Այս շաբաթ կարեւորագույն իրադարձությունը հարկավ Հայ-ռուսական
միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստն էր։ Այն
իններորդն էր։ Ինչից կարելի էր ենթադրել, որ հայ եւ ռուս որոշ
պատգամավորներ պարբերաբար հավաքվելու եւ ինչ-ինչ հարցեր քննարկելու
սովորություն ունեն։ Այդ քննարկումներից հետո համատեղ ասուլիս
կազմակերպելու գեղեցիկ ավանդույթ էլ կա։ Հանձնաժողովի համանախագահներ
Վահան Հովհաննիսյանի եւ Նիկոլայ Ռիժկովի խոսքերից պարզ դարձավ, որ
հայ-ռուսական հարաբերություններն այսօր առանձնապես փայլուն չեն։
Նիստից առաջ
Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերն արժեքավոր են նրանով, որ դրանց,
պետական գործիչներից զատ, գործարարներ են մասնակցում։ Այսինքն՝ դրանք
պատգամավորական խոսքուզրույցի մակարդակից տեղափոխվում են գործարար
հարթություն։ Մեր երկրների տնտեսական հարաբերություններում լուսավոր (կամ
հուսադրող) քիչ բան կա։ Արտաքին տնտեսական կապերում Ռուսաստանը մի ժամանակ
Հայաստանի առաջին գործընկերն էր։ 90-ականների վերջից ՌԴ-ն պարբերաբար
զիջում է առաջատարի դերը։ Օրինակ՝ 2000-ին ՌԴ-ն Հայաստանի հիմնական
գործընկեր երկրների ցուցակում 2-րդն էր, 2001-ին՝ առաջինը, 2002-ին՝ արդեն
3-րդը, 2003-ին՝ նույնպես։ Հայ-ռուսական հարաբերությունների համար 2004-ը
մղձավանջային էր։ Հիշեք. սա այն տարին էր, երբ արդեն կնքվել էր «Գույք՝
պարտքի դիմաց» հանրահայտ պայմանագիրը։ Տնտեսական հարաբերություններում,
սպասումներին հակառակ, անկում արձանագրվեց։ Հակառակ հայկական
սպասումներին։ Ռուսաստանից ներմուծումները կրճատվեցին 7,5%-ով, իսկ
Հայաստանից արտահանումները՝ 17%-ից ավելի։ Մեր երկրների միջեւ
ապրանքաշրջանառությունը համեստ ծավալներ ունի։ Անգամ Հայաստանի
տնտեսության մասշտաբների համար։ Ապրանքաշրջանառություն ասվածն ընդամենը
391 մլն դոլարի մասին է։ Ակնհայտ է, որ ռուս գործարարների համար մեր
երկիրը հրապուրիչ չէ։ Սա հաշվի առնելով՝ Հայաստանը «Գույք՝ պարտքի դիմաց»
ծրագրով փորձեց հրապուրել ռուսական պետական ձեռնարկություններին։ Հայկական
կողմը կաշվից դուրս գալով ձեռնարկում է հնարավոր միջոցները։ Ռուսներին
փոխանցված գործարաններին տրված են հարկային հնարավոր բոլոր
արտոնությունները։ Բայց «Մարսը», «Մերգելյանը» եւ մյուս
ձեռնարկությունները ոչ մի կերպ չեն ընդլայնում իրենց գործունեությունը։
Քաղաքական գործիչները (հիմնականում մերոնց մասին է խոսքը) ամեն առիթով
սիրում են ասել, որ մեր երկրների տնտեսական հարաբերություններն անհրաժեշտ
է դիտարկել ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական տեսանկյունից։ Ամեն անգամ
ռուս չինովնիկներին ու գործարարներին մերոնք փորձում են բացատրել
Ռուսաստանի ռազմավարական շահերը մեր տարածաշրջանում։ Տնտեսական իմաստով
այս անհեռանկար գործը կրկնվում է հնարավոր բոլոր առիթներով։
Նիստից հետո
Հովհաննիսյան-Ռիժկով ասուլիսից պարզվեց, որ երկկողմ բանակցություններն
ընթացել են փոխադարձ մեղադրանքներով։ Վահան Հովհաննիսյանի խոսքից կարելի
էր ենթադրել, որ մերոնք «Գույք՝ պարտքի դիմացը» ձեռնարկել են՝ ահագին բան
չիմանալով։ Օրինակ՝ չեն իմացել, որ ՌԴ օրենսդրության համաձայն՝ իրենց
կառավարությունը չի կարող պետպատվեր իջեցնել ՌԴ-ից դուրս գտնվող
գործարաններին։ Հայ քաղաքական գործիչների համար սա նորություն էր։ Նրանք,
պարզվում է, չէին էլ կարող ենթադրել, որ լուրջ պետություններում պետական
փողերն ուղղվում են սեփական տնտեսություն։ Մի քիչ անհասկանալի է, որ մեր
քաղաքական գործիչները գլխի չեն ընկել, որ այդ սահմանափակումները
«վերաբերում են հատկապես ռազմական արդյունաբերությանը»։ Մեր գործիչների
մտքով չի էլ անցել, որ համակարգիչներ չարտադրող խոշոր երկրների բանակների
գլխավոր շտաբներում «Macintosh» կամ «IBM» չի տեղադրված։ Ֆրանսիան կամ
նույն Ռուսաստանը պետական կարեւորագույն հիմնարկներում օգտագործում են
սեփական արտադրության համակարգիչներ։
Այս ամենը չիմանալով՝ մերոնք հույս ունեին, որ «Մարս» գործարանը կինտեգրվի
ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի մեջ, բայց Ռուսաստանին փոխանցված այս
գործարանի հարեւանությամբ գործում է «Ֆարմատեկ» անգլիական
ձեռնարկությունը։ Ռուսական ռազմական գործարանը անգլիական ձեռնարկության
հարեւանությամբ պատկերացնել կարող են միայն երգիծաբանները։ Կամ էլ՝ մեր
չինովնիկները։ Նիկոլայ Ռիժկովը հայտնի է նաեւ նրանով, որ շատ նուրբ,
համարյա քնքուշ ոճով է խոսում Հայաստանի թերությունների մասին։ Մեր
կոմպլեմենտար քաղաքականությունից ռուսական իշխանությունների դժգոհությունը
նա այսպես ձեւակերպեց. «Այդ հարեւանությունը մեզ խիստ անհանգստացնում է,
եւ մենք պատրաստ չենք գաղտնի նշանակության ապրանք արտադրել նման
հարեւանությամբ»։
Մշուշոտ ապագա
Հայաստանում փորձում են ամենաարտոնյալ պայմաններն առաջարկել ռուսական
պետական ձեռնարկություններին եւ մասնավոր ձեռներեցներին։ Փորձում են, բայց
չի ստացվում։ Թե ինչու, գուցե առեղծված մնար, եթե չլինեին Գրիգորի
Խարչենկոյի պարզաբանումները։ Նրա գնահատմամբ՝ անգամ ծագումով հայ
ռուսաստանցի գործարարները դժվարություններ ունեն Հայաստանում բիզնես
սկսելիս։ Պատճառն այն է, որ տնտեսական մրցակցություն չկա, ոլորտները
մոնոպոլիզացված են։ Եթե որեւէ մեկը մտադրված է Հայաստանում որեւէ բիզնես
ձեռնարկել, պարտադրված պիտի «այս կամ այն ապրանքի գծով դիրք ունեցող
գործընկեր գտնի»։ Սա կարելի է համարել մեր իշխանավորների ու օլիգարխների
«փայ մտնելու» սովորության ռուսական գնահատականը։ Արտերկրյա ներդրումների
համար օրենսդրական նպաստավոր դաշտն իրականում ոչինչ է։ Մեր տնտեսական
կյանքը պետական օրենքներով չի կարգավորվում, այլ չինովնիկների (եւ խոշոր
գործարարների) վարք ու բարքով։
Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում անշեղորեն թուլանում է։ Բայց
սրան զուգահեռ՝ Հայաստանի վրա ազդեցությունը պահելու համար ՌԴ-ն անհրաժեշտ
քանակության սեփականություն ունի արդեն։ (Խոսքն էներգետիկ համակարգի մասին
է)։ Եվ դժվար թե Ռուսաստանը միջոցներ ծախսի մեր չինովնիկներին ու
գործարարներին վերադաստիարակելու համար։ Հայաստանում կոռուպցիայի դեմ
պայքարը մեր՝ հայաստանցիներիս գործն է։