Նվազեցնելու են

05/07/2008

«ՀՀ նախագահի հստակ դիրքորոշումն է՝ նվազեցնել քրեական հետապնդումից անձեռնմխելիություն ունեցող անձանց ցանկը, որպեսզի օրենքի առջեւ բոլորը լինեն հավասար»,- երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, թե միայն խիստ քաղաքական անհրաժեշտությունից ելնելով եւ միջազգային փորձը հաշվի առնելով՝ պետք է հստակեցվի, թե որոնք են այն սուբյեկտները, ովքեր պետք է պաշտպանված լինեն օրենքով, որպեսզի նրանց նկատմամբ քաղաքական ճնշումներ չիրականացվեն: «Միայն մի փոքր խումբ պետք է օգտվի այդ արտոնությունից՝ այն պարագայում, երբ Հայաստանում անձեռմխելիության նորմից օգտվող անձանց ցանկը մեծ է, եւ ունենք ՀՀ նախագահի հստակ դիրքորոշում, որ պետք է ցանկը վերանայվի: Ունենք նաեւ միջազգային փորձագետների կարծիքը, եւ այդ առումով մենք համաձայն ենք GRECO-ի` անձեռնմխելի անձանց կատեգորիաները նվազեցնելու պահանջին»,- ասել է Տ.Սարգսյանը: Հիշեցնենք, որ 10 կատեգորիաների ներկայացուցիչներ ունեն ամբողջական կամ մասնակի անձեռնմխելիություն: Առաջարկվում է վերացնել պատգամավորության թեկնածուների, ԿԸՀ-ի, մարզային եւ տեղական հանձնաժողովների անդամների, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուների անձեռնմխելիությունը: