Մինչեւ օրս Հայաստանից արտահանվել է 3924 տոննա 400 կգ ծիրան, որից 264 տոննա 700 կգ-ն` ինքնաթիռով: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության երկրագործության զարգացման բաժնի պետ Գագիկ Մանուչարյանը: Ըստ նրա, միայն հունիսի 26-ին արտահանվել է 380 տոննա ծիրան: Արտահանման հիմնական երկիրը Ռուսաստանն է: Հանրապետությունից արտահանված կեռասի ծավալը կազմում է 62 տոննա 900 կգ, որից 41 տոննա 600 կգ-ն` ինքնաթիռով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ծավալն ընդամենը 17 տոննա 100 կգ էր: Արտահանման ծավալները 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ աճել են: Հունիսի 26-ի դրությամբ՝ հանրապետության գործարանները մթերել են 2082 տոննա 350 կգ ծիրան: Աճել է նաեւ բանջարեղենի մթերման ծավալը. այս տարի մթերվել է 342 տոննա 500 կգ բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 210 տոննա 100 կգ-ի փոխարեն: