Իմ սպիտակ ու անհամ ձմերուկը

31/05/2005 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

– Մի առիթով ասել էիք, թե դավիթաշենցիները կարոտով են լցված
համայնքապետ եղած ձեր ժամանակների նկատմամբ: Հանդիպումների ընթացքում դա
ինչպե՞ս է արտահայտվում:

– Այո, արդեն իսկ սկսվել է ընտրարշավը, եւ ես հանդիպումներ եմ ունենում
բակերում, դպրոցներում` ուսուցչական կոլեկտիվների հետ: Ժողովուրդը
ջերմությամբ է ընդունում ինձ եւ անգամ իմ անձը ներկայացնելու կարիքը չի
զգում` ասելով՝ նոր չէ, որ պիտի քեզ ու քո արած գործերը ճանաչենք:
Միանգամից զգում եմ իրենց կողմից ջերմություն իմ հանդեպ, եւ, իրոք, կարոտ
իմ վերադարձի նկատմամբ` վերադարձ իմ այն առաքելություններին, որը ես
կատարել եմ իմ գործերով, իմ քրտնաջան աշխատանքով` հանուն իմ սիրելի
դավիթաշենցիների, եւ ամբողջ Դավիթաշենը գիտի, որ վերադառնում եմ կիսատ
թողած ծրագրերս իրականացնելու: Այն կիսատ ծրագրերս, որ 6 տարի առաջ ԱԺ
պատգամավոր ընտրվելուց հետո թողեցի գործող թաղապետին, իսկ այդ ամենն այդ
ամբողջ ժամանակահատվածում մնաց անկատար:
– «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը պաշտպանում է ձեր մրցակից,
գործող թաղապետ Սուրիկ Ղուկասյանին: Դուք էլ եք ծագումով ապարանցի, նա էլ,
ցավո՞վ չեք ընդունում այդ հանգամանքը:

– Բոլորովին ցավ չեմ քաշում դրա համար: Ընդհակառակը` ուրախություն եմ
ապրում, որ մեր ապարանցի հայ տեսակի մեջ բարոյական սկզբունքներն այնքան
բարձր են, որ անգամ հաշվի չեն առնում արժեքներով հարուստ եւ իր տեսակի մեջ
յուրովի ուժեղ հայ ապարանցուն, միայն կարողանում են բարոյական դաշտի
տեսանկյունից նայելով՝ պաշտպանել նրան, ով ընդամենը «Նիգ-Ապարան»
հայրենակցական միության անդամ է: Իսկ ընտրապայքարում արժեքները գնահատվում
են ոչ թե նեղ հայրենակցական շրջանակներում, այլ՝ այդ շրջանակներից դուրս:
Ես ինքս էլ ապարանցի եմ, սիրով ու հարգանքով եմ լցված ստեղծված
հայրենակցական միության թե նախագահի, թե միության հանդեպ, որը նաեւ իմն եմ
համարում, թեկուզ՝ առանց փաստաթղթի: Եվ թեկնածությունս Ապարանի քաղաքապետի
չէ, այլ՝ Դավիթաշենի թաղապետի, իսկ Դավիթաշենի սեփական սեկտորում ապրում է
ընդամենը 1200 ապարանցի, եւ վստահեցնում եմ, որ այնտեղ 900-ից ավելի
ձայները իմ օգտին են լինելու:
– Արդյոք ճնշումներ չե՞ն եղել, որ ձեր թեկնածությունը չառաջադրեք, կամ հիմա չե՞ն ճնշում, որ հանեք ձեր թեկնածությունը:
– Չեն եղել, ու կարծում եմ, որ չեն էլ լինի, քանի որ արդեն իսկ ՀՀ
նախագահի կողմից արված կարգադրությունը, որ ընտրությունները պետք է
անցկացվեն ազատ, արդար մթնոլորտում, նշանակում է, որ ճնշման գաղափարներն
էլ պիտի մարվեն ու վերանան այդ կարգադրության մեջ:
– Նախորդ երկու ընտրություններում Սուրիկ Ղուկասյանը համարվել է «ձեր
մարդը», դուք եք աջակցել նրան թաղապետ դառնալու հարցում: Եթե այսօր
դժգոհում եք նրա աշխատանքից, չի՞ նշանակում, որ այդ ամենը նաեւ ձեզ է
վերաբերում:

– Բոլորն էլ կյանքում սխալվելու իրավունք ունեն, շատերի կյանքում էլ եղել
են դեպքեր, երբ ամառվա շոգին մեծ դժվարությամբ տուն հասցրած ձմերուկը եղել
է սպիտակ եւ անհամ: Ապրածս կյանքի ողջ ընթացքում Դավիթաշենի ներկայիս
թաղապետն էլ իմ ձմերուկը եղավ: Վերադառնում եմ սխալս ուղղելու, կիսատ
թողած ծրագրերս իրականացնելու:
– Մամուլում հրապարակվեց, որ եթե Ս. Ղուկասյանին պաշտպանում են
«Նիգ-Ապարանն» ու ՀՀԿ-ն, ապա դուք էլ Սերժ Սարգսյանի հովանավորությունն
ունեք: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Եթե «Նիգ-Ապարանը»` լինելով հայրենակցական միություն, կարող է պաշտպանել
մի մարդու, որն ընդամենն ապարանցի է, ինչո՞ւ ազատական արժեքներ կրող
մարդը` հանձին Սերժ Սարգսյանի, չի կարող պաշտպանել նույնպես ազատական
արժեքներ կրող թեկնածուին: