Օրենքն ու խաղի կանոնները

06/07/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Վա՜յ այն երկրին, որտեղ քաղաքացիներին ու գործերը կառավարում են ոչ թե օրենքները, այլ ենթակաները, պետերը եւ դատարանները։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում է բարձրագույն աստիճանի իմաստուն, եւ դրանից էլ «յոթ դայակների մանուկը մնում է առանց աչքի»։

Կուտուզովի այս խոսքերի տակ ամենայն պատասխանատվությամբ կստորագրեի նաեւ ես՝ նկատի ունենալով մեր իրականությունում տիրող այսօրվա բարքերը, եւ ինձ հետ՝ գուցե ցանկացած քաղաքացի, ով ենթարկվում է ոչ թե օրենքի, այլ խաղի կանոնների իշխանությանը։ Երկրի նախագահից սկսած՝ մինչեւ վերջին չինովնիկ ու իրավաբան, օրենքի ու օրինականության փոխարեն, օգտագործում է «խաղի կանոններ» արտահայտությունը, եւ սա պատահական կամ անգիտակցական երեւույթ չէ։ Իրականում իշխանությունը ոչ թե օրենքի ձեռքն է, այլ՝ հենց ենթակաների, պետերի ու դատարանների, իսկ սրանց հարաբերությունները միմյանց հանդեպ խաղային որոշակի դաշտում են։ Խաղը ենթադրում է թիմ, իսկ թիմը, բնականաբար, առաձգական չէ. այն սահմանափակ է՝ ըստ խաղի բնույթի կամ կանոնների, այսինքն՝ թիմում ավելորդ կամ խանգարող անդամ չի լինում եւ չի կարող լինել, իսկ թիմի անդամներ կարող են լինել նրանք, ում վստահում են թիմակիցները (այսինքն՝ այնտեղ բոլորը «մերոնք» են), ուստի, որպեսզի թիմը չբարոյալքվի կամ չփոխի անդամներին, հարկ է պահպանել խաղի կանոնները, հակառակ դեպքում անհնազանդ անդամը կարող է զրկվել խաղին մասնակցելու իրավունքից, հետեւաբար եւ՝ հաղթության պտուղներից, ինչի մասին ենթականերին անընդհատ հիշեցնում են պետերը (կամ խաղավարները): Սա նաեւ հիշեցում է հանդիսատեսին, որ նա վստահ լինի, թե խաղացողներն անկեղծ են խաղում։ Բնական է, որ խաղն ունենում է եւ հանդիսատես, այսինքն՝ թիմերի երկրպագուներ: Տվյալ դեպքում, կարծում եմ, բոլորին էլ հասկանալի է, որ հանդիսատեսը ժողովուրդն է, իսկ ի՞նչ է, ըստ էության, հանդիսատեսը. նա, ով վճարում է միայն նրա համար, որ ականատես լինի թիմերի խաղին: Այսինքն՝ նրանք, ովքեր խաղում ու հաճույք են ստանում եւ օգտվում նաեւ հաղթության պտուղներից, չեն վճարում իրենց խաղի համար, այլ վճարում է նա, ով սոսկ դիտում է խաղը։

Երբ իշխանական օղակներում (նաեւ՝ ընդդիմության ճամբարում) խոսում են խաղի կանոններից, պարզ է, որ նրանք բացառում են ժողովրդի մասնակցությունը խաղին՝ նրան վերապահելով սոսկ հանդիսատեսի դեր, իսկ հանդիսատեսը, թեկուզ քաղաքավարության համար, սովորություն ունի ծափահարելու այն թիմին, որի երկրպագուն է։

Խաղում, ի թիվս կանոնների ու նաեւ՝ կանոնների մեջ, մտնում են խարդավանքն ու խարդախությունը՝ հօգուտ սեփական թիմի (այն չափով, որ հակառակորդ թիմը կամ նրա երկրպագուն դա չնկատի), իսկ կանոններով հաղթական խաղից հետո կամ դրա ընդմեջին կարելի է կիրառել եւ առանց կանոնների մարտեր (ինչպես որ եղավ մարտի 1-ին), ինչը սպառնում է վերածվել սովորության ու սահմանել սեփական կանոնները։

Աստվածաշնչի ու Սահմանադրության վրա ձեռքը դնելով երդվելն էլ մտնում է խաղի կանոնների մեջ, այսինքն թե՝ երդվողը հաղորդվելով այդ արժեքներին՝ պարտավոր է հետեւել այդ արժեքների պատվիրաններին: Սակայն իրականում սա նույնպես հանդիսատեսի վստահության երաշխիքն է ենթադրում նրա համար, ով թելադրում է խաղի կանոնները, այլ կերպ ու դարձյալ. «Մենք խաղում ենք, եւ ժողովուրդը (հանդիսատեսը) պետք է հավատա, որ մենք անկեղծ ենք խաղում» (իսկ Ֆրանսիայում այս արարողակարգը չկա, քանի որ սույն արժեքների պահպանումն ու դրանց ենթարկվելն ընտրյալ նախագահի բնական գործընթացն է: Ուրիշ էլ ինչի՞ համար է նախագահ ընտրվում, եթե երկրում գործում են օրենքները եւ ոչ՝ խաղի կանոնները)։ Իսկ երբ գործում են օրենքները, բոլորը՝ նախագահից մինչեւ վերջին ծառայող, ու ժողովուրդն էլ՝ ներառյալ, օրենքի դաշտում են եւ օժտված հավասար իրավունքներով ու պարտավորություններով: Այսինքն՝ օրենքը հաղթաթուղթ չէ խաղացողի ձեռքին: Օրենքի առջեւ, ինչպես մահվան, խտրականություն չկա: Սա այն իշխանությունն է, որ մարդկանց հավասարության դաշտ է բերում նաեւ կյանքում։ Թե մեր խոսքն ինչ արտահայտություններով է կառուցվում, այդպիսին էլ դառնում է մեր կյանքը: Ինքներս ենք որոշում՝ ապրելու համար ընտրում ենք խաղադաշտը, ուր մի քանիսը խաղացող են, մնացածը՝ հանդիսատես, թե ապրում ենք միմյանց հետ սիրով ու համերաշխությամբ, ենթարկվելով ոչ թե խաղի կանոններին, այլ մեր իսկ ստեղծած այն արժեքին, որի առջեւ հավասար ենք բոլորս, որը ոչ թե բաժանում, այլ միավորում է մարդկանց։ Եվ չմոռանանք, որ խաղի ողջ համայնապատկերը տեսնում է միայն նա, ով ո՛չ խաղում է, ո՛չ երկրպագում։