Հարձակում

05/07/2008

Երեկ Համաժողովրդական շարժման կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ երեկ, ժամը 19:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել թվով շուրջ 20 տղամարդ, վիրավորական ու սադրիչ պահվածքով հարձակվել այնտեղ գտնվող քաղաքացիների վրա, ովքեր մասնակցում էին ամենօրյա «քաղաքական զբոսանքներին»: «Սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում ծեծի են ենթարկվել մի քանի քաղաքացի: Վարձու այս քրեականների հարձակման ողջ ընթացքում դեպքի վայրի հարեւանությամբ գտնվող Ոստիկանությունն իրեն պահել է դիտողի դերում` չձեռնարկելով որեւէ համարժեք քայլ, ավելին` հովանավորել է նրանց եւ, ըստ ականատեսների, միջոցներ ձեռնարկել այն անձանց նկատմամբ, ովքեր փորձել են նկարահանել այդ ամենը: Մենք հայտարարում ենք, որ այս վայրենությունը գործող հանցավոր վարչախմբի ձեռագիրն է, որի նպատակն է՝ ահաբեկել իր դեմ պայքարի ելած հազարավոր քաղաքացիներին, վախեցնել նրանց` մասնակցել հուլիսի 4-ի համահանրապետական հանրահավաքին, եւ ինչի համար այն չի խորշում օգտագործել վարձու խուժանին»,- ասված է հաղորդագրության մեջ: