Ի հեճուկս կառավարության, որը որոշում էր կայացրել շաբաթ օրը հայտարարել աշխատանքային օր, Համաժողովրդական շարժման` հունիսի 28-ին Գյումրիում նախատեսված հանրահավաքը կայացել է: Ժամը 17:00-ին հայտարարված հանրահավաքն անցկացվել է 45 րոպե ուշացումով, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանքային օրվա ավարտից հետո մասնակցել դրան:
Չնայած հորդառատ անձրեւին, այդ օրը Գյումրիի հրապարակը մարդաշատ է եղել: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում հայտարարել է, որ իրենք հավաքվել են, որպեսզի իրենց զորակցությունը հայտնեն անազատության մեջ գտնվող իրենց ընկերներին: «Մենք հավաքվել ենք` ասելու, որ ուզում ենք ապրել ժողովրդավարական երկրում, եւ թույլ չենք տա, որպեսզի մի խումբ մարդիկ, որոնց ուղեղները մթագնել են իշխանության մոլուցքից, մեր երկիրը զրկեն զարգացման հեռանկարից»,- հայտարարել է ՀԺԿ նախագահը: Ըստ նրա` գործող իշխանություններն ամենեւին էլ նպատակ չունեն կյանքի կոչել ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները, քանի որ շարունակում են մերժել հանրահավաքների անցկացումն ու բռնությունների ենթարկել երիտասարդ ակտիվիստներին: «Իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենց բռնություններով չեն կարող կոտրել մեր ժողովրդին: Որեւէ բանաձեւ արդյունք չի տա, եթե հասարակությունը չպայքարի իր իրավունքների համար: Այսօր մենք տեսնում ենք, որ մեր հասարակությունը պայքարում է իր իրավունքների համար, սա է երաշխիքը մեր հաղթանակի»,- ասել է նա: Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, թե այսօրվա Համաժողովրդական շարժումն իրեն հիշեցնում է 1988թ. պայքարը, երբ նորից շարժման առաջնորդներին «ձերբակալեցին, տարան մոսկովյան բանտերը, 6 ամիս պահեցին, նորից հրապարակներում սովետական բանակն էր կանգնած տանկերով, եւ թվում էր, որ ամեն ինչ վերջացած է, սակայն «Ղարաբաղ» կոմիտեին ստիպված ազատ արձակեցին, Լեւոն Տեր-Պետրոսյանը բարձրացավ հարթակ, դարձավ ԳԽ նախագահ, դրանից հետո՝ երկրի նախագահ: Ժողովուրդ, այսօր Աստծո կամքով նորից նույնն է կրկնվելու»: Իսկ Համաժողովրդական շարժման առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի զգալի մասը վերաբերել է մարտի 1-ի դեպքերին եւ դրա պատասխանատուներին։ «2003թ. ընտրությունները, 1998թ. ընտրությունները կեղծված էին նույնքան, որքան կեղծված էին 2008թ. ընտրությունները: Այս 3 ընտրություններում էլ ժողովրդի ձայները գողացված են, բայց 2008թ. տարբերվում է առաջին 2 ընտրություններից, որովհետեւ իշխանությունները ոչ միայն կեղծեցին ընտրությունները, բռնություններ գործադրեցին, այլ սրանց վրա գումարեցին նաեւ մարտի 1-ի եղեռնագործությունը սեփական ժողովրդի դեմ: Սա նոր երեւույթ է: Այդ երեք ընտրություններում այս իշխանությունների ատելության կուտակումն է մեր ժողովրդի դեմ, որը նրանք արտահայտեցին կրակոցներով: Կատարված է հրեշավոր ոճրագործություն: Պատասխանատուներն, իսկապես, հայտնի են, եւ նրանց անուններն այստեղ թվարկվեցին (Դավիթ Շահնազարյանը Գյումրիում հայտարարել է, որ մարտի 1-ի պատասխանատուներն են` Ռոբերտ Քոչարյանը, Գրիշա Սարկիսյանը, Միքայել Հարությունյանը եւ Աղվան Հովսեփյանը.- Լ.Ս.)»,- ասել է Լ. Տեր-Պետրոսյանը: Եվ հակադարձելով հանրահավաքում հնչած այն հայտարարություններին, թե մարտի 1-ի դեպքերի համար պատասխանատու է նաեւ Ոստիկանությունը, Լ. Տեր-Պետրոսյանն ասել է. «Մեկ ճշտում. խոսվեց, որ այդ ոճրագործությանը մասնակցել է նաեւ Ոստիկանությունը: Դա այդպես չէ: Դա սխալ է: Ոստիկանությունը ժողովրդի վրա չի՛ կրակել: Դա Ռ. Քոչարյանն է երազում իր ոճրագործությունը բարդել ոստիկանների վրա: Այսինքն՝ նա կրկնակի ստորություն է գործում. առաջինը՝ կրակել է. իսկ երկրորդը՝ իր հանցանքը բարդում է ուրիշների վրա: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ոստիկանությունը ժողովրդի վրա չի կրակել»: Առաջին նախագահն ավելացրել է, որ այդ օրը «ժողովրդի վրա չի կրակել նաեւ բանակը»: «Այդ դեպքում դուք կարող եք հարց տալ՝ ո՞վ է կրակել: Սա շատ փորձված մեթոդ է, որը Ռոբերտ Քոչարյանից առաջ կիրառել են երիտթուրքերն՝ Օսմանյան Թուրքիայում, եւ կիրառել է Հիտլերը՝ Գերմանիայում: Այսպիսի ստոր արարքների համար միշտ օգտագործվել են քրեական տարրերը եւ վարձու մարդասպանները: Երիտթուրքերը Հայոց ցեղասպանությունից առաջ բանտերից ազատեցին բոլոր մարդասպաններին, բոլոր քրեական հանցագործներին եւ կազմեցին հատուկ ջոկատներ, որոնք իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը: Նույնը կատարեց Հիտլերը Գերմանիայում. նա բանտերից ազատեց բոլոր հանցագործներին եւ մարդասպաններին, որոնց կազմած հատուկ ջոկատներն իրականացրին հրեա ժողովրդի ցեղասպանությունը, կամ, ինչպես ասում են՝ ողջակիզումը՝ Հոլոքոստը: Նույն բանը կատարել է Ռ. Քոչարյանը։ Այդ մարդասպանները քրեական տարրեր են, նախկինում բազմիցս դատված: Մենք նաեւ գիտենք, թե որ շրջանակներից են ընտրված՝ դրանց մի մասը Ղարաբաղից են, իսկ մյուս մասը մեր հայտնի օլիգարխների սափրագլուխներն են: Եվ թող վստահ լինեն, որ նրանցից ոչ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից: Ես ուզեցի այս ճշտումը կատարել, որպեսզի մեր ժողովրդի մեջ որեւէ դժգոհություն կամ ատելություն չառաջանա դեպի մեր Ոստիկանությունը, դեպի մեր բանակը: Նրանք, այո, կատարել են հրամաններ՝ մահակներով, բայց ժողովրդի վրա չեն կրակել»: Լ. Տեր-Պետրոսյանը խոսել է նաեւ այն մասին, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ժողովրդի մի մասն իր քվեն այս կամ այն թեկնածուին է տվել ընտրակաշառքի դիմաց: «Եկեք խոստովանենք, որ ժողովուրդն էլ մեղք ունի անցած ընտրություններում, համենայնդեպս, նրա մի մասը չդիմացավ ընտրակաշառք վերցնելու գայթակղությանը: Մենք եղբայրներ ենք, քույրեր ենք եւ չենք կարող այս բաները չասել իրար: Համոզված եղեք` այդ մարդիկ ոչ միայն մոլորվել են, այլ նաեւ մեծ սխալ են գործել՝ ի վնաս իրենց եւ իրենց երեխաների: Ի՞նչ ստացաք այդ ընտրակաշառքի դիմաց՝ 5 հազա՞ր, 10 հազա՞ր. չգիտեմ՝ որքան էր: Այդ 5000, 10.000-ն այս 3 ամսում արդեն տասնապատիկ Ս.Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը հետ են վերցրել՝ սննդամթերքի, բենզինի եւ բոլոր այլ ապրանքների թանկացումով: Մենք սա բացատրում էինք ձեզ: Մի՞թե դժվար է հասկանալ, որ մի բան տալիս են ձեզ, տալիս են ոչ թե ձեր գեղեցիկ աչքերի համար, այլ իրենց համար են տալիս եւ ակնկալում են, որ տասնապատիկն են ստանալու: Սա մեկ մոլորություն էր, որը, դժբախտաբար, իր տեղն ունեցավ այս ընտրություններում»,- ասել է նա: Հաջորդ մոլորությունը, որին տրվել է մարդկանց որոշակի մասը, ըստ Լ.Տեր-Պետրոսյանի` «այն հայտնի պոպուլիստ թեկնածուի ձայներն էին, որոնք հատկապես Շիրակի մարզում վճռական դեր խաղացին Ս. Սարգսյանի հաղթանակի գործում»: «Ես ասել եմ, որ այդ մարդու անունը չեմ տալու՝ Անվտանգության խորհրդի քարտուղարն է (խոսքը Արթուր Բաղդասարյանի մասին է.- Լ.Ս.): Ես վստահ եմ՝ այս հրապարակում այսօր կանգնած են ոչ միայն իմ համակիրները, այլ նաեւ նրանցից շատերը, ովքեր ձայն են տվել ԱԽՔ-ին: Թող սա մեզ դաս լինի, որպեսզի մենք հետագայում չխաբվենք այդպիսի թեկնածուներով: Դժբախտաբար, բոլոր ընտրություններում գտնվել են այդպիսի մարդիկ, եւ նրանք բավականին ձայներ են տարել ընդդիմության թեկնածուից՝ հետագայում այդ ձայները նվիրելով «հաղթող» համարվող նախագահին: 1998թ. ընտրություններում դա Վազգեն Մանուկյանն էր, 2003-ին՝ Արտաշես Գեղամյանն էր, 2008-ին` ԱԽՔ-ն էր»,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը: Նրա համոզմամբ` գործող իշխանությունները 3 սխալ են կատարել: Առաջինը, Լ. Տեր-Պետրոսյանի դիտարկմամբ, այն է, որ այս իշխանությունները երկրում որեւէ հենարան չունեն, չկա մի սոցիալական խումբ, որը աջակցի, պաշտպանի Ս. Սարգսյանին: «Նրան պաշտպանում են միայն այն մարդիկ, ովքեր օգտվում են իշխանության կերակրատաշտից: Ուրեմն, ինչի՞ վրա ես հույսդ դրել, որ կարող ես կառավարել այս ժողովրդին՝ միայն մահակի, միայն բանտի, միայն «Կալաշնիկով» ավտոմատի՞ վրա: Ուրիշ ոչ մի փաստարկ Ս. Սարգսյանը չունի այս ժողովրդի առջեւ: Այս իշխանությունները սխալվում են, քանի որ նույնիսկ այս մեթոդներն այսօր մեր ժողովրդի վրա կիրառելի չեն»,- հայտարարել է առաջին նախագահը: Իշխանությունների երկրորդ սխալը, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի՝ այն է, որ այսօր մեր ժողովուրդն այլեւս այն չէ, որին իշխանությունն իշխել է 10 տարի. «Սա ուրիշ ժողովուրդ է: Այսօր ժողովուրդը խոսում է եւ՛ ազգային-ազատագրական պայքարի մասին, եւ՛ ԼՂ-ի մասին, բայց խոսում է նաեւ օրենքի գերակայության մասին, խոսում է դեմոկրատիայի մասին, արդար ընտրությունների մասին եւ, վերջապես, խոսում է ազատության մասին, որն ամենամեծ արժեքն է մարդկության համար, որովհետեւ Աստված մարդուն ստեղծել է ազատ: Ցանկացած մարդ, որ սահմանափակում է մարդու ազատությունը՝ նա անաստված է»: Եվ վերջապես՝ երրորդ սխալն, ըստ նրա` այն է, որ իշխանություններին թվում է, թե ժողովուրդը կհոգնի, կձանձրանա եւ կդադարեցնի իր պայքարը: «Այս 4 ամսվա իրականությունը նրանց պետք է հասկացներ, որ մեր ժողովուրդն իր պայքարը դադարեցնելու, նահանջելու մտադրություն չունի»,- ասել է նա` հավելելով, թե նման հանրահավաքներ նախատեսում է առաջիկայում անցկացնել նաեւ այլ քաղաքներում ու գյուղերում: «Քանի դեռ թեկուզ մեկ քաղբանտարկյալ կմնա անազատության մեջ, ժողովուրդը փողոցից տուն չի գնա»,- վստահեցրել է Լ. Տեր-Պետրոսյանը` ավելացնելով, որ առաջիկայում, բացի զանգվածային միջոցառումներից, կստեղծվի նաեւ մնայուն մի կազմակերպություն, որը կդառնա «ՀՀ-ի առաջիկա գոյության մշտական գիտակից գործոնը»: Ի դեպ, Լ. Տեր-Պետրոսյանի կանխատեսմամբ` առաջին քավության նոխազը լինելու է Տիգրան Սարգսյանը: «Մեր ժողովրդի կենսամակարդակի միլիմետր անգամ բարելավում չի լինելու, եւ գալու է մի պահ, որ այս ամբողջի մեղքը Ս. Սարգսյանը բարդելու է Տիգրան Սարգսյանի վրա, եւ նա դուրս է շպրտվելու իշխանության նավից: Այս ամենը քաջ գիտակցում է նաեւ Տ. Սարգսյանը, եւ նա պետք է ժողովրդի հետ այլ լեզվով խոսի եւ ոչ թե` թատրոնի տեսքով խորհրդակցություններ հրավիրի իր մոտ»,- ասել է նա: