«Այդ վշտին կդիմանամ»

29/06/2008

ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի երեք փաստաբանները երեկ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, թե 2008թ. փետրվարի 27-ից, երբ Գ. Ջհանգիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, նա պահվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քկհ-ում: 2008թ. մարտի 7-ին Գ. Ջհանգիրյանը անհասկանալի պատճառներով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քկհ: «2008թ. հունիսի 18-ին ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քկհ-ում Գ. Ջհանգիրյանը հարցազրույց է տվել «Ա1+» լրատվական գործակալությանն ու «Չորրորդ իշխանություն» օրաթերթին: Հաջորդ օրն իսկ` 2008թ. հունիսի 19-ին, Գ. Ջհանգիրյանը ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քկհ-ից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այն դեպքում, որ Գ. Ջհանգիրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.06.2008թ. կայացված որոշման համաձայն՝ Գ. Ջհանգիրյանը պետք է կալանքի տակ պահվեր ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քկհ-ում: ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քկհ-ում Գ. Ջհանգիրյանը գտնվում էր Սմբատ Այվազյանի հետ նույն կալանախցում: Սակայն, այն բանից հետո, երբ Գ. Ջհանգիրյանն ու Սմբատ Այվազյանն ուղերձ են հղել 2008թ. հունիսի 28-ին Գյումրիում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին, 2008թ. հունիսի 26-ին Գագիկ Ջհանգիրյանը տեղափոխվել է այլ կալանախուց եւ պահվում է Սմբատ Այվազյանից առանձին»,- ասված է փաստաբանների տարածած հաղորդագրության մեջ: Փաստաբանների կարծիքով՝ այս տեղափոխությունների նպատակը Ջհանգիրյանի վրա հոգեբանական ճնշում գործադրելն է: Իսկ Գ. Ջհանգիրյանը փաստաբանների միջոցով փոխանցել է հետեւյալ բառերը. «Այդ «վշտին» մի կերպ կդիմանամ, ոգիս անկոտրում է, համոզմունքներիս եւ համաժողովրդական շարժման գաղափարներին դավաճանող չեմ: Ինքնազգազողությունս լավ է, առողջական խնդիրներ չունեմ, ունեմ բազմաթիվ հետաձգված ծրագրեր, որոնք Աստծու օրհնությամբ եւ ժողովրդի օգնությամբ մոտ ապագայում կիրականացնեմ»: