Երեկ Լիտվայի խորհրդարանն օրինականացրել է երկքաղաքացիությունը: Ըստ նոր օրենքի, երկքաղաքացիության իրավունքից կարող են օգտվել այն անձինք, ովքեր ծնվել են Լիտվայում, բայց հետագայում բնակություն են հաստատել Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում: «Մենք այնքան էլ մեծ երկիր չենք, որպեսզի երես թեքենք նրանցից, ովքեր մեկնել են արտասահման: Վաղ թե ուշ նրանք վերադառնալու են, եւ դռները նրանց առջեւ պետք է բաց լինեն»,- ասել է խորհրդարանի փոխխոսնակ Գինտարաս Ստեպոնավիչյուսը: Երկքաղաքացիության քննադատները, սակայն, պնդում են, որ ճիշտ որոշում չի կայացվել, քանզի մարդիկ դուրս են եկել Լիտվայից՝ հետապնդելով սեփական շահը, եւ նրանց չպետք է առավելություն տրվի: