Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «եզակի երեւույթ» է որակել այն փաստը, որ ՌԴ արտգործնախարարի` Անկարա կատարած այցի առիթով «նման զգալի շեշտով բարձրաձայնվում է, որ ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում օրակարգի վրա պիտի գա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացման գործընթացի հեռանկարները»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անկարա է ժամանել նախօրեին, եւ նրա այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրներ: «Բնականաբար, այստեղ մի կարեւոր մանրամասնություն էլ կա` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որ վերջերս Մոսկվա պաշտոնական այց կատարեց, հայ-թուրքական հարաբերությունների տեսակետից իսկապես շատ ուշագրավ, այսպես կոչված` օրակարգ որոշող հայտարարություններով հանդես եկավ, այդ (Հայոց ցեղասպանության փաստերն ուսումնասիրող պատմաբանների) հանձնաժողովի նկատմամբ իր դրական վերաբերմունքն արտահայտեց: Սերժ Սարգսյանի կողմից այդ հայտարարությունն էլ Մոսկվայում կատարված լինելով` Լավրովի Անկարա այցելության շեմին, կարեւոր նշանակություն ունեցավ»,- ասել է Արա Գոչունյանը:
Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի հայտարարության վերաբերյալ թուրքական կողմի արձագանքին` «Ժամանակի» խմբագիրը նշել է. «Ի նկատի ունենալով, որ հենց այդ համատեղ հանձնաժողովի ստեղծման գաղափարը հենց թուրքական կողմն է առաջադրում, ըստ երեւույթին, արդեն այդ ուղղությամբ պատրաստակամություն արտահայտելու առաջնահերթ հարցը թուրքական կողմին չի վերաբերում. գոնե Անկարայի հաշվարկներով` այդպես է երեւի»:
Ա. Գոչունյանը դժվարացել է նաեւ կանխատեսել, թե արդյոք Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կգա՞ Երեւան` դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը. «Այսօրվա դրությամբ դժվարանում եմ ասել, ի նկատի ունենալով, որ Արտգործնախարարության բանբերը նշեց, որ երբ այդ հրավերը պաշտոնապես հասնի` կքննարկվի»: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը Մոսկվայում իր թուրք պաշտոնակցին հրավիրել էր Երեւան` միասին դիտելու երկու երկրների ազգային հավաքականների միջեւ սեպտեմբերին կայանալիք ֆուտբոլային խաղը: