Բացվել է «Կնոջ աշխարհը» ցուցահանդեսը

06/07/2008

ՀՀ Նկարիչների միությունում երեկ բացվել է «Կնոջ աշխարհը» 7-րդ միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Աննա Հակոբյանի խոսքով, ցուցահանդեսի ուղղությունն այս տարի մի փոքր փոխվել է. առավել մեծ ուշադրություն է դարձվել կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունների ներկայացման վրա: «Ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել այն ամենը, ինչ թեթեւացնում եւ բարելավում է կնոջ կենցաղը»,- ասաց նա:

Նախորդ տարիների համեմատ ավելացել է նաեւ մասնակից ընկերությունների թիվը` անցնելով 30-ից: Տեղական կազմակերպություններից մասնակցում են «Բիոքիմիա» եւ «ԻՆՍԻ» ընկերությունները: Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են` պարֆյումերիա, կոսմետիկ ու բուժիչ միջոցներ, մարմնի, մազերի խնամքի միջոցներ ու պարագաներ, գեղեցկության սրահների, պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժության կենտրոնների ծառայություններ, զարդեր, նորաձեւ աքսեսուարներ, հագուստ, երեխաների եւ մայրերի համար անհրաժեշտ պարագաներ եւ այլն: Կենտրոնի տնօրենի տեղեկացմամբ, երեք օրերի ընթացքում մասնակիցների կողմից կանցկացվեն նաեւ վարպետաց դասեր այցելուների համար: