Ազատ արձակվեց
2008 թվականի հունիսի 4-ին Խաչիկ Գասպարյանն ազատ արձակվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից: Նա կալանքի տակ էր գտնվել երեք ամիս երեք օր: Այդ ժամկետը հաշվակցվեց նրա նկատմամբ սահմանված պատժին ու վերջին հաշվով նշանակվեց 1 տարի 8 ամիս 27 օր ազատազրկում: Միաժամանակ, Գասպարյանի նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն, սահմանվեց 1 տարի 6 ամիս փորձաշրջան, ու նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Ընդունված է ասել, թե 2008 թվականի մարտի 1-ի գործերով պայմանական դատապարտության են ենթարկվում միայն նրանք, ովքեր ընդունում են մեղքը, զղջում կատարածի համար. մի խոսքով, դրսեւորում են այնպիսի վարքագիծ, որը նախօրոք նրանց թելադրվել է նախաքննական մարմնի կողմից:
Բայց Խաչիկ Գասպարյանի դեպքն այդպիսին չէ: Նա մինչեւ վերջ էլ իրեն մեղավոր չէր ճանաչում ու չէր զղջում: Պնդում էր, թե մարտի 1-ի առավոտյան ժամը 7-ին ընդհանրապես Ազատության հրապարակում չի եղել: Գտնվել է ծանոթուհու տանը, բերման ենթարկվել՝ Արշակունյաց փողոցից: Սակայն գործով վկա ծանոթուհին իր ցուցմունքներով չէր հաստատել Գասպարյանի այլուրեքությունը: Վերջինիս հետ առերես հարցաքննության ժամանակ էլ կինը պնդեց, թե դեպքի օրը Խաչիկն իր տանը չի եղել, ինքն այդ օրը նրան ընդհանրապես չի տեսել: Այսպիսով, այլուրեքության հարցում Խաչիկ Գասպարյանի պատճառաբանությունները հերքվեցին նաեւ դատարանում:
Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար:
Դատարանը հաստատված համարեց հետեւյալը: «2008 թվականի մարտի 1-ին, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ոստիկանության աշխատակիցներն Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել էին հնարավորություն ստեղծել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության իսկությունը: Այդ ընթացքում, այնտեղ գտնվող Խաչիկ Գասպարյանը, չենթարկվելով ոստիկաններին, այդ թվում՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակից Արմեն Խաչատրյանի օրինական պահանջներին, հայհոյանքներ տալով՝ վերջինիս նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն՝ դիտավորությամբ հարվածել նրան, հրել ու քաշքշել՝ կապված վերջինիս ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Դրանից հետո, իրավաչափ ուժի գործադրմամբ՝ ոստիկաններին հաջողվել է սաստել Գասպարյանին ու բերման ենթարկել Ոստիկանության բաժին»:
Դատարանը Խաչիկ Գասպարյանին առաջադրված մեղադրանքն ընդունեց վերոհիշյալ խմբագրմամբ՝ արձանագրելով, որ «Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նշված մյուս փաստարկ-դատողությունները ամբաստանյալի մեղադրանքի հետ կապ չունեն»:
Ճիշտ է, Գասպարյանը չէր ընդունում իր մեղքը, բայց ինչպես վկա Խաչատրյանը, այնպես էլ վկա, Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակից Սիմոն Պողոսյանը նախաքննության ընթացքում եւ դատաքննության ժամանակ միանշանակ հաստատեցին նրա կողմից կոնկրետ հակաօրինական արարք կատարելը, որը համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասին:
Ձեռք բերված ապացույցներով դատարանը հաստատված գնահատեց նաեւ այն, որ Գասպարյանը մարմնական վնասվածքներ ստացել եւ տուժել էր իր հակաօրինական գործողությունների՝ իշխանության ներկայացուցիչ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու արդյունքում, հանրահավաքի մասնակիցների ու Ոստիկանության աշխատակիցների միջեւ բախման ընթացքում, այլ ոչ թե իբր՝ Արշակունյաց փողոցից բերման ենթարկվելու եւ ոստիկանների կողմից անհիմն ծեծի ենթարկվելու հետեւանքով:
Դրա համար էլ դատարանը անհիմն գնահատեց Գասպարյանի շահերի պաշտպանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին նաեւ տուժող ճանաչելու վերաբերյալ:
Դատարանում Գասպարյանը նոր միտք առաջ քաշեց՝ հայտարարելով, թե բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները ոչ միայն ծեծել են իրեն, այլեւ՝ հափշտակել իր մատանին: Սակայն դատարանը եզրակացրեց, որ մատնանշված հանգամանքը Գասպարյանին առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի: Գործի քննությունը դատարանում կատարվում էր միայն ամբաստանյալի նկատմամբ ու՝ միայն այն մեղադրանքի սահմաններում, որով մեղադրանք էր առաջադրվել: Նշված հանգամանքը նախաքննության ընթացքում ի հայտ չէր եկել, մեղադրյալը դրա վերաբերյալ հայտարարություն չէր կատարել, նման հարց ընդհանրապես քննության չէր առնվել: Որպես պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը դիտեց այն, որ Գասպարյանը հանցանք է կատարել առաջին անգամ, նրա խնամքին չորս անձ կա՝ չաշխատող կինը եւ ուսանող ու դպրոցահասակ երեխաները: Նա մասնակցել է մեր երկրի սահմանների պաշտպանությանը, ռազմական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքների արդյունքում հանդիսանում է ցմահ երկրորդ խմբի հաշմանդամ, պարգեւատրվել է կառավարական պարգեւներով, մեդալներով, պատվոգրերով: Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ դատարանը չարձանագրեց:
Գործով ձեռք բերված բոլոր ապացույցների, ինչպես նաեւ՝ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համադրմամբ էլ դատարանը եկավ համոզման, որ Գասպարյանի նկատմամբ պետք է սահմանվի ազատազրկման ձեւով պատիժ, բայց, միաժամանակ, օրենքով թույլատրելի է կոնկրետ նրա նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը:
Արդարացման դատավճիռներ
2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան, Ազատության հրապարակում կատարված իրադարձությունների մասնակիցներից երկուսի նկատմամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է արդարացման դատավճիռ, իսկ մի դեպքում էլ մեղադրողն է հրաժարվել մեղադրանքից, ու դատարանը կարճել է քրեական գործը:
Արդարացման դատավճռով եզրափակված երկու գործն էլ հարուցված էր ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը՝ կապված նրա կողմից ծառայական պարտականությունների կատարման հետ: Երկու գործն էլ «աչքի էր ընկնում» մեղադրանքի ընդհանրական ու ենթադրական, չկոնկրետացված ու չառարկայացված բնույթով:
Որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներն արդեն իսկ իրենց ընդհանրականությամբ հիշեցնում էին Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի վերնագիրը միայն: Այսինքն, որպես մեղադրյալ ներգրավված անձինք ի սկզբանե դրվել էին այնպիսի վիճակի մեջ, որ դժվար էր կողմնորոշվել, թե իրենք կոնկրետ ո՞ր հանցավոր արարքների, ո՞ր գործողությունների կատարման համար են մեղադրվում, կոնկրետ ինչի՞ շուրջ պետք է կառուցեն իրենց պաշտպանական մարտավարությունը: Եթե խոսք է գնում իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելուն կամ նմանատիպ սպառնալիքներ տալուն, ապա քրեական գործով պետք է որ ապացուցված լինեին մեղադրվողի կոնկրետ գործողությունները, որոնց դիտավորությունը տուժողին վնաս կամ գոնե ցավ պատճառելն է եղել:
Ասենք՝ գողության համար մեղադրվողի առնչությամբ բավարար չէ միայն արձանագրել, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն է կատարել: Հարկավոր են կոնկրետ ապացույցներ, թե որտեղի՞ց, ո՞ր ժամին, ի՞նչ միջոցներով եւ, վերջապես, ի՞նչ գույք է հափշտակվել:
Ընդհանրացված, տրաֆարետային բնույթի մեղադրանքների ժամանակն անցել է: Իսկ եթե խոսքը գնում է մեր երկփեղկված հասարակության ու եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում գտնվող գործերի մասին, երբ կշեռքի նժարին դրված են երկրի հեղինակության ու ժողովրդավար լինելու աստիճանի փորձության հարցերը, ապա ձեւական, հնաոճ մոտեցումները միայն խոչընդոտում են երկրի առաջընթացին, նպաստում՝ լարվածության մթնոլորտի չհաղթահարմանը:
Առաջադրված մեղադրանքների ընդհանրականությունը բացատրել նմանատիպ գործերի մեծ հոսքով ու ծավալով՝ անընդունելի պիտի որ լինի բուն արդարադատության տեսակետից, որովհետեւ օրենքն ամեն դեպքում պետք է գործի հստակ ու անխափան, առանց տողատակային ենթադրությունների եւ վիճակագրական ցուցադրությունների: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գործ ունենք մարդկային ճակատագրերի՝ կոնկրետ մեղադրվողների եւ, ինչո՞ւ՝ չէ, նաեւ՝ կոնկրետ վկաների հետ: Վերջիններիս ներգրավումը լավ չապացուցված, բազմաթիվ կողմերով խոցելի քրեական գործերի մեջ բոլորովին չի նպաստում իշխանության համապատասխան ներկայացուցիչների նկատմամբ՝ հասարակության մեջ առկա անվստահության հաղթահարմանը, ինչը ներկայումս գոյություն ունեցող կարեւորագույն հիմնախնդիրներից է:
Արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի, որ մեղադրանքը լավ չհիմնավորված քրեական գործերը կարճվեն հենց նախաքննական փուլում՝ բանը չհասցնելով դատարաններ, ուր մթնոլորտը ավելի է շիկանում, ու ավելի են բորբոքվում կրքերը: Եվ շա՞տ են, արդյոք, անկախ վճիռներ կայացնելու համարձակություն ունեցող դատավորները, ովքեր օրինական ու հիմնավոր դատավճիռներ կարձակեն նման գործերով: Մի՞թե մեր երկրի իրավաբանական ներուժն այնքան կաղում է, որ ակնհայտ թերություններով գործերի համար կանաչ լույս կվառեն դեպի Եվրոպական դատարան, ուր «Հանուն Հայաստանի Հանրապետության» կայացված դատական ակտերը մեկը մյուսի հետեւից կարող են անօրինական ճանաչվել ու բեկանվել՝ միջազգային մակարդակով եւս հեղինակազրկելով մեր դատաիրավական համակարգն ու անվանարկելով երկիրը:
Արդարացման դատավճիռներով եզրափակված վերոհիշյալ երկու գործով էլ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը լիարժեք ապացուցված չհամարեց առաջադրված մեղադրանքը: Որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում կամ դրա սպառնալիք էր դիտվել, օրինակ, ամբաստանվողի կողմից արված այսպիսի նախադասությունը. «Դուք պատասխան կտաք ձեր արածների համար»: Եթե նման արտահայտության համար մեղադրանք առաջադրվեր, ապա հիմա ամբաստանվողի կարգավիճակում պիտի լինեին մեր հանրապետության բոլոր քաղաքացիները:
Վերոհիշյալ գործերից մեկով, որպես մեղքը հիմնավորող ապացույց էր գնահատվել վկայի այն ցուցմունքը, թե մեղադրյալը մարտի 1-ի վաղ առավոտյան, Ազատության հրապարակում կատարված իրադարձությունների ժամանակ «անկանոն շարժումներ է արել»: Մյուս վկան էլ հայտնել է, թե մեղադրյալը «փորձել է հարվածել»: Վկայի ցուցմունքով՝ անկանոն շարժումներով հարվածի փորձ կատարողը մոտ քառասուն տարեկան մի տղամարդ է եղել, որի դեմքն ինքը լավ չի հիշում եւ կարող է նաեւ չճանաչել: Ու դատարանում, իրոք, եկավ ու ի դեմս ամբաստանյալի վստահաբար չճանաչեց հարվածի փորձ կատարողին:
Մյուս գործով մեղադրվողի մեղքը հաստատվել էր վկայի արտահայտությամբ, թե նա «միգուցե փորձել է հարվածել»: Մեղադրանքը հաստատող եզրակացության մեջ արձանագրվել էր, թե մեղադրյալը մի խումբ անձանց հետ անկանոն շարժումներ է արել, սպառնալիքներ տվել: «Մի խումբ անձանց» տվյալները կոնկրետացված չեն, կոնկրետացված չեն նաեւ անկանոն շարժումներն ու սպառնալիքները:
Վերոհիշյալ երկու գործով էլ դատարանը նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղքը հաստատված չգնահատեց, չփարատված կասկածներն էլ մեկնաբանեց հօգուտ ամբաստանվողների: Եվ հանցադեպի բացակայության հիմնավորումով արդարացրեց Միսակ Հովակիմյանին ու Ավիկ Ներսիսյանին եւ նրանց ազատ արձակեց դատարանի դահլիճում: