«Հայոց պետականության անսասանությունը բարձր գնահատող եւ կայուն պետականության վեհ ջատագովը հանդիսացող» «Կայունություն» հասարակական շարժումը երեկ, անսասանությունը կարեւորելու համար կլոր սեղանի շուրջ էր հավաքել Հայաստանի ու սփյուռքի «տաղանդաշատ», «պետականության ամրապնդման գաղափարը կրող» ու «երկիրը ապակայունացնող քայլերից զերծ մնացող» մտավորականներին։
Ի դեպ, մեջբերված բոլոր բառաշարերն ու բառային գոհարները պատկանում են անձամբ այդ շարժումը համակարգողներից մեկին` Սուրեն Մամիկոնյանին։ Նա բոլոր մասնակիցներին բաժանեց շարժման կողմից հայերեն լեզվով գրված տեքստը (նաեւ բարձրաձայն ընթերցեց այն), որի վերջում, սակայն, իր ազգանունը միանգամից երկու լեզվով՝ հայերեն ու ռուսերեն էր գրված։ Այդպես երեւի պիտի ավելի ցայտուն ընդգծվեր շարժման ղեկավարի «ժամանակի մարտահրավերների դիմակայման գործընթացներին նպաստելու» պատրաստակամությունը։ Կլոր սեղանը հրավիրված էր Ժողովրդական արվեստների թանգարանում, որտեղ հնաոճ գորգեր, փայտե ու երկաթյա իրեր էին։ «Հայ մշակույթի մասունքներով շրջապատված այս մշակույթի օջախում հավաքվել են լուրջ մտավորականներ, որոնք մտահոգ են հայի գոյի պահպանման խնդրով»,- խրոխտ ասաց Ս. Մամիկոնյանն ու վստահեցրեց, որ «հայի տեսակի համար հարատեւության հիմքեր է պետք ստեղծել»։ Այդ հիմքերը՝ պատկառելի տարիքի հասած, վաստակ, կոչումներ, հեղինակություն ունեցող կամ դեռ այդ հեղինակության վավերացումն ակնկալող հյուրերի համար խիստ տարբեր բնույթ են կրում։ Խոսվում էր «հեռուստատեսությամբ ցուցադրվող կեղտ ու տականքի», դեպի Մեղրի տանող երկաթուղային գծի բացման, վիշապագորգերի թանգարան բացելու, փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու անհրաժեշտության, օտարամոլ գաղափարներից հեռու մնալու, Թուրքմենիայի փորձը մշակույթի ոլորտում կիրառելու մասին, եւ այլն, եւ այլն: Խոսվեց նաեւ այն մասին, որ երեխայի ծնունդը Հայաստանում թանկ հաճույք է, եւ հռետորական հարց հնչեցվեց. «Ինչո՞ւ ենք հիմա լուծում այդ հարցը»։ «Պետությունը ճիգեր է անում, որպեսզի ժողովրդի վիճակը բարելավվի։ Եկեք գնահատենք այդ ճիգերը։ Պետք է բացատրական-քարոզչական աշխատանք տանել ժողովրդի մեջ, որպեսզի ժողովուրդը վերջապես հասկանա՝ ինչո՞ւմ է կայունությունը։ Դրսից հիմա մեզ են հասնում ջլատող, գրգռիչ ազդակները»,- ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Քանդակագործ Արեւշատ Ավագյանն ավելացրեց. «Մեզ ներքաշում են տեղեկատվական պատերազմի մեջ։ Մենք դրսից թելադրանքներ ենք ստանում, իսկ իշխանություններն ու ընդդիմությունը դրանք տարբեր կերպ են մեկնաբանում»։ Կարեն Աղամյանը խոսեց Նկարիչների միության շենքի վերականգնման մասին։ Որպես կիզակետ՝ հնչեց այն միտքը, որ ամեն ինչ մեր սեփական ձեռքերում է եւ մեզանից է կախված՝ Հայաստանը դժո՞խք կլինի, թե՞ դրախտ։ Շատերն իրենց ելույթները սկսում էին «Ես հիշում եմ… » նախաբանով, ոմանք նկատում էին, որ շատ բան չհասցրեցին անել, քանի որ վաղաժամ հեռացվեցին աշխատանքից ու մոռացության մատնվեցին։ Մի քանի անգամ տարբեր մարդկանց շուրթերով բանաստեղծական տողեր հնչեցին։ Գերիշխողը՝ «Օ, հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» տողն էր։ Սարո Սարուխանյանն ասաց. «Մենք հիմա խոսում ենք, բայց կարող է պատահել այնպես, որ մենք մեր դարդերի մեջ կշաղախվենք ու … վերջ՝ տուն կգնանք»։ Կասկածի նշույլ անգամ չկար, որ հենց այդպես էլ լինելու է, քանի որ այստեղից-այնտեղից, խիստ անձնական դիտարկումներն ու չարչրկված բառակույտերը ոչ մեկին՝ նախեւառաջ հենց մասնակիցներին, հարկավոր չէին։ Նրանք կարող էին շփվել Երեւանի սրճարաններից մեկում ու ավելի մեծ հաճույք ստանալ այդ հանդիպումից։ Սակայն նրանք եկել էին թանգարան ու սակավաթիվ տեսախցիկների ու լրագրողների ներկայությամբ փորձում էին համապատասխանել հանդիպման այն ձեւաչափին, որն ընտրել էր «Կայունությունը»։ Այդ հանդիպման ապարդյունության վկայությունն այն նիրհող մթնոլորտն էր, որը հիշեցնում էր խորհրդային տարիների պլենումները, երբ մասնակիցները ելույթների ժամանակ գրեթե պատրաստ էին լինում խորը քուն մտնել, քանի որ նախօրոք գիտեին՝ ով՝ ի՞նչ է ասելու։ Բացառություն էր կազմում, իհարկե, «Կայունություն» շարժումը, որի աշխույժ ղեկավարն ամեն գնով ցանկանում էր հիշեցնել, որ իրենք ուզում են կառավարության «պաշարաշատ ծրագրերն» իրականացված տեսնել։ Ս. Մամիկոնյանը դա ապացուցելու համար ավելի լավ միջոց չի գտել, քան ցուցադրել, որ մշակույթի ու բիզնեսի որոշ ներկայացուցիչները հենց այսպիսի ֆորմատի հանդիպման ընթացքում պիտի «հերթական անգամ իրենց հայրենասիրական վերաբերմունքը ցուցաբերեն» պետականության գաղափարին։
Բանավեճն ու գաղափարների փոխանակումն, իհարկե, չստացվեց, սակայն հետաքրքիր բեմադրություն ստացվեց։ Այդ բեմադրությունը շատ ձանձրալի էր (կես ժամ հետո ոչ մի լրագրող թանգարանի դահլիճում չմնաց, իսկ հյուրերից ոմանք անհամբեր դուրս ու ներս էին անում), բայց խրատական երանգ ուներ։ Երբ շինծու պատրվակով հավաքվում են նույն որակի ու նույն տարիքի (հիմնականում՝ 60 տարեկանն անց) մարդիկ ու փորձում են վատ ռեժիսորի հրահանգները կատարել, բնականաբար, բեմադրությունը տապալվում է։ Նույնիսկ, երբ խոսվում է նորընտիր նախագահի ու վարչապետի հանդեպ ունեցած հարգանքի ու սիրո, «իշխանություն-ժողովուրդ կապն ապահովելու ուղղությամբ կատարվող լայնածավալ քայլերի» ու «աշխարհասփյուռ հայերին համախմբելու» մասին, այդ ամենը վստահություն չի ներշնչում։ Ախր, տեղն ու ֆորմատն են սխալ։ Եվ չեն փրկում մշակույթի մասունքները…