Հաջորդն ո՞ւմ գլորենք տարտարոս

06/07/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Անցնող շաբաթ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք, գուցե սուբյեկտիվ ընկալմամբ, պետք է դառնային հասարակական քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների թեմա: Սակայն մեր կյանքում հաջողություն են ունենում միայն ահավոր ձանձրացրած ասուլիսային քննարկումները, ուր քննարկման նյութը բացառապես Սերժ Սարգսյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործողությունների վերլուծությունն է: Իսկ միայն այս շաբաթվա ընթացքում Դավթաշենի կամրջից ցած նետվելու միջոցով սեփական կյանքին վերջ են տվել երկու տղամարդ: Մեկը` բավական երիտասարդ, մյուսը` միջին տարիքի: Ընդ որում, նրանց այդ քայլին, վստահ ենք, դրդել է ամենեւին էլ ոչ երիտասարդ սիրահար Վերթերի նախադեպը:

Ինչո՞ւ այդ մարդիկ չէին հավատացել կառավարության խոստացած բարեփոխումներին, չէին հավատացել Սերժ Սարգսյանին: Չէ՞ որ նա պարբերաբար հանդիպում է ամենակոռումպացված ոլորտի չինովնիկների հետ, նրանցից բարեկամաբար պահանջում է ակտիվացնել պայքարը կոռուպցիայի դեմ: Ինքնասպան եղած այդ մարդիկ չէին սպասել նաեւ հուլիսի 4-ի ընդդիմության հանրահավաքին. գուցե այնտեղ իշխանափոխության կոնկրետ ծրագրե՞ր էին ներկայացվելու: Կամ գուցե մեզնից որեւէ մեկը նրանց փողոցում հանդիպելիս բարեկամաբար կժպտար, ու նրանք կհասկանային, որ կյանքն այնքան էլ անհուսալի պատիժ չէ՞: Սակայն ՀՀ այդ երկու քաղաքացիներին ոչինչ չպահեց մեր հասարակությունում, եւ նրանք ցած նետվեցին կամրջից:

Գուցե մազոխիզմ է նրանց մահվան մեջ փնտրել մեղքի մեր բաժինը: Սակայն այդ բաժինը կա, եթե փորձենք գոնե ինքներս մեզ հարցնել` ինչո՞ւ են այդ մարդիկ իրենց կյանքին վերջ տվել ոչ թե սեփական տանը, իրենց սենյակում (եթե այդպիսին ունեին), այլ օրը ցերեկով իրենց վայր են նետել կամրջից: Սա ինքնասպանության այն դեպքն է, երբ հեռուստատեսությունն արագ արձագանքում է, երբ այդ մասին իմանում է ողջ քաղաքը: Այլ կերպ ասած, կամրջից ցած նետվելուց առաջ այդ մարդիկ, երբ ոտքով կամ երթուղայինով (վստահ` ոչ սեփական մեքենայով կամ տաքսիով) կամրջի ճամփան էին բռնել, մտքում հաստատ մտածում էին նաեւ հետմահու այն կարճ, շա՛տ կարճ ու խիստ ժամանակավոր ուշադրության մասին, որին կարժանանան: Սակայն մեր հասարակության մասին նրանց կարծիքը չափազանց դրական էր: Ինքնասպանների հանդեպ ուշադրությունը սահմանափակվեց հետաքրքրասեր օպերատորի տեսախցիկի արձանագրած կադրերով: Հեռուստադիտողն անառողջ հետաքրքրությամբ փորձեց տեսնել ինքնասպանի դեմքը` որքան եւ ինչպես է այն վնասվել: Դա տեսնել հնարավոր չէր, իսկ ինքնասպանության հանգամանքներն էլ, եթե այդ քայլին անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Սերժ Սարգսյանը չեն դրդել, հասարակությանն արդեն հետաքրքիր չեն: Իսկ այդ միամիտ ու տարաբախտ մարդիկ գուցե այդ ճակատագրական քայլն արել էին հենց միայն մեր ուշադրությանն արժանանալու համար: Այսինքն, այդ մարդիկ ունեցել են հասարակությա՛ն ուշադրության կարիքը, իրենց մահվամբ ցանկացել են արժանանալ ոչ միայն սեփական հարազատների վշտին ու կարեկցանքին, այլ՝ անհամեմատ մեծ թվով մարդկանց: Հակառակ դեպքում, կրկնենք, նրանք չէին ընտրի կյանքին հրաժեշտ տալու այդ ցուցադրական միջոցը:

Որքան ենք սիրում ուրիշի դժբախտությանը, ուրիշին պատահած ողբերգությանը տեղյակ լինել ամենայն մանրամասնությամբ: Միայն ցանկալի դետալները ճշտելուց հետո է կարեկցելը, ցավակցելը դառնում անկեղծ ու նույնիսկ հաճելի: Հակառակ դեպքում, երբ հիվանդը կամ մեռնողը չունի անձամբ քո՛ խղճահարության, կարեկցանքի կարիքը, նրա ողբերգությունն արդեն հետաքրքիր չէ: Եվ անգամ ողբերգություն էլ չէ:

Բոլորս պահանջում ենք բացահայտել մարտի մեկի իրադարձությունների զոհերի մահվան հանգամանքները: Բոլորինը` մեկ առ մեկ: Հասկանալի է, այդպես էլ պետք է լինի: Սակայն, համաձայնեք, որ հանցագործության բացահայտում պահանջելը դժվար չէ, հատկապես որ թե՛ հանցագործը, թե՛ զոհը քեզ անծանոթ մարդիկ են: Նախ` պահանջելը ֆիզիկական կամ մտավոր մեծ ճիգեր չի ենթադրում: Դա յուրաքանչյուրիցս պարզապես պահանջում է հրապարակային միջոցառումների ժամանակ հնարավորինս մտախոհ հայացք ընդունել եւ հանդես գալ արդար դատուդատաստանի պահանջատիրությամբ: Միջոցառումից հետո վատնված էներգիան արագ փոխհատուցվում է:

Սակայն որքա՜ն կեղծիք կա յուրաքանչյուրիս էմոցիաներում, անգամ, երբ մենք արդարություն ենք պահանջում: Եթե մեզ համար իրո՛ք էական է կյանքից անժամանակ հեռացած կամ ոչ սեփական մահով մահացած մարդու ճակատագիրը, ապա մենք այսքան անտարբերությամբ չէինք արձագանքի ինքնասպանության այս եւ ոչ միայն այս դեպքերին:

Ինքնասպանների մահվան պատճառները բացահայտել ոչ մեկս չենք պահանջում, քանի որ նման ավանդույթ մեր հասարակությունում չկա. մեռնողի, հիվանդի, ինքնասպանություն կատարածի պրոբլեմը նրա հարազատներինն է, ու վերջ:

Հետեւաբար, քննարկել` ուժե՞ղ են ինքնասպանություն կատարած մարդիկ, թե՞ թույլ, վատ տոնի նշան է: Այն իմաստով, որ մեր հասարակությունը չի վաստակել նման ոլորտի խնդիրները քննարկելու իրավունքը, քանի որ մենք, խոշոր հաշվով, ցածր գիտակցություն ունեցող եւ քաղքենի հասարակություն ենք: Մենք ո՞ղջ ենք, առո՞ղջ, ֆինանսական խնդիր չունե՞նք, յուրաքանչյուր փողկապին հարմար վերնաշապիկ ունե՞նք, օվկիանոսային մթերքից պատրաստված սալաթները նախընտրում ենք կաղամբով սալաթի՞ց: Ինքնասպան եղած այդ երկուսն այսքան ընտրություն չունեին: Նրանք ունեին միայն մեկ ընտրություն` ապրել կամ մեռնել, եւ ստիպված էին ընտրություն անել իրենց ընձեռված այս երկու հնարավորություններից մեկի օգտին: Ընտրելով մահը` այս տարաբախտ մարդիկ կարծել են, թե այդպիսով փրկվում են կյանքից: Սակայն կյանքին ինքնասպանության միջոցով հրաժեշտ տվածների համար փրկություն, ցավոք, չկա նաեւ հանդերձյալ կյանքում: Ըստ Դանթեի` նրանց սպասում է դժոխքի վերջին` իններորդ պարույրը: Սուրբ գիրքն էլ է ինքնասպանությունը համարում ամենամեծը մեղքերից:

Իսկ մենք, որ կարծես ինքնասպան չենք եղել, դեռ ունենք հնարավորություն չհայտնվել իններորդ պարույրում: Այդ հնարավորությունն արդեն մեծ շռայլություն է մեզ համար: Հատկապես` եթե չենք գիտակցում դրանից օգտվելու արժեքը: