Ինչն է լավ եւ ինչը՝ վատ

29/06/2008

Երեկ Համաժողովրդական շարժման կենտրոնը տարածել է ԵԽ ԽՎ 1620 բանաձեւի գնահատականներ պարունակող հայտարարություն: Ըստ դրա, բանաձեւը եւ դրա հետ կապված զարգացումները ունեն եւ՛ դրական, եւ՛ բացասական միտումներ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Դրական զարգացումները հետեւյալն են.

– ՀՀ իշխանությունների աճպարարությունները եւ նրանց ներկայացրած զեկույցը 1609 բանաձեւի կատարման մասին ըստ էության տապալվեցին, պահանջների կատարումը համարվեց անբավարար, ինչի հետեւանքով հարցը ընդգրկեց ԵԽ ԽՎ-ի նստաշրջանի օրակարգ։

– Շնորհիվ նոր՝ 1620 բանաձեւի, ՀՀ իշխանությունների գործողությունները կշարունակեն մնալ ԵԽ ԽՎ վերահսկողության ներքո՝ համապատասխան պատժամիջոցների գործադրման հնարավորության պահպանման պայմաններում։

– Մինչ 1609 բանաձեւի կատարման պահանջը մնում է ուժի մեջ, 1620 բանաձեւը նոր պահանջներ է ներկայացրել ՀՀ իշխանություններին, որոնք կօգնեն ժողովրդավարական ազատությունների վերականգնման համաժողովրդական պայքարին։

– Մենք ողջունում ենք «Ա1+»-ի համար այս անգամ բաց արդար եւ հրապարակային մրցույթ անցկացնելու պահանջի ընդգրկումը փաստաթղթի մեջ։

– Նաեւ ողջունում ենք քաղբանտարկյալների ազատման հետ կապված ավելի հստակեցված եւ համապարփակ նոր պահանջները։ Ողջունելի է նաեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին տրված հանձնարարականը՝ սեպտեմբերին Մոնիտորինգային հանձնաժողովին զեկուցել մարտի 1-ի հետաքննող մարմնի եւ քաղբանտարկյալների ազատման հետ կապված խնդիրների առաջընթացի մասին։

– Մենք ողջունում ենք բանաձեւի այն պնդումը, որ իշխանությունները չպիտի անհարկի սահմանափակումներ պարտադրեն ընդդիմության հանրահավաքների նկատմամբ, հատկապես հանրահավաքի տեղի ընտրության հարցում։

Բացասական զարգացումները

– ԵԽ-ն ապացուցեց իր անկարողությունը՝ ՀՀ իշխանություններին պարտադրելու 1609 բանաձեւի պահանջների կատարումն իր նախանշած ժամկետում։ Դա հետեւանք է այս հարցում Եվրոպական խորհրդի ցուցադրած անվճռականության եւ անսկզբունքայնության։ Աշխարհաքաղաքական եւ շահադիտական հաշվարկները գերակայեցին ժողովրդավարական սկզբունքներին նվիրվածության նկատմամբ։ Նման զարգացման անմիջական պատասխանատուներն են համազեկուցողներ Պրեսկոտը եւ Կոլոմբիեն։ Քաղբանտարկյալների անազատության մեջ մնալու ամեն նոր օրն ընկնելու է նրանց խղճի վրա։

– Տարակուսանք է հարուցում ԵԽ ԽՎ-ի 1620 բանաձեւի արձագանքը հավաքների ազատության վերականգնման պահանջի կատարման վերաբերյալ, մասնավորապես՝ հունիսի 20-ի հանրահավաքի վերջին պահին Ոստիկանության կողմից թույլատրելու ողջունումը, այն դեպքում, երբ հանրահավաքը պաշտոնապես արգելվել էր, իսկ Ոստիկանությունը, ամբողջ ՀՀ-ում խախտելով մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, մինչեւ վերջին պահը ապօրինաբար խոչնըդոտել է հանրահավաքի անցկացմանը։

– Որեւէ քննադատության չի դիմանում նաեւ մարտի 1-ի հանձնաժողովի կազմավորման պահանջի կատարման վերաբերյալ բանաձեւի գնահատականը։ Մենք չենք ընդունում այդ հանձնաժողովի անկախությունը, վստահելիությունը եւ հրապարակայնությունը գնահատելուց հրաժարվելը այն պատճառաբանությամբ, որ հանձնաժողովը միայն վերջին պահին է ստեղծվել։ Նախ՝ որովհետեւ միտումնավոր այդ ուշացման մեղավորը հենց իշխանություններն են, երկրորդ՝ առանց երկրորդ կողմի հավասարազոր ներկայացվածության որեւէ հանձնաժողով չի կարող վստահություն ներշնչել։ Այսինքն՝ այս խնդիրը պետք է կոշտ գնահատական ստանար ԵԽ ԽՎ-ի կողմից, ինչը չի արվել»։