Պատերա՞զմ, թե՞ ժողովրդավարություն

29/06/2008

Երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից ժամանել են Երեւան, որտեղ այսօր հանդիպումներ են ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Հետաքրքիր զուգադիպությամբ» այս այցից ընդամենը երկու օր առաջ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը միանգամից երկու փաստաթղթերում («Եվրոպայում Ժողովրդավարական հաստատությունների վիճակի վերաբերյալ» եւ «Ադրբեջանում Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցներում) ամրագրեց, որ «Ադրբեջանի ժողովրդավարական զարգացումը չի կայանա, քանի դեռ նրա տարածքային ամբողջականությունը վերականգնված չէ»: Նույնպիսի «զուգադիպությամբ», երեկ ռուսական «Կոմերսանտ» թերթում տպագրված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չի կարելի բացառել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուժային տարբերակը` «առավել եւս, որ ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին»: «Կարծում եմ, երկրում առնվազն երկու մարդ` գլխավոր հրամանատարն ու Պաշտպանության նախարարը, պետք է մտածեն, որ պատերազմը կարող է սկսվել հենց վաղը»,- ասել է Սերժ Սարգսյանը: