ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նորանշանակ նախագահ Ժոաո Սուարեսը պատրաստ է ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ ԼՂ հակամարտությունը լուծելու ուղղությամբ: «Մենք փորձում ենք լուծել այդ խնդիրն ընդհանուր ջանքերով, եւ ես պետք է ասեմ, որ դա նաեւ իմ իշխանության ներքո է: Ես կփորձեմ անել հնարավոր ամեն ինչ եւ օգտագործել բոլոր ռեսուրսները՝ խնդրի լուծման ուղիների որոնման համար»,- հայտարարել է նա Աստանայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ 17-րդ նստաշրջանի ժամանակ։ «Ինձ դուր եկավ, երբ երեկ ԵԱՀԿ նախագահն ասաց, որ Կազմակերպությունը պետք է ոչ միայն կառավարի հակամարտությունները, այլ նաեւ լուծի դրանք: Ես պաշտպանում եմ այդ մոտեցումը»,- նշել է Սուարեսը: «Ես ցանկանում եմ նշել, որ չեմ կարող հրաշք գործել, սակայն մեր ձեռքից եկածը կանենք»,- հավելել է նա: