Շաբաթ օրը Գյումրիում կայացել է Համաժողովրդական շարժման առաջին մարզային հանրահավաքը, որին, չնայած հորդառատ անձրեւին, մասնակցել են բավական մեծ թվով քաղաքացիներ: Հանրահավաքում ունեցած ծավալուն ելույթում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ մարտի 1-ի իրադարձությունների իրական պատասխանատուն ոչ թե Ոստիկանությունն ու բանակն են, ինչպես նշում են շատերը, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ոստիկանությունը ժողովրդի վրա չի՛ կրակել: Դա Ռոբերտ Քոչարյանն է երազում իր ոճրագործությունը բարդել ոստիկանների վրա: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ոստիկանությունը ժողովրդի վրա չի կրակել…»,- ասել է Լ. Տեր-Պետրոսյանը՝ ավելացնելով, թե քանի դեռ թեկուզ մեկ քաղբանտարկյալ կմնա անազատության մեջ, ժողովուրդը փողոցից տուն չի գնա: Նա տեղեկացր է, որ առաջիկայում հանրահավաքներ են լինելու նաեւ հանրապետության այլ բնակավայրերում: Իսկ Համաժողովրդական շարժման հաջորդ հանրահավաքը կայանալու է ուրբաթ օրը՝ հուլիսի 4-ին, եւ, ինչպես անցած շաբաթ հայտարարել էր Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, եթե մինչ այդ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, Լ. Տեր-Պետրոսյանն այդ օրը հանդես կգա իշխանությունների հետ երկխոսության կոնկրետ ծրագրով: