Ժոզե Սարամագո (Ծնվ.1922թ.)

05/07/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Պորտուգալացի գրող Ժոզե Սարամագոյին հաճախ համարում են «մոգական ռեալիզմի» ներկայացուցիչներից մեկը եւ համեմատում են հայտնի լատինաամերիկացիների` Բորխեսի, Կորտասարի, Ֆելիսբերտո Էրնանդեսի, Կարլոս Ֆուենտեսի, Մարկեսի եւ այլոց հետ: Այդ զուգահեռներից Սարամագոն, սակայն, հրաժարվում է (շատ բարձր գնահատելով բոլոր նշված գրողներին)՝ պնդելով, որ անձամբ իրեն ամենից շատ տպավորում են Սերվանտեսն ու Գոգոլը:

1998 թվականին Ժոզե Սարամագոն արժանացավ Նոբելյան մրցանակի. «գործերի համար, որոնք, օգտագործելով երեւակայությամբ, կարեկցանքով եւ հեգնանքով զորացված առակներն ու այլաբանությունները, հնարավորություն են ընձեռում հասկանալու պատրանքային իրականությունը»:

Սարամագոյի «Հուշ եկեղեցու մասին» վեպը, որը բարկացրել էր Վատիկանին իր անկեղծ հակակղերական պախարակումներով, ժամանակին ուզում էր էկրանավորել Ֆեդերիկո Ֆելինին, ով իր զրույցներից մեկում ասում էր, որ դա, թերեւս, իր կարդացած լավագույն վեպերից մեկն է:

Սակայն ամենամեծ իրարանցումն առաջացրեց Ժոզե Սարամագոյի «Ավետարանն ըստ Հիսուսի» 1991-ին լույս տեսած վեպը: Կաթոլիկ եկեղեցին իր հիմնականում հաստավիզ ու կլորիկ եկեղեցականների բերանով (այստեղ կարելի էր հիշել Բոսխի նկարներից մինչեւ Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ ու կեսի» եկեղեցու սպասավորներին) հավատուրացության մեղադրանքներով անարգում էր հեղինակին եւ վեպը, համարելով այն «աստվածանարգ» գիրք, որը խեղաթյուրում է պատմական ճշմարտությունը եւ նենգափոխում Նոր Կտակարանի գլխավոր պերսոնաժների բնույթը: Եկեղեցին նշավակեց այն՝ որպես «զրպարտչագիր», քանի որ Հիսուսի կերպարն այնտեղ զերծ է ամենայն փքուն հերոսականությունից: Սարամագոյի Հիսուսը մարդ է՝ մարդկանց ներհատուկ բոլոր դժբախտություններով եւ կասկածներով, ցանկություններով եւ սխալներով: Գրքի շուրջ բարձրացրած աղմուկը կարելի է համեմատել, թերեւս, միայն Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպի հետ կապված իրարանցման հետ: Վեպն այս թարգմանվել եւ տպագրվել է 25 լեզվով եւ 20 անգամ վերահրատարակվել է Պորտուգալիայում:

Մոսկվայի «Մախաոն» հրատարակչությունը 2006 թվականին լույս ընծայեց Սարամագոյի «Ավետարան ըստ Հիսուսի» վեպը, իր «Արտասահմանյան արձակ» շարքով:

Ժոզե Սարամագոն տաղանդավոր ինքնուս է, ով լիովին իրեն նվիրել է գրականությանը եւ ճանաչման է հասել միայն անցյալ դարի 60-ական թվականներին: Չնայած նրա հետեւողական ձախ հայացքներին, ոչ ոք, բացի Վատիկանի վարչակարգից, չի կասկածում եւ վիճարկում մեր դարաշրջանի լավագույն գրողներից մեկը համարվելու նրա իրավունքը, թեպետ ինքը՝ Սարամագոն, մի անգամ դառնորեն խոստովանել է, որ իրեն երբեմն թվում է, «թե ավելի հեշտ է հասնել Մարս մոլորակ, քան` մարդկանց սրտերին»:

Սարամագոյի ստեղծագործությունների մեծ մասը հիմնված է ֆանտաստիկ ենթադրությունների եւ վարկածների վրա:

1986 թվականին գրված «Քարե լաստը» այլաբանական վեպում նկարագրվում է, թե ինչպես Իբերիական թերակղզին պոկվում է մայրցամաքային Եվրոպայից եւ սկսվում է հոսընթացով տարվել Հարավային Ամերիկայի կողմը: Առօրեական անեկդոտ-խրատների յուրատեսակ հավաքածու «Քարե լաստը» այլաբանորեն պատմում է Եվրոպայի եւ Պորտուգալիայի փոխհարաբերությունների մասին, «որն այլեւս մեծ հայտնագործություններ չի կատարի, եւ լոկ դատապարտված է անհայտ գալիքի անվերջանալի սպասմանը»: Շատ ծանոթ եւ տխրամած մի վիճակ՝ նաեւ մեզ համար: Այդ ֆանտազիան, ինչպես հեղինակն ինքն էր ասում. «Եվրոպայի քամահրանքի հանդիման «կոլեկտիվ-անգիտակցական-պորտուգալական» վիրավորանքի արդյունքն է»:

«Քարե լաստը» ռուսերեն առաջին անգամ տպագրվել էր 1999 թվականին «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրում, իսկ այս տարի ռուսական «ԷՔՍՄՈ» հրատարակչությունն այն լույս ընծայեց առանձին գրքով:

Իսկ 2003 թվականին Մոսկվայի «Մախաոն» հրատարակչությունը լույս ընծայեց Ժոզե Սարամագոյի թերեւս լավագույն վեպը` «Ռիկարդո Ռեյսի մահվան տարին»:

Սարամագոն բազմիցս անդրադարձել է Պորտուգալիայի պատմությանը («Լիսաբոնի պաշարման պատմությունը» վեպը) եւ մշակույթին («Լուիզիադների» հեղինակ պորտուգալական գրականության պարծանքներից մեկին` Լուիս դե Կամոենսին նվիրված «Ի՞նչ պետք է ես անեմ այս գրքի հետ» պիեսը եւ պորտուգալացի թերեւս ամենամեծ բանաստեղծին նվիրված «Ռիկարդո Ռեյսի մահվան տարին» վեպը):

Ինչպես նշել էի դեռեւս Ֆերնանդո Պեսոային նվիրված էջում, Ռիկարդո Ռեյսը (Պորտուգալացի պոետ, ում բանաստեղծությունները տպագրվեցին հետմահու` 1942 թվականին) երբեք գոյություն չի ունեցել: Իրականում դա 20-րդ դարի մեծագույն պորտուգալացի բանաստեղծ Ֆերնանդո Պեսոայի (1898-1935) հետերոնիմն էր` տարանունը, կամ, ավելի ճիշտ, նրա բազում այլ «ես»-երից մեկը, եւ «Ռիկարդո Ռեյսի մահվան տարին» ինքը՝ Պեսոան, հորինել չհասցրեց: Այնպես որ, հետերոնիմը հեղինակից երկար ապրեց, եւ նրա կենաց պատմությունն անավարտ էր մնացել, մինչեւ որ այն իր գրքում լրման հասցրեց Ժոզե Սարամագոն:

Զարմանահրաշ արձակ, իրական-անիրականի չնաշխարհիկ խաղ, հեղինակը եւ իր հետերոնիմները` նրա երկրորդ «ես»-ը: Սարամագոն (անշուշտ, հետեւելով Պեսոային) մոգոնած մարդկանց օժտում է իրական կյանքով, իսկ իրական մարդկանց` հետմահու կյանքով: Սարամագոն, բառիս բուն իմաստով, արարիչ է, նա, առաջին հայացքից, առանձին, համապարփակ եւ ինքնաբավ մի աշխարհ է ստեղծում, որը, սակայն, այնքան միաձույլ է իրական աշխարհին, մեր աշխարհին, մեր պատմության աշխարհին, որ հեղինակային հորինվածքն ասես երկրորդ պլան է մղվում, եւ մենք հավատում ենք հեղինակին եւ նրա ստեղծած աշխարհին: Վեպի վերջը շամփրող-զրնգուն է եւ, չգիտես որտեղից հնչող երաժշտության պես, երկար ծավալվում է ներսում: Գոյություն չունեցող պերսոնաժը ձեռքն է վերցնում գոյություն չունեցող հեղինակի գոյություն չունեցող գիրքը եւ գնում դեպի անհայտություն, «որպեսզի այս աշխարհում մի հանելուկ պակասի»:

Եվ ահա վեպի վերջին տողերը. «Նրանք տնից դուրս եկան, եւ Ֆերնանդո Պեսոան դեռ նկատեց` գլխարկը չվերցրինք: Դուք ինձանից լավ գիտեք, որ այնտեղ գլխարկ չեն դնում: Նրանք կանգնեցին այգու ճանապարհի վրա, նայեցին դժգույն շողշողացող գետին, սպառնալից կախված ժայռերին: Դե ինչ, գնանք, ասաց Ֆերնանդո Պեսոան: Գնանք, ասաց Ռիկարդո Ռեյսը: Ադամատորը չշրջվեց, որպեսզի նայի նրանց, նրան թվում էր, որ այս անգամ նա կկարողանա որոտընդոստ ճիչ արձակել: Այստեղ, ուր վերջանում է ծովը, եւ սպասում է հողը»:

Այս տարի «ԷՔՍՄՈ» հրատարակչությունը լույս ընծայեց «Հուշ եկեղեցու մասին» վեպը, որը, չգիտեղ ինչու, անընդհատ համեմատում են Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» աղմկալից եւ մոռացվող գրքի հետ: Սարամագոյի այս վեպը թարգմանվել եւ տպագրվել է տասնյակ լեզուներով, եւ հենց այդ վեպի համար էլ Սարամագոն 1998 թվականին արժանացավ Նոբելյան մրցանակի:

Միջնադարյան Պորտուգալիայի ֆոնի վրա ծավալվում է Բալթասար Յոթ Արեւների եւ Բլիմունդա Յոթ Լուսինների էպիկական սիրո պատմությունը, «քանզի վաղուց ի վեր ասված է, որ եթե կա արեւը, հարկ է՝ լինի եւ լուսինը, որովհետեւ միայն երկուսի ներդաշնակ զուգադրումից, որ սեր է կոչվում, մեր երկիրը բնակվելու համար պիտանի է դառնում»: 1990 թվականին «Լա Սկալա» թատրոնում բեմադրվեց «Բալթասար եւ Բլիմունդա» օպերան:

Այս տարի «ԷՔՍՄՈ» հրատարակչությունը լույս ընծայեց նաեւ Սարամագոյի «Կրկնակը» վեպը: «Կրկնակի» հերոս Տերտուլիանո Մաքսիմո Աֆոնսոն` բաժանված, միջին տարիքի պատմության ուսուցիչ է: Մի անգամ նա գործընկերոջ խորհրդով վարձույթից մի տեսաժապավեն է վերցնում, որի վրա «Համառ որսորդը որս կխփի» կատակերգությունն է, եւ հանկարծ պարզում է, որ էպիզոդիկ դերակատարներից մեկը ճիշտ եւ ճիշտ իր կրկնակն է: Այդ մարդու փնտրտուքը Տերտուլիանոսի համար վերածվում է իրական կախարդանքի, եւ ճամփորդության՝ առ մետաֆիզիկական խավարի սիրտը:

Նույն «ԷՔՍՄՈ» հրատարակչությունը լույս ընծայեց նաեւ Սարամագոյի «Կուրություն» եւ «Ընդհատումներ մահվան մեջ» վեպերը: «Կուրությունը» Սարամագոյի ամենահայտնի երկերից մեկն է: Անանուն քաղաքի բնակիչներին վրա է հասնում մի հանելուկային կուրության համաճարակ: Փորձելով կանխել դրա տարածումն, իշխանությունները խստագույն կարանտին են մտցնում եւ սկսում են բոլոր հիվանդներին տեղափոխել քաղաքից դուրս գտնվող թափուր հիվանդանոցը` զորքի վերահսկողության ներքո: Վեպի գլխավոր հերոսները` կուրացած բժիշկ-ակնաբույժը ու նրա կինը, որ կույր է ձեւանում, որպեսզի մնա ամուսնու հետ` փորձում են փրկել իրենց մեջ պեծկլտացող հույսն անշեղորեն դեպի անդունդը գլորվող աշխարհում:

Այս տարի Ֆերնանդու Մեյրելեշն էկրանավորեց այդ վեպը, որում խաղում են Ջուլիանա Մուրը եւ Գաել Գարսիա Բերնալը:

Իր նոր եւ վերջին` 2005 թվականին հրատարակված «Ընդհատումներ մահվան մեջ» վեպում Սարամագոն ծանակում է հենց մահը: Գրքի հիմքում դրված ֆանտաստիկ ենթադրությունը հավելվում է առավելագույնս ռեալիստական մանրամասներով: Ենթադրենք, ասես ասում է նա, որ փոքրիկ եվրոպական երկրում` զարգացած դեմոկրատիայի եւ սահմանադրական միապետության պայմաններում` մարդիկ դադարում են մահանալ: Ծնվում են, ծերանում, նույնիսկ զառամում, բայց էն աշխարհ չեն ուղեւորվում: Հրեշավորապես ահագնանում է սոցիալական ոլորտի ծանրաբեռնվածությունը` լեփ-լեցուն ծերանոցներ, անընդհատ աճող թոշակների բեռը: Սարսափելի հարված պետական կրոնին. չէ՞ որ, եթե մահ չկա, չկա եւ հարություն: Նոր Եդեմը վերածվում է մղձավանջի, սակայն, բարեբախտաբար, մահն ինքը գիտակցում է իր էքսպերիմենտի անհաջողությունը եւ վերականգնում իր տրտմալի, բայց բարեբեր գործունեությունը:

Մեր առջեւ թեմայի ողջ անսովորությամբ հանդերձ՝ իրավիճակների իսկական կատակերգություն է: Երկար-ծորուն նախադասություններին միախառնելով բառախաղային հյուսվածքները եւ զավեշտական ասացվածքները, Սարամագոն շռայլորեն ապտակ է հասցնում պետությանը ու անկում ապրող եկեղեցուն, ընդ որում, հասցնելով ծանակել նաեւ լրատվության արդի լեզուն: Սակայն գրքի վերջում երգիծանքն անսպասելիորեն փոխակերպվում է մաքուր քնարականության` Ժան Կոկտոյի «Օրփեոսի» ոգով: Մահ եւ Աստված` գիր եւ ղուշ են, գրում է 83-ամյա նահապետը:

Ժոզե Սարամագոն իր ստեղծագործության մեջ շարունակում է Ռաբլեից, Սերվանտեսից, Լորենս Սթերնից եւ Գոգոլից սերող եւ անվերջորեն ծավալվող «կառնավալային» ավանդույթը:

Սարամագոյի վերջին վեպն ընթերցելիս՝ հիշեցի մի այլ պորտուգալացի գրողի` Գիմարաենս Ռոզայի պատմվածքներից մեկի վերնագիրը` «Գետի երրորդ ափը», որը կարող է լինել Ժոզե Սարամագոյի պատումի եւ ոճի բնութագիրը: