Վաղուց են ճանաչել

05/07/2008

Երեկ ՀՌԱԿ գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, թե հունիսի 4-ին Իռլանդիայի Ազգային համալսարանի ցեղասպանության եւ մարդկային իրավունքի կենտրոնի տնօրեն` պրոֆ. Ուիլյամ Շաբասը հայտնաբերել է հայության համար կարեւոր արխիվային նյութեր եւ այն զետեղել իր կողմից ստեղծված «Մարդկային իրավունքի դոկտորային ուսումնասիրություններ» անունը կրող կայքէջում: Պրոֆ. Շաբասի հայտնաբերած արխիվային նյութերը վերաբերում են Հայոց ցեղասպանության որակումներին` կատարված 57 տարի առաջ ԱՄՆ նախագահ Տրումենի կողմից: Վավերագրերը փաստում են, որ 1951թ. ԱՄՆ-ը` ի դեմս նախագահ Տրումենի, նամակով դիմել է Միջազգային իրավունքի դատարանին, որտեղ նշել է, որ Օսմանյան Կայսրության մեջ թուրքերի իրականացրած ոճիրը տիպիկ ցեղասպանության օրինակ է եւ հանցագործություն՝ ուղղված ողջ մարդկության դեմ: