Հայրենի իշխանությունները սիրում են հպարտանալ մեր երկրի բանկային համակարգով: Հպարտանում եւ պատեհ-անպատեհ հայտարարում են, որ այն կայացած կառույց է: Նաեւ ձեռքից եկածն անում են այդ համակարգն ուժեղացնելու համար: Խորհրդարանը նույնիսկ հատուկ օրենք է ընդունել այն մասին, որ, կարծեմ, 2009-ի հունվարից գործատուներն աշխատավարձ վճարելու են միայն բանկային քարտերի միջոցով: Այսինքն` բարձր աշխատավարձ ստացողների գումարը որոշակի ժամանակով կհայտնվի երկրի բանկային համակարգում: Բանկերը, նախ՝ որոշակի քանակի «ձրի» փող կունենան եւ իրենց մատուցած ծառայության դիմաց վարձավճարներ կստանան: Եկող տարվանից աշխատանք ունեցող քաղաքացիներին օրենքն է պարտադրելու օգտվել այդ ծառայություններից: Ես ոչնչով չպատճառաբանված քաղաքացիական դիրքորոշում ունեմ: Ուստի որոշել եմ ժամկետից շուտ կատարել բանկային համակարգը զորացնելու իմ օրենսդրական պարտքը: Այսինքն` վաղուց եմ աշխատավարձ ստանում բանկային քարտով: Մի քանի ամիս առաջ, երբ պարզեցի, որ իմ նախընտրած բանկը «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» խախտմամբ պահանջում է քարտի հաշվի վրա ունենալ միջին օրական 100 հազար դրամ մնացորդ, հրաժարվեցի այդ բանկից: Հրաժարվեցի ու դարձա «Կոնվերս բանկի» հաճախորդ: Աննկարագրելի արկած էր այս բանկի բանկոմատներից օգտվելու առաջին փորձը: Գարնանային ամպամած օր էր: Մոտեցա Օպերայի շենքի պատին տեղադրված սարքին: Էկրանին ոչինչ չէր երեւում: Քարտը մուտք անելու հատվածում թարթող լույսերն ազդարարում էին, որ սարքն աշխատում է: Քարտի մուտք անելուց հետո էլ էկրանը չլուսավորվեց: Փորձեցի անձրեւանոցով ծածկել էկրանը` մթի մեջ որեւէ տառ տեսնելու ակնկալիքով: Չստացվեց: Մի քանի մետրի վրա կանգնած ոստիկանի խեթ հայացքը տեսնելով՝ հասկացա, որ կարող եմ բերման ենթարկվել բանկոմատի կողոպտման կասկածանքով: Նաեւ հասկացա, որ սեփական աշխատավարձս բանկոմատից կարող եմ ստանալ միայն ուշ երեկոյան, երբ արեւի լույսը չի խանգարի կարդալ բանկոմատի «նստած» էկրանի գրությունները` մթության քողի ներքո: Պանիկովսկու ու Բալագանովի նման: Հետո այս վիճակը կարծես կարգավորվեց, եւ սարքերից օգտվել հնարավոր էր նաեւ ցերեկը: Բայց մի երկու օր առաջ նոր արկածների մեջ ընկա: Գարեգին Նժդեհի հրապարակի բանկոմատի վրա լատինատառ գրված էր՝ «Գիծ չկա»: Չնայած մասնաճյուղի դռանը գրված էր՝ «Փակ է», ներսում աշխատակիցներ կային: Հենց նրանք էլ հավատացրին, որ չի աշխատում միայն իրենց բանկոմատը, իսկ մնացածը սարքին են: Հավատացի ու երեկոյան մոտեցա Մետրոպոլիտենի վարչության շենքի բանկոմատին: Այս սարքը «Լեզվի մասին» ՀՀ օրենքը չխախտելով՝ հաճախորդներին մեսրոպատառ զգուշացնում էր, որ «Չի սպասարկում»: Հաջորդ առավոտյան նույն սարքի վրա նույն գրությունն էր: Աշխատավարձ ստանալու ակնկալիքով՝ մտա բանկի «Արարատյան մասնաճյուղ»: Սպասարկող աշխատակցուհին նախ՝ բանավոր հարցով պարզեց, որ քարտն իմն է, հետո անձնագիր պահանջեց: Ներկայացրի: Աշխատակցուհին մասնաճյուղի սարքով քարտս անցկացնելուց հետո՝ ասաց, «Ձեր քարտը չի աշխատում»: Հետո մոտեցավ սրահի պատասխանատուն, ներկայացավ. «Բաբայան Գրիշա»: Նա կրկնեց նույն գործողությունը, ապա՝ նույն նախադասությունը, եւ քարտը մեկնեց ինձ: Աշխատավայր հասնելուց հետո զանգահարեցի բանկ: Քարտերի բաժնի աշխատակցուհին լսեց բողոքս: Հետո համակարգչային ծրագից փորձեց պարզել, թե ինչ է նշանակում՝ «Ձեր քարտը չի աշխատում» արտահայտությունը: Պարզել չհաջողվեց, որովհետեւ համակարգչային ցանցի տվյալներով՝ այդ օրն իմ քարտով որեւէ գործողություն չէր կատարվել: (Մասնաճյուղի սարքը ոչինչ չէր արձանագրել): Աշխատակցուհին հընթացս բացատրեց, որ ես պիտի գնամ Հանրապետության հրապարակի մասնաճյուղ ու դիմում գրեմ քարտս փոխելու խնդրանքով: Հետո շատ զարմացավ, որ երկրորդ օրն է՝ փորձում եմ բանկոմատից գումար հանել: «Իսկ ինչո՞ւ երեկ չդիմեցիք» հարցին պատասխանեցի՝ «Զբաղված էի»: «Դե, գիտեք, բոլորս էլ զբաղված ենք»,- ասաց աշխատակցուհին: Հետո պակաս անհարկի մտերմիկ հարցեր ստացա բանկոմատների բաժնի նորաթուխ մի աշխատակցից: Նրանից փորձում էի պարզել, թե որքան կարող են ձգվել գումար ստանալու փորձերս: Աշխատանքային օրվա ընդմիջմանը անսալով բանկային կլերկների իմաստուն խորհրդին՝ գնացի Հանրապետության հրապարակ: Մինչեւ բանկի հիմնական մասնաշենք մտնելս ու քարտիս չաշխատելու մասին արտահայտության իմաստը պարզելս որոշեցի օգտվել մուտքի մոտ դրված բանկոմատից: Սպասարկեց: Այսինքն` փողս տվեց: Հասկացա, որ մեր տնտեսության ամենակայացած հատվածի բանկոմատներն ու բանկային քարտերը կամքի ազատություն ունեն: Կուզենան՝ կաշխատեն, կուզենան՝ չեն աշխատի: Հասկացա նաեւ, որ աշխատակիցների իմաստուն մտքերը լսելու ցանկություն չունեմ: Ոչ կլերկների, ոչ վերադասի: Հիշեցի ժուռնալիստիկային տրված ամենահավանածս բնութագիրը. «Ժուռնալիստիկան հակառակորդին դրամի վերածելու արվեստ է»: Հասկացա, որ կատարվածը շատ ավելի նպատակահարմար է վերածել հոդվածի, ուր կհիշատակեմ բանկի բոլոր աշխատակիցներին ու դրա դիմաց հոնորար կստանամ: Սա բողոքելուց հաճելի զբաղմունք է:
Հ.Գ. Արձանագրեցի՞ք, թե որքան նրբանկատորեն չհիշատակեցի մեր ամենակայացած համակարգի ճարտարապետ, ներկայումս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը: Նույնիսկ չասացի, որ բանկային կառույցը կայացած ամենաշատն ինքն է համարում: