«2005 թվականի Սահմանադրական բարեփոխումները մեկ քայլ նահանջ էին, քանի որ, եթե մինչ այդ ընտրությունները կատարվում էին 4 տարին մեկ անգամ, ապա բարեփոխումից հետո այն դարձավ 5 տարին մեկ, որը ժողովրդավարությունը կրճատում է 1/4-ով»,- երեկ հրավիրված ասուլիսում՝ հիշելով իր սիրած՝ «սահմանադրական» թեման, հայտարարեց ԱԻՄ նախագահ Պ. Հայրիկյանը:
Իսկ Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու լավագույն մոդելը Պ. Հայրիկյանը համարում է «ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի» ձեւափոխումը, որտեղ լսելի կլինեն «բոլորի ձայները»: «Կա կարճ ճանապարհ ժողովրդավարության հասնելու. խորհրդարան չանցած մարդիկ պետք է իրենց ձայները փոխանցեն անցածներին, ովքեր էլ կքվեարկեն այնքան ձայնով, որքան որ ստացել են»,- իր «հայտնագործած» մոդելն այսպես է ներկայացնում ԱԻՄ նախագահը: Խորհրդարանական այս մոդելը նա համարում է «աստվածահաճո», քանի որ ելակետը մարդն է՝ անհատն՝ իր իրավունքներով: Առերեւույթ հասարակ թվացող այս խնդիրը, ըստ Պ. Հայրիկյանի, իր էությամբ հակասում է քաղաքական աշխարհի մտածելակերպին: Նա կարծում է, որ քաղաքական գործիչները պետք է առաջնորդվեն մարդու իրավունքներով, ոչ թե «կառավարելիության կատարելության» հարցերով, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները: Պարզվում է` Պ. Հայրիկյանն այսօր կառավարության գործունեության մեջ նկատում է իր այս ծրագրին «ընդառաջ» գնալու ցանկություն, սակայն զուգահեռաբար՝ նկատվում է նաեւ «հայկական ավանդական դանդաղկոտությունը» որեւէ բարեփոխման նկատմամբ: Ըստ Պ. Հայրիկյանի, Սահմանադրությունն արտահայտում է այն, թե ինչպես է ժողովուրդը կառավարում երկիրը, սակայն Ազգային ժողովի ձեւավորման կարգը Սահմանադրությունում ամրագրված չէ, այդ իսկ պատճառով 98-ի սահմանադրական բարեփոխումների նպատակն էր՝ ԱԺ ընտրությունների կարգի սահմանադրական ամրագրումը, որն ընտրությունները զերծ կպահեր իշխանությունների «քմահաճույքներից»: «Սահմանադրության համար մենք անկախ Հայաստանում կռվել, ցույցեր ենք արել, որպեսզի կարողանանք Սահմանադրությունն ընդունել սահմանադիր ժողովի միջոցով»,- ասաց Պ. Հայրիկյանը, ըստ որի՝ «Սահմանադրություն ընդունվեց այն ժամանակվա իշխանությունների քմահաճույքին համաձայն»: Հայրիկյանը նշում է, որ Սահմանադրությունը օրենքի իշխանության գլխավոր վկայականն է, եւ հարցնում՝ «Սակայն արդյո՞ք մեր երկիրն օրենքի երկիր է»: Ըստ նրա, ամենեւին պատահական չէ այն, որ մի քանի տարի առաջ շատերը չգիտեին Սահմանադրության գոյության մասին: Իսկ խոսելով Սահմանադրության թերությունների մասին՝ նա նշեց, որ չնայած Սահմանադրությունը ամբողջությամբ չի համապատասխանում իր պատկերացումներին, սակայն վերջին ճգնաժամային իրադրությունների ժամանակ այն դարձավ հասարակության միակ հենակետը: Նա նշեց նաեւ, որ երբեք չի խոսում եվրոպական կառույցների դիրքորոշման մասին, քանի որ մենք ունենք Սահմանադրություն) համաձայն որի՝ չի կարելի արգելել խաղաղ երթերն ու ցույցերը: «Սակայն մեր Սահմանադրության մեջ մի անհեթեթություն կա, որն է՝ «ՀՀ նախագահը սահմանադրական իրավունքների երաշխավորն է», եւ, եթե հիշում եք, 98-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ինչ-ինչ ուժերի ճնշման պատճառով տալիս է հրաժարական: Հետեւաբար, եթե նախագահը չի կարող իր անձի երաշխավորը լինել, էլ ուր մնաց՝ ժողովրդինը»,- ասում է Պ. Հայրիկյանն, ով սահմանադրական իրավունքի երաշխավորն է համարում Սահմանադրական դատարանը: Վերջինս անցած տասը տարիների ընթացքում, ըստ Հարիկյանի, փորձում է անկախանալ եւ «պալատական դատարանից» դառնալ «սահմանադրական դատարան», սակայն շարունակում է մնալ «ինքնակաղապարված»:
Իսկ լրագրողներից մեկ այն հարցին, թե մերժելով ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի աշխատանքներին մասնակցելու առաջարկը, ինքը «ջուր է լցնում ընդդիմության ջրաղացին», Պ. Հայրիկյանը պատասխանեց. «Ինձ առաջարկեցին լինել Հանրային խորհրդի անդամ, սակայն ես չընդունեցի, քանի որ, եթե կա մեկը, ով ինձ նման կամ ինձանից լավ կանի այդ գործը՝ թող նա անի: Խորհուրդն իշխանության երեք ճյուղերի մեջ չի մտնում եւ չի կատարում վճռորոշ դեր, այն ունի բարոյաքաղաքական դեր: Ես կառավարության հետ իմ հանդիպումներով եւ հեռախոսազրույցներով կատարում եմ գրեթե նույն գործունեությունը»: