Ծեծել են «Հիմա»-ի անդամին

29/06/2008

Երեկ Երեւանի կենտրոնում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել եւ հիվանդանոց տեղափոխվել «Հիմա» երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը: Նա «Ազատություն» ռ/կ-ին պատմել է, որ Երեւանի Տնտեսագիտական համալսարանից դուրս է եկել փողոց, որտեղ իրեն է մոտեցել մի երիտասարդ՝ ասելով, թե «աղջկա հետ կապված հարց կա»: «Հասկացա, որ սուտ է, որովհետեւ նման հարց ես չունեմ»,- ասել է Հովակիմյանը: Նա փորձել է փախչել, սակայն քիչ անց վրա է հասել երկրորդ երիտասարդը, եւ նրանք երկուսով հարվածներ են հասցրել Հովակիմյանի գլխին եւ որովայնին: «Միանշանակ սա քաղաքական է: Կարծում եմ, նրանք այս իշխանության սպասարկուներն են»,- ասել է Հովակիմյանը: Նրա հայրը զանգահարել է Ոստիկանություն եւ տեղեկացրել կատարվածի մասին: Մինչդեռ Ոստիկանությունում «Ազատությանն» ասել են, թե ահազանգ չեն ստացել: Ավելի ուշ Ոստիկանության Կենտրոն համայնքի Հետաքննչական ծառայությունից ներկայացուցիչներ են այցելել հիվանդանոց եւ հարցաքննել նրան: