2008թ. մարտի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական նամակ է ուղղել ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին: Նամակում մասնավորապես նշված է, որ ս/թ մարտի 1-ին ստացված ահազանգի հիման վրա Արմեն Հարությունյանն այցելել է ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին` հայտնված տեղեկությունների իրականությանը համապատասխանելու փաստը ստուգելու նպատակով, սակայն նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Աբրահամյանը խոչընդոտել է Պաշտպանին՝ մտնել Ոստիկանության բաժին, հրաժարվել որեւէ տեղեկություն հայտնելուց, ինչպես նաեւ՝ դրսեւորել անհարգալից վերաբերմունք` Արմեն Հարությունյանի, որպես Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ` կոպտորեն խախտելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում նաեւ՝ 12 հոդվածի 5-րդ մասի պահանջները, համաձայն որոնց՝ «Իր լիազորությունների շրջանակում Պաշտպանն օգտվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հարկադրական պահման վայրերի վարչակազմի մոտ անհետաձգելի ընդունելության իրավունքից»: Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` Արմեն Հարությունյանն առաջարկել էր Ոստիկանության պետին՝ անցկացնել ծառայողական քննություն եւ համապատասխան տույժի ենթարկել Ոստիկանության նշված աշխատակցին, ինչպես նաեւ՝ միջոցներ ձեռնարկել հետագայում նման օրինախախտումներից զերծ մնալու համար: Ի պատասխան Արմեն Հարությունյանի նամակին` ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը 09.06.08թ.հայտնել է, որ ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին. 01.03.2008թ Ձեր այցի կապակցությամբ կատարված ստուգման արդյունքները դարձվել են քննարկման առարկա «ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում եւ ենթակա ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը հրավիրել Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերող օրենսդրության պահանջները լիարժեք կատարելուն»: Այնուհետեւ 20.06.08թ. գրությամբ Ն. Նազարյանը հայտնել է, որ քննարկման արդյունքներով՝ Պաշտպանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար Ա. Աբրահամյանը խիստ նախազգուշացվել է: Այս մասին երեկ հաղորդագրություն է տարածել ՄԻ պաշտպանի գրասենյակի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: