Հայաստանում այսօր ամենաշատ քննարկվող թեման Սահմանադրական բարեփոխումների
հարցն է: Անցած շաբաթ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց
կոալիցիայի ներկայացրած Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը պետք
է ուղարկվի Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը: Իսկ Սահմանադրական
բարեփոխումների հանրաքվեն նախատեսված է անցկացնել այս տարվա
հուլիս-օգոստոս ամիսներին: Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու
հարցում իշխանությունների շտապողականությունն, ինչպես հայտնի է,
պայմանավորված է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններով:
Իշխանություններն այնպես են ներկայացնում, իբր ԵԽ առջեւ Հայաստանի
ստանձնած մնացած բոլոր պարտավորությունները կատարվել են, մնացել է միայն
Սահմանադրության փոփոխությունը: ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած
պարտավորությունների մեծ մասն, իսկապես, կատարվել է, սակայն հիմնականում՝
«թղթի վրա», եվրոպական փորձագետների հաշվետվություններում դրական
գնահատական ստանալու նպատակով: Իրականում Հայաստանի ստանձնած
պարտավորությունների զգալի մասը կատարվել է կամ ոչ ամբողջությամբ, կամ
բովանդակային առումով՝ ստանձնած պարտավորություններին ոչ համապատասխան:
Մոտավորապես այսպիսի եզրակացության կարելի է հանգել նաեւ այն զեկույցից,
որը երեկ ներկայացվեց «Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության»
նախաձեռնության կողմից: Հասարակական կազմակերպությունների («Երեւանի
մամուլի ակումբ», «Ժողովրդավարություն» ՀԿ, «Հայաստանի Հելսինկյան
կոմիտե», «Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ,
«Ինտերնյուս-Հայաստան» ՀԿ) փորձագետներից կազմված խումբը 2004 թվականի
հոկտեմբերից մինչեւ այս տարվա փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում
իրականացրել է մոնիտորինգ՝ ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած
պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ, եւ երեկ ներկայացվածն
այդ մոնիտորինգի արդյունքների հիման վրա կազմված միջանկյալ զեկույցն էր:
Վերջնական զեկույցը կհրապարակվի այս տարվա հոկտեմբերին:
ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների գրեթե բոլոր
բաժիններում, որոնք առանձին-առանձին ներկայացրեցին երեկվա քննարկման
զեկուցողները, պարտավորությունների կատարման հարցում արձանագրված են
բազմաթիվ բացթողումներ: Օրինակ, ըստ «Ժողովրդավարություն» ՀԿ-ի
ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի, եթե առաջին ընթերցմամբ ընդունված
Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հունիս ամսվա ընթացքում արմատապես
չվերափոխվի՝ հիմք ընդունելով 2001թ. Սահմանադրական փոփոխությունների
նախագիծը, ապա այս հարցում լուրջ բարդություններ են առաջանալու: Վարդան
Պողոսյանի կարծիքով, Սահմանադրական բարեփոխումների նախագծում
հակասություններ կան մարդու իրավունքների, անկախ հանձնաժողովների
ձեւավորման, դատական համակարգի եւ մի շարք այլ դրույթներում: Լուծված չէ
նաեւ դատական համակարգի անկախության ապահովման խնդիրը, քանի որ
փոփոխություններ չեն կատարվել Արդարադատության խորհրդի կազմավորման
սկզբունքներում: Մի խոսքով, եթե Սահմանադրական փոփոխությունների այս
նախագիծն ընդունվի հանրաքվեում, ապա դա կլինի ԵԽ առջեւ ստանձնած
պարտավորությունների կատարման հերթական «պտիչկան»:
Նույն իրավիճակն է նաեւ դատական բարեփոխումների եւ «Ընտրական օրենսգրքի»
փոփոխությունների հարցում: Ընդհանրապես, անկախ դատական համակարգի մասին
խոսում էին երեկվա բոլոր զեկուցողները, եւ հիմնական գաղափարն այն էր, որ
եթե անգամ մնացած ոլորտներում կատարյալ իրավիճակ լինի, առանց անկախ
դատարանների վիճակը շարունակելու է մնալ նույնը: Մինչդեռ, ինչպես նշեց
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, եթե անգամ
Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու սպառնալիք
լինի, մեր իշխանությունները չեն կատարի անկախ դատական համակարգ
ձեւավորելու եւ ազատ ընտրություններ անցկացնելու պարտականությունները: Կա
պարտավորությունների մի խումբ, որն, ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝
իշխանությունները կատարել են, եւ ինքը դա դրական է գնահատում: Դա
մահապատժի վերացումն է եւ քրեակատարողական հիմնարկների փոխանցումը
Ոստիկանությունից՝ Արդարադատության նախարարությանը: Ինչ վերաբերում է
այլընտրանքային զինվորական ծառայությանը, ապա, Իշխանյանի խոսքերով, այս
հարցում իշխանությունները գնացել են «խորամանկության»՝ քաղաքացիական
ծառայությունը փոխարինելով աշխատանքայինով:
Իրականում ԵԽ առջեւ ստանձնած գրեթե բոլոր պարտավորությունների կատարման
հարցում ակնհայտ են «խորամանկության» տարրերը: Իսկ եվրոպացիները դրանք
առայժմ չեն նկատում, ավելի ճիշտ՝ ձեւացնում են, թե չեն նկատում: Իսկ դրա
մասին նրանք Հայաստանին կհիշեցնեն, երբ դա անհրաժեշտ կլինի իրենց: