Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը ձերբակալվել է մարտի 3-ին եւ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225.3 ու 300 հոդվածներով (սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ եւ իշխանության յուրացում):
Գ. Եղիազարյանի որդին` Սոցիալ-դեմոկրատական հնչակյան վարչության անդամ Համբարձում Եղիազարյանը, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակում այս լարված մթնոլորտի «մեխը» քաղբանտարկյալների առկայությունն է: «Ինչքան էլ մեր իշխանությունները փորձեն բոլոր ատյաններում բոլոր հասու մեթոդներով մեզ ապացուցել, որ մենք քաղբանտարկյալներ չունենք, մարդիկ այսօր բանտերում են հայտնվել իրենց քաղաքական հայացքների համար, իրենց կարծիքը բարձրաձայնելու համար»,- ասաց նա: Արդեն 4 ամիս անազատության մեջ գտնվող Գ. Եղիազարյանի գործով երեք դատավարություն է կայացել` միայն խափանման միջոցն իբրեւ կալանք ընտրելու եւ դրա ժամկետը երկարաձգելու հարցով. երեք անգամ էլ կալանքի ժամկետը երկարացվել է` երկուական ամսով: Հ. Եղիազարյանի հավաստմամբ` իր հայրը հրաժարվել է դատական նիստերին մասնակցելուց, քանի որ «սա շինծու գործ է, մարդկանց վրա ուղղակի գործեր են անում, ու ինքը հրաժարվում է մասնակցել այդ բեմադրությանը»: Բոլոր երեք վճիռները բողոքարկվել են, եւ Հ. Եղիազարյանը վստահեցնում է, որ իրենք, ի վերջո, անպայման դիմելու են Եվրոդատարան: Պարզապես ըստ ընթացակարգի` պետք է անցնեն Հայաստանի բոլոր դատական ատյանները, եւ միայն դրանից հետո դիմեն Եվրոդատարան: Գ. Եղիազարյանի նկատմամբ քննչական գործողություններ կիրառվել են երկու անգամ: Համբարձում Եղիազարյանի խոսքով` առաջին անգամ հայրը հրաժարվել է ցուցմունք տալուց: «Երկրորդ անգամ հանել են հրապարակային տեքստեր Ազատության հրապարակում նրա ելույթներից»,- ասաց նա` ավելացնելով, որ դատավարության այսքան ձգձգման պատճառն այն է, որ որեւէ փաստ չկա քաղբանտարկյալների դեմ: «Փաստեր գոյություն չունեն: Նրանք պարզապես փորձում են ցուցմունքներ կորզել տարբեր մարդկանցից, չնայած առաջ հայտարարում էին, որ բազմաթիվ ձայնագրություններ, նկարահանված կադրեր ու ապացույցներ ունեն: Բայց այս չորս ամիսները ցույց տվեցին, որ այս ամբողջը ֆարս է, մարդկանց պատանդ են պահում, որպեսզի Հայաստանում վախի մթնոլորտ սփռեն: Իբրեւ թե` եթե նախկինում նման պաշտոնի, նման հեղինակություն ունեցող մարդուն կարողանում են բանտերում պահել, ուրեմն յուրաքանչյուրին կարող են պահել: Դրա ուղիղ ապացույցն էր երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած փաստաթուղթը»,- ասաց նա: Անդրադառնալով ոստիկանների գործողություններին` Հ. Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ այսօր երկրում ստեղծվել է մի մթնոլորտ, որտեղ նույնիսկ իրենք` Ոստիկանության աշխատակիցները չեն հասկանում, թե ինչ են անում: Հ. Եղիազարյանը չի կիսում այն կարծիքը, թե իշխանություններին ձեռնտու չէ հարցի տեղափոխումը Եվրոդատարան: «Եվրոդատարանը չինովնիկների, մեղավոր անձանց նկատմամբ կոնկրետ պատժիչ մեթոդներ չունի, խնդիրը վերաբերում է զուտ բարոյական ու ֆինանսական փոխհատուցմանը, այն էլ` պետական բյուջեից: Ի՞նչ է պատահել, մարդկանց 4 ամիս կնստացնեն, փողը կտան: Այդ մարդկանց պատանդ պահել ու վճարել, այն էլ` մեր գրպանից, իրենց համար ոչ մի նշանակություն չունի: Դրա ուղիղ ապացույցն է «Ա1+»-ի գործով 30.000 եվրոյի վճարումը: Դա մեր իշխանությունները հաղթանակ են համարում եւ ասում են` մեկ միլիոն էին պահանջում, բայց 30.000 ենք տալիս: Բայց դա չէ՞ որ հարկատուներից է հավաքվել, դրա համար չպիտի՞ պատժվեն այն մարդիկ, ովքեր այդ խախտումները կատարել են: Այս երկրում գոնե մեկը պետք է օրենքով վերջապես պատժի ենթարկվի, որպեսզի մյուսը, որ գալիս է, մտածի, որ պատժվելու է իր արարքների համար»,- ասաց նա: