ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության միակ ընդդիմադիր ներկայացուցիչ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունիսի 25-ին 1609 բանաձեւի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ դադարեցնում է իր մասնակցությունը ԵԽ ԽՎ աշխատանքներին: «Հայաստանի հանրությունը եւ Եվրոպայի խորհուրդն արժանի չեն միմյանց… Ես առկախում եմ իմ մասնակցությունը Վեհաժողովի աշխատանքներին՝ մինչեւ այն ժամանակը, երբ Հայաստանը կհամապատասխանի իր եւ Եվրախորհրդի չափանիշներին»,- ասել էր նա:
Սակայն «Ժառանգության» ղեկավարի այդ քայլը որոշիչ չեղավ, եւ շաբաթ օրը Հայաստանի պատվիրակության մյուս անդամները վերադարձան Հայաստան` իրենց հետ բերելով նոր` 1620 բանաձեւն ու 6 ամսվա ընթացքում դրա պահանջների կատարման «պարտականությունները»: Փաստորեն, բացի այդ, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը ունեցավ մեկ այլ «ձեռքբերում»` ազատվեց պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցչից: Գաղտնիք չէ, որ նախկինում Հայաստանի պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչները ԵԽ ԽՎ-ում իրենց ունեցած քննադատական ելույթների համար իշխանական ուժերի կողմից ընկալվել են որպես «դավաճան»: Վերջիններիս մեղադրում էին մեր ներքին հարցերը կամ «կեղտոտ սպիտակեղենը» երկրից դուրս հանելու մեջ։ Իսկ ինչպես են այսօր գնահատում ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամի կողմից իր մանդատն առկախելու քայլը քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու ԵԽ ԽՎ-ում մեր երկրի պատվիրակության անդամները:
«Մեր պատվիրակությունը 1 հոգով պակասեց, բայց մենք կշարունակենք նույն ոգով աշխատել»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ստրասբուրգից վերադարձած Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Ավետ Ադոնցը: Իսկ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը Ր.Հովհաննիսյանի քայլը գնահատեց որպես «ամբիցիաների արդյունք» եւ ավելացրեց, թե միայն մեկ հոգու հրաժարականը չի կարող բացասաբար անդրադառնալ պատվիրակության աշխատանքների ու ՀՀ քաղաքականության վրա: Բայց արդյո՞ք այդ աշխատանքը կամ ՀՀ շահերը չեն տուժի, եթե եվրոպական կառույցներում իշխանության մոտեցումներից տարբերվող տեսակետներ չհնչեն: «Ր.Հովհաննիսյանը քաղաքական դաշտում չէ: Եթե նա ուզում էր իր աշխատանքով օգնել Հայաստանին, չպետք է հրաժարվեր»,- ասաց նա: Մեզ չհաջողվեց զրուցել ՀՅԴ-ական, ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության նախկին ղեկավար եւ ներկայիս անդամ Արմեն Ռուստամյանի հետ: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հրաժարվեց մեկնաբանություններից ` պատճառաբանելով, թե դեռ չի հասցրել խոսել գործընկերների հետ եւ իմանալ Ր.Հովհաննիսյանի այդ քայլի իրական պատճառները: Նա խուսափեց նաեւ գնահատել ԵԽ ԽՎ-ի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող բանաձեւերը: «Ես բանաձեւերը դեռ չեմ կարդացել եւ մամուլի հրապարակումներն էլ չեմ ուզում հիմք ընդունել»,- ասաց Ա.Շահբազյանը: «Իմ անձնական մոտեցումն այն է, որ փորձ արվեց ԵԽ-ին ցույց տալու, թե ՀՀ հանդեպ որդեգրած քաղաքականության մեջ մենք ակնկալում ենք ավելի մեծ հետեւողականություն: Դժվար է այդ քայլի ճշգրիտ շարժառիթը ասել, բայց շատ տրամաբանական էր Ր.Հովհաննիսյանի կողմից արձագանքել մեր նկատմամբ տեղի ունեցած նման վտանգավոր զարգացումներին,- այսպես որակեց ՀՀ արտաքին գործերի նախարարի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը` ավելացնելով,- Խոսքը նախ եւ առաջ ԼՂՀ-ի մասին դրույթին է վերաբերում: Վստահ եմ, որ այս քայլը ԵԽ ԽՎ-ին մտորելու առիթ կտա: Ես շատ կուզենայի, որ դա պրոյեկցիա անեինք մեր վրա, թե մենք ինչպես ենք վերաբերվում դրան, եւ մեր քաղաքական համակարգն ինչպիսի արձագանք պիտի տա այս միանգամայն անհասկանալի քայլին: Եվրոպացիների գնահատականը թողնենք եվրոպացիներին, իրենք պետք է որոշեն, թե ինչպես պետք է արձագանքեն, բայց մերոնք պետք է ներսում մտածեն, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որի պատճառով ընդդիմության միակ ներկայացուցիչը նման դեմարշ է անում»:
Մինչ 1620 բանաձեւի քվեարկությունը, ԵԽ ԽՎ-ն ընդունեց «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Ադրբեջանում» բանաձեւը, որտեղ նշում է, թե Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է, եւ դա հետեւանք է այն բանի, որ նրա տարածքային աբողջականությունը վերականգնված չէ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւից հետո ԵԽ ԽՎ-ն միջազգային հաջորդ կառույցն է, որը շեշտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը: «Ադրբեջանի բանաձեւը շատ կոշտ, շատ խիստ բանաձեւ է: Սակայն ԵԽ ԽՎ-ն գալիք ընտրությունները հաշվի առնելով` ստավկան դրեց հոկտեմբերին Ադրբեջանում տեղի ունեցող նախագահական ընտրությունների վրա: Այնպես որ, ամեն ինչ կախված է Ադրբեջանի ընտրություններից»,- այդ բանաձեւը գնահատելու մեր հարցին ի պատասխան՝ ասաց Ա.Ադոնցը: Տպավորություն է ստեղծվում, որ մեր իշխանությունները սպասում են եւ մեծ ցանկություն ունեն, որ Ադրբեջանում եւս վատ ընտրություններ անցկացվեն, որ ԵԽ ԽՎ-ն այդ երկրի հանդեպ պատժամիջոցներ կիրառի: Սակայն լուրջ չի լինի ենթադրել, թե ընտրությունների պատճառով է ԵԽ ԽՎ-ն ընդգծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտությունը: Ի դեպ, Ադրբեջանի մասին բանաձեւի հետ կապված ԲՀԿ-ական իր գործընկերոջից միանգամայն տարբեր կարծիք ունի Գ.Սահակյանը: Ըստ նրա՝ ԵԽ ԽՎ-ն մամլիչ ֆորում չէ, որտեղ բոլորին պատժում են: «Դա ժողովրդավարության հետ կապված գործընթաց է, կարծում եմ, որ պատժի մասին չպետք է մտածել: Պարզապես պրիմիտիվ քաղաքական մոտեցում դրսեւորեցին, թե Ադրբեջանի ժողովրդավարությանը խանգարում է Ղարաբաղը»,- ասաց Գ.Սահակյանը: Նա, սակայն, չի կարծում, որ այդ «պրիմիտիվ քաղաքականությունը» հետագայում կարող է ՀՀ-ի ու Ղարաբաղի համար անցանկալի հետեւանքներ ունենալ: Նրա ունեցած «ինֆորմացիան կամ պատկերացումները լրիվ այլ հարթության վրա են»: «Եթե ազգը չի ցանկանում այլ դիրքորոշումներ ունենալ, քան մեր ունեցածը Ղարաբաղի հարցում, որեւէ մեկը մեր ձեռից չի խլելու: Դա փոքր տիպի քաղաքական գործիչների մոտեցումը կլինի: Ադրբեջանի գործընթացները չեն կարող կապվել Հայաստանի հետ»,- համոզված է պատգամավորը:
Իսկ ընդդիմության ներկայացուցչի կարծիքով՝ թեեւ 1620 բանաձեւի արդյունքում Հայաստանը եւս կես տարով մնալու է ԵԽ ԽՎ մոնիտորինգի շրջանակում, սակայն դա այդքան էլ վտանգավոր չէ: Շատ ավելի վտանգավոր է Ադրբեջանին վերաբերող բանաձեւը: «Գնահատականները, պարտավորությունները փոքր-ինչ մեղմվեցին բուն Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասով, բայց, ինչ վերաբերում է ռազմավարական խնդրին, որոնք հեռանկարային առումով շատ ավելի կարեւոր են Հայաստանի համար, շատ կոշտ բանաձեւ ընդունվեց: Այդ բանաձեւն ընդունվեց ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի բանաձեւի մեջ` կիրառելով ադրբեջանանպաստ բոլոր դրույթները, որոնք թերեւս հաստատվել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում: Դա շատ վտանգավոր զարգացում էր»,- ասաց Վ.Կարապետյանը: