Ընթերցանությունը, Վահրամ Փափազյանը, մենք…

29/06/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Ընթերցանությունը պարապ զբաղմունք չէ, ու եթե զբաղմունք է, ապա հաճելի: Ընթերցել, նշանակում է՝ մտածել, իսկ մտածել, նշանակում է՝ զարգացնել բնազդները, դրանք բերել մտավոր դաշտ, հասկանալ ու բացատրել, եւ աշխատել, արարել արդեն գիտակցության մակարդակի բերված բնազդներով։

Խորհրդային տարիներից ի վեր չենք ձեւավորել ընթերցողական մշակույթ, իսկ վերջին տարիներին, ազատություն ու անկախություն ձեռք բերելուց հետո, նախ եւ առաջ թոթափվեցինք չձեւավորված խնդիրները ձեւավորելու պահանջմունքից՝ դրանք համարելով ցցուն ու ավելորդ մանրամասն եվրոնորոգված բնակարանների ու շքեղ մեքենաների գունապատկերին։ Եթե այսօր վիճակագրությունը ցույց տա, թե քանի հոգու ձեռքին բջջային հեռախոս կա, ապա միայն այդ տվյալով Հայաստանը կարող է գերազանցել անգամ ամենազարգացած երկրի սանդղային հարթակը։ Իրականում, սակայն, սա ոչ կենսամակարդակի, ոչ էլ գիտակցական մակարդակի նվաճում է. ուղղակի սա կարեւորվում է մնացած բոլոր պահանջմունքներից, եւ անկախ նրանից, թե մարդը սոցիալական որ հարթակի վրա է, ձգտում է ունենալ այն, ինչ կարեւորում է, մնացած բոլոր պահանջմունքների հաշվին։ Արդյունքում՝ դառնում ենք ոչ թե ստեղծագործող, այլ սպառող ժողովուրդ, եւ աստիճանաբար կորցնում մեր բնազդները, այնքանով, որ մեր լրատվականի համար աշխարհում ամենակարեւոր տեղեկատվությունը, որ պետք է հասնի քաղաքացուն, համասեռամոլների շքերթների ու այդ շքերթներում բաժանվող հակաբեղմնավորիչների մասին ցնցող լուրն է:

Ընթերցել, չի նշանակում՝ գիրքը կարդալ ու մի կողմ դնել։ Ընթերցանությունը լուրջ աշխատանք է, որ իր պտուղները պետք է տա, այսինքն՝ ընթերցանությունը ենթադրում է արտադրանք։ Առանց չափազանցության (առանց «հայկական հիվանդության»), «Սասնա ծռերը» համաշխարհային պատումի գլուխգործոց է եւ՝

1. Քանի ուսումնասիրություն է գրվել այդ առթիվ եւ որքանով է ընթերցողը հասու դրան,

2. քանի ֆիլմ է նկարահանվել, քանի անգամ բեմադրվել, երաժշտություն գրվել եւ այլն,

3. ընդհանրապես, քանի ստեղծագործություն է ծնվել դրանից,

4. Ի՞նչ մակարդակներում է ներկայացվել:

Մշակութային մեր յուրաքանչյուր արժեքի հանդեպ մոտեցումները պատահական, եզակի, տարտամ բնույթ ունեն, եւ ժամանակի ընթացքում մեր զգացումները խամրում են, հիշողությունը՝ բթանում, ու մենք հեռանում ենք մեր մշակույթից, քանի որ այն նոր դրսեւորումներ չի գտնում։ Մենք չենք մարսել մեր մշակույթը, չենք ապրել նրանով եւ դրանից որեւէ շահի ակնկալիք չունենք, քանզի կարծում ենք, թե ապրանքը միայն կոշիկի կամ չիփսի տեսք ունի, սակայն այսօր հենց մշակութային իշխանություն է, մշակութային պատերազմ, եւ կուլ են գնում նրանք, ովքեր թույլ են։ Ատոմային ռումբից ավելի կործանարար՝ ուղեղները հարթող սերիալներն են ու մարդուց ռոբոտ սարքող մարտաֆիլմերը, սեքսպրոպագանդաները, այսինքն՝ այն ամենը, ինչը մարդուն սարքում է կառավարվող զոմբի, ինչը տիրաժավորում է մարդուն։ Դրա դեմ պայքարի միակ ձեւը դիմադրելն է, դիմադրելը՝ կրթվելով, իսկ կրթության առաջնային խնդիրն ընթերցանությունն է եւ այն համակարգելը, այն մատչելի դարձնելը բոլոր խավերին, հետեւաբար՝ ընթերցանությունն առաջին հերթին պետք է հաճելի լինի, եւ ընթերցողի համար բացվի՝ որպես արվեստ։ Գերազանց սովորող դպրոցականները ոչ միայն արտահայտիչ կարդալ չգիտեն (խոսքս մեր դերասանների նման բերանն ու դեմքի բոլոր մկանները ծռմռելով կամ արցունքաբեր ձայնով կարդալը չէ, այլ կարդացածի իմաստի մեջ խորանալը եւ այդ իմաստը վարպետորեն ունկնդրին հասցնելը), այլ շատ դեպքերում ուղղակի գիրկապ են անում։

Առաջինից մինչեւ վերջին դասարան ընթերցանությանը հատկացված ժամեր պետք է լինեն, եւ այդ ժամերին աշակերտները պետք է ընթերցեն իրենց ընտրությամբ եւ մեկնաբանեն տեքստն ու վեճեր ծավալեն դրա շուրջ. այդ դասերը կարող են եւ չգնահատվել, սակայն դրանք, հենց այդ ազատ դասերն են զարգացնում մտածողություն, որն անհրաժեշտ է բոլոր առարկաների համար։ Ընթերցողը պետք է հասկանա ու ըմբռնի գրականության մաթեմատիկան, այն, որ այնտեղ էլ, ինչպես մաթեմատիկայում, պատահական կապեր չկան, չկան պատահական լուծումներ եւ ավելորդ մանրամասներ (ինչպես եւ կյանքում, երբ ամեն պատահականություն, ի վերջո, վերածվում է օրինաչափության, լավ կամ վատ)։ Ասածս տեղը բերելու լավագույն օրինակներից է Վահրամ Փափազյանի շեքսպիրյան ընթերցումները, որ, չգիտես ինչու, անուշադրության է մատնված բուհական ծրագրերում։ Եթե անգամ բանասիրականի կամ թատերականի ուսանողը (եւ ընդհանրապես ընթերցողը) կարդա Շեքսպիրի միայն այն գործերը, որ վերլուծում է Փափազյանը, բավական է՝ հասկանալու համար, թե ինչ է գրականությունը, եւ ինչպես կարելի է այն մշակել, տվյալ դեպքում՝ թատերական ասպարեզում։ Այնինչ, գրականությունը դարձել է անհամ ծամոնի պես մի բան, քարոզչության կամ արհամարհանքի առարկա։

Աշխարհում ընդունված բան է ստեղծագործության ադապտացիան (հարմարեցումը), երբ տվյալ ստեղծագործությունը հարմարեցվում է ընթերցանության այս կամ այն նպատակին, ու եթե մենք ուզում ենք, որ հինգերորդ դասարանցին «Վարդանանք» կարդա (իսկ բուհերի ուսանողներն ընդհանրապես ընթերցեն), ինչո՞ւ չենք մտածում այն հարմարեցնել նրա ըմբռնողությանը, եւ ոչ միայն ադապտացնել ստեղծագործությունը, այլեւ մուլտֆիլմեր ու կարճ բեմադրություններ մատուցել նրան, այսինքն՝ ընթերցանությունը մատուցել որպես մշակույթ եւ ոչ թե՝ ձանձրալի ու պարտադիր առարկա։