեղծելու ուղղությամբ արդեն քննարկումներ են անցկացրել այլ կուսակցությունների հետ, եւ որոշակի քայլեր իրականացվում են: Հիշեցնենք, որ երրորդ ուժ դառնալու մտադրություն ունի նաեւ ՀՌԱԿ-ը, որտեղ ընդգրկվել են նաեւ Սամվել Բաբայանի «Դաշինքը», Ալբերտ Բազեյանի «Ազգային Վերածնունդը» եւ ՀԱԱԿ-ը` ի դեմս Էդվարդ Անտինյանի: