«Նոր Ժամանակները» հրաժարվել է

05/07/2008

«Նոր Ժամանակներ» կուսակցությունը երեկ, նախագահ Արամ Կարապետյանի անունից, նամակ է ուղարկել մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին` ընդգծելով, որ իրենք նպատակահարմար չեն գտնում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: «Ինչպես արդեն հայտնի է, մեր մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո ԵԽ ԽՎ-ն իր լիագումար նիստում ապրիլի 17-ին ընդունեց 1609 բանաձեւը, որում ՀՀ իշխանություններին կոչ արեց անհապաղ նախաձեռնել 2008թ. մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ու դրանց հանգեցրած հանգամանքների անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն: Հունիսի 25-ին ԵԽ ԽՎ-ն ընդունեց 1609 բանաձեւի կատարման վերաբերյալ նոր բանաձեւ` 1620, որում մի քանի կետերով անդրադարձ կա նաեւ Ձեր ղեկավարած հանձնաժողովին: Մասնավորապես 4.5 կետում նշված է. «Հաշվի առնելով, որ հետաքննող հանձնաժողովն ընդամենը վերջերս է կազմավորվել, Վեհաժողովը չի կարող այս պահին գնահատել անկախության, թափանցիկության եւ վստահելիության չափորոշիչները: Վեհաժողովը նաեւ հարկ է համարում նշել, որ հանձնաժողովի ձեւաչափը եւ կազմն ինքնին չեն երաշխավորում հանձնաժողովի անկախությունը եւ անկողմնակալությունը, ուստի նաեւ` դրա վստահելիությունը հայաստանյան հանրության տեսակետից»: ՆԺԿ-ն ամբողջությամբ կիսում է ԵԽ ԽՎ-ի տեսակետներն ու մտահոգությունները, հետեւաբար Ձեր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներին իր մասնակցության որոշման հարցը հետաձգում է մինչեւ սեպտեմբերը: Մյուս կողմից էլ հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ գալիք ամիսներին մեր երկիրը լինելու է ԵԽ ԽՎ-ի մոնիտորինգի ներքո, եւ այդ համատեքստում կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձինք այցելելու են Հայաստան` տեղում հետեւելու 1620 բանաձեւի պահանջների կատարման ընթացքին, ինչի արդյունքում ներկայացվելու են համապատասխան զեկույցներ, ուստի «Նոր Ժամանակներ» կուսակցությունը նույնպես ուշի-ուշով կհետեւի Ձեր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներին եւ դրանցում իր մասնակցության հարցը կորոշի նաեւ այդ աշխատանքների արդյունավետության աստիճանից ելնելով»,- ասված է Ս. Նիկոյանին ուղղված նամակում: