ՀԱԱԿ-ի շուրջ ստեղծված իրադարձությունները նոր թափ են ստանում

05/07/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության (ՀԱԱԿ) շուրջ ավելի քան մեկ տարի առաջ ստեղծված պատմություններն անցած շաբաթ կրկին ակտիվացան: ՀԱԱԿ-ի այն ժամանակվա փոխնախագահ Էդվարդ Անտինյանը հունիսի 23-ին հրավիրեց առանձին համագումար եւ կուսակցության ընդամենը մեկ` Հովհաննես Հովհաննիսյանից հեռացած թեւի միջոցով ընտրվեց ՀԱԱԿ նախագահ: Հ. Հովհաննիսյանը տեղի ունեցածը գնահատեց՝ որպես իշխանությունների կողմից Համաժողովրդական շարժման անդամ կուսակցություններից մեկը պառակտելու եւ հեղինակազրկելու փորձ, իսկ նախօրեին հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Է. Անտինյանը կեղծ համագումար է անցկացրել եւ իրեն հռչակել է ՀԱԱԿ նախագահ: Ի դեպ, վերջին շրջանում քաղաքական շրջանակներում խոսվում է այն մասին, որ իշխանությունների կողմից ստեղծվում է ինչ-որ նոր քաղաքական ուժ` քաղաքական դաշտի մի շարք մեծ ու փոքր կուսակցությունների մասնակցությամբ: Դրանց թվում նշվում է նաեւ Է. Անտինյանի անունը: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը վերջինիս հետ:

– Հովհաննես Հովհաննիսյանը նախօրեին հրավիրած ասուլիսում ներկայացրեց մի տեղեկանք, ըստ որի` 2006թ. հունվարի 27-ին տեղի է ունեցել ՀԱԱԿ համագումար, սակայն այդ համագումարին վերաբերող բոլոր փաստաթղթերը դուք գողացել եք:

– Եթե համագումար է տեղի ունեցել 2006թ., ապա թերթում նախապես պետք է հայտարարություն տրված լիներ համագումարի անցկացման մասին, նշված լիներ անցկացման տեղը, ժամը, օրակարգը, բացի այդ, նաեւ անցկացումից հետո մամուլում լուսաբանում կլիներ: Գուցե հանրապետության բոլոր արխիվներից բոլոր թերթերն է՞լ եմ գողացել: Եվ այս խեղկատակը երկու տարի մարզ է ղեկավարել, որից հետո 4 տարի էլ Հայաստանը ներկայացրել Եվրոպական հեղինակավոր կառույցներում: Ժամանակին ասել եմ, որ ես մեր կուսակցության հիմնադրումից առաջ Հովհաննիսյան Հովիկին չեմ ճանաչել, բայց համագործակցության համար հաշվի եմ առել նաեւ այն հանգամանքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք նա բարձր պաշտոն է զբաղեցրել` մարզ ղեկավարել: Գաղտնիք չէ, որ առաջին նախագահը կադրերի ընտրության հարցում առաջնորդվում էր երկու տրամագծորեն տարբեր չափորոշիչներով. մի դեպքում՝ գնահատում էր կադրի բարձր ինտելեկտը, մյուս դեպքում՝ առաջնորդվում էր «Պոլի փետ լինի, միայն թե մերը լինի» սկզբունքով: Սկզբում ինձ թվաց, որ Հովիկը առաջին խմբին կարող է պատկանելիս լինել, համենայնդեպս, արտաքին տպավորությունը կարող էր այդպիսին լինել:

Իսկ կուսակցության հիմնադիր փաստաթղթերը միշտ են եղել ինձ մոտ: Հուսով եմ, չեք մոռացել, որ նա դեռ անցյալ տարի սեփականատիրոջ կողմից վտարվել էր

ՀԱԱԿ կենտրոնական գրասենյակի համար վարձակալած տարածքից, գույքը տարել-լցրել էր Առինջ գյուղում գտնվող Հայկազի խորդանոց ու անհետացել բոլորի աչքից տեւական ժամանակ: Իհարկե, այն ժամանակ ինքն ասում էր, որ Վաշինգտոն է գնացել կարեւոր գործերով: Այդ հիմա է տանը թաքնվելը ներկայացնում որպես Բրյուսել գնալ: Իսկ կուսակցության գրասենյակը ես վերաբացեցի, որպեսզի կարողանամ ապահովել կուսակցության բնականոն գործունեությունը, եւ տարբեր մարդիկ, ովքեր պահանջատեր էին կուսակցության դեզերտիր ղեկավարից, գոնե ես կարողանայի նրանց պատասխանը տալ, որպեսզի կուսակցության անունը չարատավորվեր:

– Իսկ ինչո՞ւ եք կնիքը վերջում հանձնել իրեն, երբ Հ. Հովհաննիսյանի պնդմամբ՝ այս ամբողջ ընթացքում այն ձեզ մոտ է եղել:

– Մենք կատարել ենք օրինական համագումար, որի արդյունքում ձեւավորվել են կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինները: Պատշաճ կերպով փաստաթղթերը ներկայացրել ենք Արդարադատության նախարարության համապատասխան մարմին: Մեր կուսակցության հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր կարող եք հանդիպել, որի տակ իմ ստորագրությունն է, եւ կնքված է կուսակցության կնիքով, դա վերաբերում է թե՛ բանկային փաստաթղթերին, թե՛ համապատասխան հաշվետվություններին։ Եվ դա բնական է, քանի որ ես կուսակցության 2-րդ դեմքն էի` մինչեւ համագումարով նախագահ ընտրվելը: Այնպես որ` կուսակցության կնիքի տեղը գրասենյակն է, իսկ կնիքն օգտագործելու իրավունք ունեցել ենք երկուսով` ես եւ Հովհաննիսյանը: Ու հիմա Հովիկը՝ հասկանալով, որ այլեւս կորցրել է իր հույսն իրավական ճանապարհով կանխելու իմ գրանցումը, փորձում է արհեստական աղմուկ բարձրացնել: Եթե գործից ամեն դուրս եկող կնիքը գցեր գրպանն, ու դրա պատճառով նոր ղեկավարը պաշտոնը չկարողանար ստանձնել, ապա այդ դեպքում ոչ մի ղեկավար էլ չէր փոխվի: Ի դեպ, ես կանխատեսում էի, որ Հովհաննես Հովհաննիսյանը կորցնելով կուսակցության նախագահի դիրքը՝ փորձելու է ամեն ինչ անել, այստեղ-այնտեղ բողոքել ինձանից, այդ իսկ պատճառով ես դեմ չէի, որ այդ բողոքի ընթացքում կուսակցության կնիքը լինի իր ձեռքում, որպեսզի այս ցայտնոտային իրավիճակում լիուլի փաստաթղթեր կնքի ու ողողի բոլոր պատկան ատյանները: Այս պարագայում ես արդեն ունեմ գրավոր ապացույց իր կեղծիքների մասին, չէ՞ որ պատերի տակի խոսակցությունները գործին չես կարի:

– Ուզում եք ասել, որ հակափաստարկնե՞ր ունեք:

– Լավ որսորդը նա չէ, որ կենդանուն որսալու համար սարուձոր է ընկնում կամ աջուձախ կրակում, այլ նա, ով նրան քշում է այն ուղղությամբ, որտեղ նախապես թակարդն է պատրաստել ու նաեւ` համապատասխան խայծը: Կնիքը տվյալ դեպքում այն խայծն էր, որ Հովիկը չի դիմանա այդ գայթակղությանը եւ իրար հակասող տարբեր թղթեր կկնքի ու կստորագրի, դրանով իսկ կստորագրի նաեւ իր կապիտուլյացիայի ակտի տակ:

– Ի՞նչը նկատի ունեք:

– Այն, որ հայտարարել էր, թե իրենց հրավիրած համագումարը 3-րդն է, քաջ գիտակցելով, որ եթե ժամանակին համագումարը չի անցկացվել, ուրեմն այդ պարագայում որեւէ շանս չունի հաղթելու: Եվ ահա փաստաթուղթ է շրջանառության մեջ դրել, որ ժամանակին տեղի է ունեցել 2-րդ համագումարը: Հիմա ինձ համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում ապացուցել, որ այն տեղի չի ունեցել, եւ դրանով իսկ ակնհայտ դարձնել, որ, երբ ինքը պետական կառույցներին ահաբեկում է, որ իմ կուսակցության նախագահ ընտրվելը չգրանցեն, այլապես կդիմի դատարան, ակնհայտ է, որ ինքը դատարան դիմելու որեւէ իրավական հիմք չունի:

– Բայց ձեր համագումարի օրինականությունը վիճարկելիս՝ Հ. Հովհաննիսյանը նշում էր, որ Աշոտ Հովհաննիսյանը դուրս չի եկել կուսակցությունից:

– Հենց հաջորդ օրը Աշոտ Հովհաննիսյանի հայտարարությունից պարզ դարձավ, որ նա դեռ երկու տարի առաջ է դուրս եկել կուսակցությունից: Հիմա էլ Հովիկը նոր բացատրություն է գտել, որ թեպետ Աշոտ Հովհաննիսյանն արել է նման հայտարարություն (ինչն ապացուցում է, որ մեր համագումարի հրավիրումը միանգամայն օրինական է), բայց նա դա արել է ճնշման տակ, ուստի չպետք է նրա հայտարարությունը հիմք ընդունել: Ես չգիտեմ, թե ինչ ճնշման մասին է խոսքը: Հուսով եմ, որ Հովհաննես Հովհաննիսյանի այս հրապարակային հայտարարությունը հիմք կհանդիսանա Դատախազության համար, եւ փաստի առթիվ քրեական գործ կհարուցվի: Եթե ես ճնշել ու ահաբեկել եմ պետական պաշտոնյային, ապա իմ գործողություններն ակնհայտորեն պարունակում են քրեական հատկանիշներ, իսկ եթե այդպիսի բան չկա, ապա զրպարտության համար Հովհաննես Հովհաննիսյանը կկանգնի դատարանի առաջ:

– Ի դեպ, ձեր անցկացրած արտահերթ համագումարի մասնակից պատվիրակների մասին էլ Հ. Հովհաննիսյանը հայտարարել էր, որ մասնակիցներից ընդամենը մի քանիսն են եղել ՀԱԱԿ-ից, այն էլ՝ ձեր ազգականները, իսկ մնացածը եղել են ՀՌԱԿ-ից, նախկին «Դաշինքից» ու «Ազգային Վերածննդից»:

– Ի՞նչ հիմքով է պնդել նման բան: Հովհաննիսյանի այդ ո՞ր ինֆորմատորն է դեմքով ճանաչում մեր կուսակցության մոտ 5000 անդամներին եւ, առավել եւս, դրանց թվում՝ իմ կողմնակիցներին, որ կարողանար դահլիճում ներկա ավելի քան 250 մարդու մեջ պարզել` ով ով է: Իսկ գուցե այդ ինֆորմատորը դեմքով ճանաչո՞ւմ է ձեր թվարկած կուսակցությունների բոլոր անդամներին: Պարզապես Հովհաննիսյանը ձեռքը փրփուրներին է գցում` սկզբում ասելով, որ համագումարի հրավիրումն է անօրինական, այնուհետեւ՝ պատվիրակների լիազորությունները դնում կասկածի տակ, հետո էլ, իբր, հանձնած փաստաթղթերն են կեղծ: Իրականում Հովիկն այս աղմուկը բարձրացրել է, քանի որ կուսակցության նախագահի փոփոխությունը գրանցելու համար կոնկրետ ժամկետներ են նախատեսված, եւ նա հույսը դրել է նրա վրա, որ իշխանություններն աղմուկից կվախենան եւ ինձ չեն գրանցի, իսկ ինքը դրանով ժամանակ կշահի՝ մինչեւ գլխի գալիքն իմանա:

– Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ դուք ցանկանում եք միանալ ՀՌԱԿ-ին, որտեղ ընդգրկված են նաեւ «Դաշինքն» ու «Ազգային Վերածնունդը», եւ «երրորդ ուժ» ստեղծել: Ի դեպ, մեր տեղեկություններով, այդ երրորդ ուժը ստեղծելու նախաձեռնության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է:

– Նախ՝ գաղափարական եւ արժեհամակարգային հենքի վրա համախմբման հարցը նոր չէ, որ բարձրացվում է մեր կուսակցության եւ, մասնավորապես, իմ կողմից: Ժամանակին լրիվ ուրիշ կուսակցությունների հետ էին բանակցություններ ընթանում այդ համախմբումը կյանքի կոչելու համար: Նկատի ունեմ դեռեւս 2004թ. «Ժառանգություն» եւ «Հանրապետություն» կուսակցություններին: Ցավոք, այս տարիների ընթացքում համախմբման անհրաժեշտությունը գիտակցող ուժերն այդպես էլ գործնական քայլեր չարեցին այդ ուղղությամբ: Իմ կողմից ողջունվել է նման ցանկացած նախաձեռնություն` լինի դա Ազգային ժողովրդավարների, թե՛ Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից հնչող, եւ թե՛ Ռամկավար ազատականների դեպքում: Բայցեւ, միեւնույն ժամանակ, կարեւորվել է գաղափարական համախմբումը, քանի որ որեւէ իրավիճակային համախմբում ես ողջունել չէի կարող: Իսկ համախմբման ուղղությամբ ՀՌԱԿ-ի մոտ գործնական քայլեր երեւացին: Մյուսները խոսքից այն կողմ չգնացին: Սա է պատճառը, որ իմ շփումն իրենց հետ ավելի առարկայական է՝ քան սոսկ բարի ցանկություն ունեցողների հետ: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլաններին, ապա ես երբեք նրա հետ շփում չեմ ունեցել ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա, եւ նրա քաղաքական ծրագրերից որեւէ տեղեկություն չունեմ: Ուստի, հաստատել կամ հերքել նրա մտադրությունները չեմ կարող:

– Իսկ եթե նա լինի այդ համախմբման նախաձեռնողը, դուք դարձյալ կմասնակցե՞ք դրան:

– Ես բացառում եմ, որ ինքը կլինի այդ նորաստեղծ կառույցի ստվերային կամ պաշտոնական առաջնորդը, քանի որ իր քաղաքական ակտիվ գործունեության ընթացքում նա եղել է անկուսակցական: Եվ ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ անկուսակցական մարդը կուսակցությունների համախմբման ճանապարհով պատկերացնի իր քաղաքական հավակնությունները: