Իմպիչմենտ` ԵՊՀ-ո՞ւմ

05/07/2008

Օրերս ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի 4 դասախոսներ` Սարգիս Ղանթարջյանը, Հայկ Ղազարյանը, Ռուբեն Դավթյանը եւ Սեդրակ Հովհաննիսյանը (նրանցից երկուսն ամբիոնի վարիչներ են, երեքը` պրոֆեսորներ) ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից ծանուցագիր են ստացել այն մասին, որ թոշակի տարիքի կապակցությամբ հեռացվում են աշխատանքից: Իրականում նրանց հեռացման պատճառն այլ է. վերջիններս տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունների ժամանակ պաշտպանել են Հայկ Սարգսյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ հունիսի 20-ին, հակառակ Ա. Սիմոնյանի ջանքերի, Հ. Սարգսյանը վերընտրվեց դեկանի պաշտոնում: Ընդ որում, նույն ֆակուլտետում վերոնշյալ անձանցից ավելի տարեց դասախոսներ եւս աշխատում են` Գրիգոր Ղարիբյանը եւ Մելս Սահակյանը: Բայց, քանի որ նրանք չեն պաշտպանել Հ. Սարգսյանին, ռեկտորից ծանուցագիր չեն ստացել: Շրջանառվող լուրերի համաձայն, ԵՊՀ մի շարք դեկաններ եւ դասախոսներ` Հայկ Սարգսյանի, իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի եւ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի գլխավորությամբ, Ա. Սիմոնյանի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել: Ի դեպ, սա ԵՊՀ-ի պատմության մեջ առաջին դեպքը կլինի, երբ պրոֆեսորադասախոսական կազմը իմպիչմենտ կհայտարարի ռեկտորին: