Ի՞նչ կապ ունի

29/06/2008

Անցած շաբաթ Եվրադատարանի` «Ա1+» հեռուստաընկերության օգտին կայացված վճռի համաձայն, ՀՀ կառավարությունը` որպես բարոյական փոխհատուցում, պետք է տրամադրի 30 հազար եվրո փոխհատուցում, որից 10 հազար եվրոն հատկացվելու է անգլիական KHRP (Kurdish Human Rights Project) ընկերությանը` փաստաբանական ծառայությունների համար: Վերջին փաստը որոշակի շահարկումների առիթ դարձավ: Մասնավորապես, անցած շաբաթ հրավիրված ասուլիսում Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Կոստանյանը` բացասական շեշտադրումներով ներկայացրեց այն տեղեկությունը, թե «Ա1+»-ի շահերը պաշտպանած KHRP-ը ԵԴ-ում Ադրբեջանի քաղաքացիների անունից Հայաստանի դեմ հայցերն է պաշտպանում: «Այսօր Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործով դատավարության մեջ ընկերությունը պաշտպանում է նախկինում Լաչինի բնակիչների շահերը` ընդդեմ ՀՀ-ի»,- ասել էր Գ. Կոստանյանը: Ի պատասխան՝ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն էլ օրերս հրավիրված ասուլիսում նշել էր, որ նույն այդ փաստաբանական թիմը պաշտպանել է նաեւ Աբդուլլահ Օջալանի շահերը, շահել է դատը, եւ այսօր նրանց մուտքը Թուրքիա արգելված է: «Երեւի շուտով նրանց մուտքը Հայաստան նույնպես կարգելեն՝ հայտարարելով, որ նրանք թուրքամետ ու ադրբեջանամետ են»,- հավելել է նա: Իսկ Հայաստանում գործող հեղինակավոր փաստաբաններից մեկը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրավունքի ոլորտում բացարձակապես նշանակություն չունի, թե այս կամ այն գործը դատարանում պաշտպանող ընկերությունը նախկինում ում շահերն է պաշտպանել. «Ի՞նչ կապ ունի, դա այն ոլորտն է, որտեղ հիմնական չափորոշիչը պրոֆեսիոնալիզմն է»,- ասել է փաստաբանը: Ի դեպ, ի գիտություն Գ. Կոստանյանի, նաեւ նշենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցված KHRP-ի նպատակը, ինչպես ասված է վերջինիս կայքէջում, աշխարհի տարբեր երկրներում` Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում եւ ԽՍՀՄ նախկին պետությունների տարածքներում բնակվող քուրդ բնակչության իրավունքների պաշտպանությունն ու խթանումն է: