«Ադրբեջանական կողմը բարձր է գնահատում ԵԱՀԿ ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան: «ԵԱՀԿ ԽՎ-ի ղեկավար Գորան Լենմարկերը հայտարարում է, որ այսօր Բաքուն ու Երեւանն ունեն «ոսկյա հնարավորություն» հակամարտության կարգավորման համար, եւ մենք բարձր ենք գնահատում այդ մոտեցումը»,- ասել է Բ. Մուրադովան: Հիշեցնենք, որ Գ.Լենմարկերն այդ հայտարարությունն արել է ԵԱՀԿ ԽՎ 17-րդ նստաշրջանի ընթացքում, որն աշխատանքը սկսել է Աստանայում: «Պարոն Լենմարկերը գտնում է, որ հակամարտությունը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով, մենք դա քաջ գիտակցում ենք, բայց որքան էլ դա ցանկանանք, դրան հասնել դեռ հնարավոր չի եղել»,- նշել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարը: