Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` չորեքշաբթի օրը կայացած նիստում Հայաստանի մասին բանաձեւի ընդունումն ուղեկցվեց հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի անակնկալ քայլով. Վերջինս հայտարարեց, որ դադարեցնում է իր մասնակցությունը ԵԽ ԽՎ աշխատանքներին՝ «մինչեւ այն ժամանակը, երբ Հայաստանը կհամապատասխանի իր եւ Եվրոպայի չափանիշներին, իսկ Եվրոպան կիրագործի իր արժեքները, իրավունքներն ու ուղենիշները»: Ր. Հովհաննիսյանի այս քայլը Հայաստանում արժանացավ երկու իրարամերժ գնահատականների: Իշխանական մամուլը դա որակեց՝ որպես «Հայաստանի միջազգային հեղինակությանը հասցված հարված», ընդդիմադիր որոշ գործիչներ հայտարարեցին, թե «Ժառանգության» ղեկավարն այդպիսով ԵԽ ԽՎ-ում արտահայտեց Հայաստանի ժողովրդի առնվազն մի մասի դիրքորոշումը: Ոմանք էլ դա մեկնաբանեցին զուտ իբրեւ քաղաքական-քարոզչական ակցիա: Ստորեւ ներկայացնում ենք ԵԽ ԽՎ նիստում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի՝ Հայաստանի կողմից ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքին վերաբերող հատվածը:
«Ճշմարտությունն ընդունելու մեջ որեւէ ամոթալի բան չկա: Ադրբեջանի համար այդ ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի ազատության ու նրա` նախնյաց հողի վրա ապրելու իրավունքի եւ Նախիջեւանի Ջուղա քաղաքի հայկական (ուստիեւ՝ եվրոպական) ժառանգության դեմ բարբարոսական հարձակման պատասխանատվության ընդունումն է: Իսկ Եվրոպայի խորհուրդն աշխարհաքաղաքական լռություն է պահպանում եւ, նույնիսկ, «խելոք» անդամներ ընտրելու հատուկ զիջումներ առաջարկում: Թուրքիայի համար ճշմարտության հետ առերեսման մեջ նմանապես ոչ մի ամոթալի բան չկա: Հուսով եմ, որ վաղվա բանավեճում եւ դրանից հետո որեւէ մեկը կտեսնի այն հրամայականը եւ կունենա քաղաքական այն խիզախությունն ու բարոյական տոկունությունը, որպեսզի հարցերն արծարծվեն ավելի լայն համատեքստում: Պետության փիլիսոփայությունը, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության եւ 1915 թվականի հայոց Մեծ հայրենազրկման բացառիկ ժառանգությունը ցուցադրում են համայնքային իրավունքների, մարդու իրավունքների, 301 հոդվածի եւ խոսքի ազատության կարեւորությունը: Սա ոչ թե խնդիր է, սպառնալիք կամ մարտահրավեր, այլ իսկապես եվրոպական հնարավորություն` մեր թուրք գործընկերների համար: Սա իրենց ապագայի շահերից է բխում, եւ մենք նրանց լավն ենք ցանկանում: Նույնը կարելի է ասել նաեւ՝ վրացի մեր գործընկերներին, ովքեր կարող են լավագույնս հարգել հայ, ադրբեջանցի եւ այլ փոքրամասնությունների իրավունքներն ու հոգ տանել համայնքներին պատկանող սեփականությունների մասին: Սակայն վերոնշյալ հանգամանքներից եւ ոչ մեկը չի կարելի օգտագործել որպես Հայաստանի ժողովրդավարական բացթողումների համար ներողամտության հարմար պատեհություն: Ակնբախ է, եւ դա է պահանջում նաեւ հայաստանյան քաղաքացիական հասարակությունը, որպեսզի քննարկվի այն հանգամանքը, որ Հայաստանը ժողովրդավարության թեստն անհաջող է հանձնել բոլոր ոլորտներում: Տասնյակ քաղբանտարկյալներ տակավին ձերբակալված ու բանտարկված են, եւ նրանք պետք է ազատ արձակվեն անհապաղ, այլ ոչ թե հունվար ամսում: Քաղաքականապես գործուն մի շարք քաղաքացիներ թերեւս հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների պատճառով: Խաղաղ ցուցարարների վրա կառավարության մարտիմեկյան հարձակումը, ինչպես նաեւ՝ դավադիր կրակոցները, որոնց արդյունքում զոհվեց 8 քաղաքացի եւ երկու ոստիկան, չեն հանգեցրել նրան, որպեսզի հարուցվեն անհատական քրեական գործեր: Մինչեւ հիմա չկա եւ ոչ մի կասկածյալ, որեւէ մեկը մեղադրված չէ կրակ արձակելու հրամանի եւ այդ հրամանն ի կատար ածելու համար: Սա դատական գործընթացի ծաղրապատկերն է: Մենք բոլորս գիտենք լեհ հեղինակի հետեւյալ հանրահայտ խոսքը. «Պետության մասին լավագույնս կարելի է դատել նրանից, թե ինչպես են այնտեղ դատում»: Ճնշում է գործադրվել անգամ մասնավոր հյուրանոցների վրա, որպեսզի ժողովներ անցկացնելու համար նրանք իրենց դահլիճները չտրամադրեն քաղաքացիական խմբերին եւ ընդդիմադիր կուսակցություններին: Եվ, վերջապես, ազատ հանրահավաք անցկացնելու, ազատորեն հաղորդակցվելու եւ խոսքի ազատության իրավունքները վայելելու բարեհաճությունը դեռեւս գտնվում է անվտանգության ծառայության, ապաեւ՝ անկախ լինելուց շատ հեռու դատական մարմինների կամեցողության ներքո: Հայաստանյան իրականությունում որեւիցե իմաստալից երկխոսություն ցայսօր տեղի չի ունեցել: Այն եղել է սոսկ նմանակումային բնույթի: «Ժառանգություն» կուսակցության` ընթացակարգային եւ բովանդակային երկխոսություն սկսելուն ուղղված բոլոր նախաձեռնությունները մերժվել են:
Ես չգիտեմ, թե Վեհաժողովը եւ դրա չափանիշներն ինչ կասեն, բայց ակնբախ է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Եվրոպայի խորհուրդը ներկայումս արժանի չեն միմյանց: Ուստի ես ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր հետագա քննարկումներում, ձեր քվեարկություններում ու հետագա մոնիտորինգի մեջ, եւ Վեհաժողովի գործունեությանն իմ մասնակցությունն այս պահից դադարեցնում եմ` մինչեւ այն ժամանակը, երբ Հայաստանը կհամապատասխանի իր եւ Եվրոպայի չափանիշներին, իսկ Եվրոպան կիրագործի իր արժեքները, իրավունքներն ու ուղենիշները»: