Երեկ ԵԽ ԽՎ նիստում, Հայաստանի վերաբերյալ բանաձեւի քննարկման ժամանակ, բանաձեւի հետ կապված, ըստ էության, անակնկալներ չեղան, քանի որ նախօրեին շրջանառության մեջ դրված նախագիծը հաշվի առնելով, կանխատեսելի էր, որ Հայաստանը չի զրկվի քվեարկության իրավունքից: Ամենամեծ անակնկալը, սակայն, մատուցեց ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` հրաժարվելով ԵԽ ԽՎ պատվիրակի իր մանդատից:
«ՀՀ-ն եւ ԵԽ-ն արժանի չեն միմյանց: Ես ձեզ ձեր քննարկումներում հաջողություն եմ մաղթում, ես դադարեցնում եմ իմ մասնակցությունը ԵԽ ԽՎ աշխատանքներում այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ն չի համապատասխանի իր եւ Եվրոպայի ստանդարտներին, եւ քանի դեռ Եվրոպան չի հասնի իր արժեքային համակարգի բարձունքներին»,- ԵԽ ԽՎ լիագումար նիստում ունեցած ելույթում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` ավելացնելով, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում բազմաթիվ կալանավորված անձինք կան, որոնց գործերը մինչ օրս դատական վարույթ չեն ընդունվել: «Ոչ ոք չպետք է խուսափի ասել, որ ՀՀ-ում դեմոկրատիայի հարցում թերություններ կան: Պարզ է, որ ՀՀ-ն չի անցել դեմոկրատիայի թեստը: Մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ կան երկրում, եւ նրանք պետք է ոչ թե հունվարին, այլ հիմա ազատ արձակվեն: Կան բազմաթիվ գործիչներ, ովքեր հետապնդվում են քաղաքական հայացքների համար: Մարտի մեկի զոհերի համար որեւէ քրեական գործ չի հարուցվել, ոչ մի կասկածյալ չկա, ստացվում է, որ որեւէ մեկը ժողովրդի վրա կրակելու հրաման չի տվել»,- ասաց Ր. Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ այսօր ՀՀ-ում ընդդիմությունը չի կարողանում ազատ իրացնել իր` հավաքներ կազմակերպելու իրավունքը, քանի որ այն անցկացվում է հազարավոր ոստիկանների շրջափակումներով: Իշխանական տեսակետից տարբերվող այս միակ ելույթը, սակայն, ըստ էության, չազդեց ԵԽ ԽՎ պատվիրակների վրա, եւ ուշ երեկոյան միաձայն ընդունվեց «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 բանաձեւի կատարումը» անվանմամբ բանաձեւը, որով ՀՀ իշխանություններին մինչեւ 2009թ. ԵԽ ձմեռային նստաշրջանը լրացուցիչ ժամանակ է տրվում կատարելու համար բոլոր այն պահանջները, որ ԵԽ ԽՎ-ն արձանագրել է իր նախորդ եւ այս բանաձեւերում: ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտն իր ելույթում պատվիրակներին կոչ արեց ՀՀ-ին տալ եւս մեկ հնարավորություն, քանի որ երեք ամիսը «բավական քիչ ժամանակ էր՝ կատարելու համար բոլոր այն պահանջները», որոնք դրված էին 1609 բանաձեւում: «Ես ՀՀ-ում հանդիպել եմ գրեթե բոլոր քաղաքական ուժերի եւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, եւ բոլորն էլ գրեթե նույն բանն էին ասում: Նրանք ասում էին, որ ՀՀ-ին տրված ժամանակը քիչ էր»,- ասաց Ջ. Պրեսկոտը՝ նշելով, որ եթե ՀՀ-ն այս լրացուցիչ ժամանակահատվածում չկատարի իր առջեւ դրված պահանջները, ապա ԵԽ ԽՎ-ն լուրջ պատժամիջոցներ կկիրառի ՀՀ-ի նկատմամբ: «Մենք գտնում ենք, որ առաջընթաց կա»,- ասաց Ջ. Պրեսկոտը եւ թվարկելով «կատարված քայլերը», նշեց, թե «սկզբում պետք է այդ ամենը տեսնել, հետո՝ շոշափել եւ տեսնել, թե ինչպես են անդրադառնում այդ փոփոխությունները գործնականում»:
Անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, Ջ. Պրեսկոտն ասաց, որ իրենց համար չափազանց կարեւոր է, որպեսզի այդ հանձնաժողովն անցկացնի անաչառ հետաքննություն եւ կարողանա վստահություն ներշնչել հասարակությանը: «Մենք գտնում ենք, որ տեղի ունեցածն այլ կերպ է եղել, պետք է պարզել եւ՛ իրավիճակները, եւ՛ պատճառները»,- հայտարարեց նա: Հաջորդ մտահոգությունը, որն ունեն համազեկուցողներն, ըստ Պրեսկոտի՝ այն է, թե արդյո՞ք իրենք համապատասխան չափով աշխատանք կատարում են ձերբակալվածների հետ: «Այստեղ շատ դժվար է ասել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Մենք խնդրեցինք ցույց տալ ձերբակալվածների թիվը, որն, ի դեպ, անընդհատ փոփոխվում է: Մենք ասացինք՝ ցույց տվեք, թե քանիսն են ազատվել, նրանք ասացին՝ գրեթե կեսը, իսկ մյուս կեսն ընդունել է իր մեղքը կատարվածի մեջ: Ես կոնկրետ կասկածներ ունեմ, թե ինչո՞ւ այն մարդիկ, ովքեր նախկինում իրենց մեղավոր չէին համարում, հիմա սկսեցին իրենց մեղավոր ճանաչել: Ինչո՞ւ էին նախկինում նրանց մեղադրում քրեական հանցագործություն կատարելու մեջ, իսկ հիմա՝ իշխանությունը զավթելու: Դրա համար ես լուրջ կասկածներ ունեմ, բայց սրանք զուտ ինտուիտիվ զգացողություններ են, ես փաստեր չունեմ»,- հայտարարեց Պրեսկոտը: Ըստ նրա՝ չափազանց տարօրինակ են նաեւ պատգամավորների ձերբակալությունները: «Ես ԱԺ նախագահին հարցրեցի՝ արդյոք ինքը բավարար հիմքեր ունի՞, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը բավարարել է: Մենք դիմեցինք նաեւ Դատախազությանը, հարցրինք՝ եթե դուք բավարար հիմքեր ունեիք, ինչո՞ւ մինչեւ հիմա նրանց դեմ որեւէ քրեական գործ հարուցված չէ: Այստեղ երկու հարթություն կա, ինչպես տեսնում եք: Մեկը (ԱԺ-ն) բավական լուրջ է վերաբերվել այդ միջնորդությանը, իսկ մյուսը (Դատախազությունը.- Լ.Ս.)՝ դեռ մեղադրանք էլ չի հարուցել»,- հայտարարեց Ջ. Պրեսկոտը՝ ավելացնելով, որ քանի դեռ ձերբակալվածների հարցն անաչառ չի ուսումնասիրվել, իրենք հիմքեր չունեն ասելու, որ բոլոր շահագրգիռ ուժերը միասին կաշխատեն: «Մենք այդ ամենը մեր զեկույցում նշել ենք: Իմ կողմից շատ հարգված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր ելույթում շատ հստակ գրել է. «Այսօր հայ հասարակությունը կանգնած է երկու ընտրության առջեւ՝ դեմոկրատական ինստիտուտների զարգացո՞ւմ, թե՞ ավտորիտար տենդենցների հաստատում, ինչը կբերի հասարակության պառակտվածության: Ընդդիմությունը պետք է ուժեղ լինի, միայն այդ դեպքում իշխանությունը չի կարող ժողովրդին իր կամքը թելադրել»,- ասաց նա:
«Միասնական ձախեր» խմբի ներկայացուցիչն իր ելույթում նշեց, որ ՀՀ նախորդ անցած խորհրդարանական ընտրությունները լավ գնահատականի էին արժանացել, ինչը նշանակում է, որ կարելի էր նաեւ լավ նախագահական ընտրություններ կազմակերպել, սակայն ընտրություններից հետո իրադարձություններն այլկերպ զարգացան: «ՀՀ-ում 1609 բանաձեւը՝ բոլոր կառույցների կողմից շատ լուրջ է ընդունվում: ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը հրապարակայնորեն արտահայտեցին իրենց կամքն ու ցանկությունը այդ պահանջները կատարելու վերաբերյալ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք համաձայն են համազեկուցողների հետ այն հարցում, որ ժամանակը քիչ էր բանաձեւի պահանջների լիարժեք կատարման համար: Նա եւս կարեւորեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի դերը՝ ասելով, որ իսկապես այն պետք է վստահություն ներշնչի, ուստի ՀՀ ԱԺ առաջարկը՝ միջազգային փորձագետներ ընդգրկելու վերաբերյալ, պետք է աջակցություն ստանա: «Ցավալի է, իհարկե, որ ընդդիմության մի մասը հրաժարվում է ընդառաջել երկխոսության կոչերին»,- ասաց նա: Ըստ նրա՝ պետք է նախաքննության ժամանակ հետեւել օրենքի պահանջներին ձերբակալվածների հարցում, բայց միաժամանակ պետք է հրաժարվել քաղաքական մոտիվացիաներից: Ի պատասխան՝ իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ որեւէ իշխանական ուժ երբեք երկխոսության կոչ չի արել ընդդիմությանը: «Դա վիկտորինա է, ոչ մի երկխոսություն եւ երկխոսության կոչ չի եղել»,- ասաց նա՝ այսպիսով պատասխանելով նաեւ ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանի պնդմանը, թե երկխոսություն է տեղի ունենում ընդդիմության եւ իշխանությունների միջեւ:
Իսկ ԵԽ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ Իգոր Չեռնիչենկոն հայտարարեց, թե ինքը վերջին չորս տարիներին ՀՀ-ում անցկացված բոլոր ընտրություններին էլ ներկա է եղել, իսկ վերջին երկու ամիսներին էլ եղել է երկու անգամ ու հանդիպել է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի հետ: «Ես չեմ իդեալականացնում ՀՀ-ի ներկայիս իրավիճակը, ՀՀ-ում տնտեսական խնդիրներ կան, գործազրկություն կա, քաղաքական ոչ ստաբիլ իրավիճակ կա, բայց ես վստահ եմ, որ այդ խնդիրների լուծումը մեծապես կախված է այս դեմոկրատական կազմակերպություններից, ովքեր 1609 բանաձեւ էին առաջարկել ՀՀ-ին: Իմ կարծիքով՝ բավական ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Այս օրերին ՌԴ-ում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կես ժամ տեւած մեր հանդիպման ժամանակ նա տասը րոպե խոսում էր այն մասին, թե որքան կարեւոր է երկրի համար այդ բանաձեւի պահանջների կատարումը»,- ասաց նա: «Ինձ թվում է՝ միակ լուրջ թերությունը ձերբակալվածների հարցում է, ինչի մասին ասաց պարոն Պրեսկոտը»,- ասաց նա: Սոցիալիստների անունից ելույթ ունեցող պատվիրակը նույնպես գովերգեց Հայաստանն ու հայ ժողովրդին՝ համարելով նրանց լավատես ու ժողովրդավարության ձգտող: «Մենք ամեն դեպքում մեզ պետք է հարց տանք. մենք գիտենք, որ այդ երկիրը տուժել է այդ իրադարձություններից, բայց նրանք միշտ, նույնիսկ իրենց անկախությունը ձեռք բերելուց հետո, քայլեր են ձեռնարկել ամրապնդելու համար ժողովրդավարությունը: Դրա համար մեր խումբը գտնում է, որ չի կարելի կասկածի տակ դնել ՀՀ անդամակցության հարցը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հիմա ՀՀ-ում դժվարին ժամանակահատված է, եւ ԵԽ-ն պետք է աջակցի ՀՀ իշխանություններին: «Բայց մենք գիտենք, որ դեռեւս շատ բան պետք է անել, որպեսզի ճգնաժամը ՀՀ-ում հաղթահարվի: Դա մասնավորապես վերաբերում է ձերբակալվածների հարցին»,- ասաց նա՝ խնդրելով ԵԽ ԽՎ-ին՝ կոշտ քայլեր չձեռնարկել ՀՀ-ի նկատմամբ:
Ընդհանուր առմամբ՝ երեկ ՀՀ պատվիրակությունն ամենեւին էլ արդարանալու անհրաժեշտություն չուներ, որովհետեւ իրենց փոխարեն դա մեծ հաջողությամբ անում էին մյուս երկրների պատվիրակները: Անգլիացի պատվիրակ Ռոշ Ռոումանը նույնպես խնդրեց ԵԽ ԽՎ-ին՝ կոշտ քայլեր չձեռնարկել ՀՀ-ի նկատմամբ: «Ես կողմ եմ բոլոր զեկուցողների հետո ովքեր պահանջում են, որ բոլոր-բոլոր քաղաքական մոտիվացիաներով ձերբակալվածներն անհապաղ ազատ կարձակվեն: Ես հուսով եմ, որ ՀՀ իշխանություններն այդ ժեստը կանեն, որը համարժեք է ժողովրդավարության»,- ասաց պրն Ռոշը՝ դարձյալ ընդգծելով, որ ՀՀ-ին տրված ժամանակը քիչ էր նման պահանջները կատարելու համար: «Մենք հուսով ենք, որ բոլոր պաշտոնյաները կկատարեն ԱԺ-ի եւ ՀՀ նախագահի հանձնարարականները, բայց ամեն դեպքում՝ ՀՀ-ին պետք է խելամիտ ժամանակ տալ»,- ասաց նա: Հնչեցին նաեւ կարծիքներ այն մասին, թե ինչու է, ասենք, ՀՀ-ն բանաձեւի որոշ պահանջներ հասցրել իրականացնել, իսկ մյուսների կատարումը կամ ձգձգում է, կամ շրջանցում: Ադրբեջանցի պատվիրակն էլ ասաց, թե ՀՀ-ն միշտ էլ ոչ ժողովրդավար է եղել, եւ հենց դա է եղել պատճառը, որ «օկուպացրել են մեր տարածքները»: Եվ միայն ԵԽ ԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության անդամներից մեկը կոչ արեց ձերբակալված անձանց հարցին անդրադառնալ ոչ թե հաջորդ տարի, այլ՝ այս տարվա աշնանը: «Այդ մարդիկ չեն կարող մինչեւ մյուս տարի մնալ կալանավայրերում, նրանց հարցը պետք է ավելի շուտ կարգավորվի»,- ասաց նա: Ի դեպ, հենց նրա առաջարկով էլ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել սեպտեմբերի 16-17-ին կալանավորների հարցի վերաբերյալ քննարկում կազմակերպել հանձնաժողովում:
Նա առաջարկել էր բանաձեւի կատարման վերաբերյալ քննարկումն անցկացնել հենց աշնանը, սակայն ՀՀ պատվիրակների առաջարկությամբ այն հետաձգվել է մինչեւ ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջան: «Մենք պնդեցինք, որ աշնանային նստաշրջանում այդ հարցը չքննարկվի, որովհետեւ այդ ժամանակն էլ է քիչ ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւի պահանջների կատարման համար»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Հենց այս պատճառաբանությամբ էլ միջանկյալ տարբերակ ընտրվել է աշնանը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկելու առաջարկը: Երեկ մինչեւ Վեհաժողովում 1609 բանաձեւի կատարման վերաբերյալ հարցի քննարկումը տեղի ունեցավ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեցին Հայաստանի վերաբերյալ երկուշաբթի օրվանից շրջանառության մեջ դրված նոր բանաձեւի նախագծի վերաբերյալ առաջարկները: ՀՀ ԱԺ պատվիրակությունը սկզբում ներկայացրել էր 23 առաջարկ, սակայն, ինչպես նշեց պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, իրենք նիստի ժամանակ հրաժարվել էին հինգ առաջարկից, իսկ մնացած առաջարկները հանձնաժողովում դրվել է քվեարկության համազեկուցողների լրացուցիչ առաջարկների հետ միասին: «Եղել են փոխզիջումներ»,- ասաց Ա. Ռուստամյանը: Փոփոխության է ենթարկվել նաեւ նախագծի այն դրույթը, ըստ որի՝ այն դատավճիռները, որոնք հիմնված են «միայն ոստիկանության ցուցմունքների վրա` առանց լրացուցիչ ապացույցների կամ անկախ վկաների ցուցմունքների, չեն կարող ընդունելի լինել»: Հայաստանի պատվիրակների առաջարկով այն վերաշարադրվել է այսպես. «… եթե ձերբակալվածը ինքնախոստովանական ցուցմունքներ չի տվել»:
Անփոփոխ չմնաց նաեւ նախագծի այն դրույթը, որով ԵԽ ԽՎ-ն հորդորում էր ՀՀ ԱԺ-ին՝ ընդհանուր համաներման մասին օրենք ընդունել, կամ նախագահին՝ ներել բոլոր այն անձանց, ովքեր կալանավորվել են մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, բացի այն քաղաքացիներից, ովքեր անմիջական կապ ունեն սպանությունների հետ: Պատվիրակության անդամներ Ավետ Ադոնցի, Նաիրա Զոհրաբյանի, Դավիթ Հարությունյանի, Արտաշես Ավոյանի առաջարկությամբ այս դրույթը վերափոխվել է, եւ համաներում չի տարածվելու «անկարգություններ, սադրիչ գործողություններ կատարած անձանց նկատմամբ»:
Ինչ-որ իմաստով փոխզիջումային լուծում է տրվել նաեւ «Ա1+»-ին վերաբերող հարցին: Նախագծով առաջարկվում էր՝ «անհապաղ լիցենզիա տրամադրել «Ա1+»-ին», սակայն հանձնաժողովի նիստում ՀՀ-ի պատգամավորների առաջարկությամբ այն ենթարկվել է փոփոխության: «Մեր առաջարկությունն ընդունվեց, մենք հիշատակելով «Ա1+»-ը, առաջարկեցինք բանաձեւում այդ դրույթն ամրագրել հետեւյալ կերպ. պահանջել անհապաղ գործադրել արդար, թափանցիկ եւ բաց լիզենզավորման գործընթացը»,- ասաց Դ. Հարությունյանը: Իսկ Ա. Ռուստամյանի հավաստմամբ՝ բանաձեւի նախնական տարբերակն անընդունելի էր, որովհետեւ լիցենզիա տրամադրելու համար նախ պետք է ազատ կապուղի լինի, հակառակ դեպքում բանաձեւի այդ պահանջը հնարավոր չէր լինի կատարել։ «Եթե ազատ կապուղի չլինի այդ ժամանակահատվածում, ինչպե՞ս պետք է տրամադրվի, այսինքն՝ ինչ-որ մեկից պետք է վերցվի եւ տրվի «Ա1+»-ի՞ն: Դա հնարավոր չէր իրականացնել: Այլ բան է, երբ ասվում է, որ պետք է պահանջել ազատ եւ թափանցիկ լիցենզավորման գործընթաց»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Ռուստամյանը: Իսկ ինչպե՞ս է Հայաստանն իրականացնելու բանաձեւի փոփոխված դրույթը եւ ինչպե՞ս է ապահովելու լիցենզավորման արդարությունը. մեր այս հարցին ի պատասխան՝ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց. «Կարծում եմ, ԱԺ-ն Վենետիկի հետ համատեղ աշխատանքի ընթացքում կհասցնի ընդունել համապատասխան օրենքները, որոնք արդեն ներկայացված են Վենետիկի հանձնաժողովին, եւ կարծում եմ՝ մինչեւ հաջորդ մրցույթը մեզ թերեւս կհաջողվի դա անել: Իսկ առաջարկությունների մեկ այլ մասի վերաբերյալ համազեկուցողները կատարեցին լրացումներ եւ մեր առաջարկությունները քվեարկության դրվեցին համազեկուցողների լրացումներով: Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք արդյունքներից, քանի որ նախագիծը դարձավ շատ ավելի ընդունելի եւ պատշաճ գործիք կատարման համար»,- մեզ հետ զրույցում ասաց Դ. Հարությունյանը՝ ավելացնելով, թե չկար առաջարկ, որից իրենք չէին հրաժարվել եւ մերժվեց հանձնաժողովի կողմից: «Ուղղակի առաջարկությունների մի մասը դրվեցին քվեարկության համազեկուցողների ներկայացրած լրացումներով»,- ասաց նա:
Հ.Գ. «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 բանաձեւի կատարումը» բանաձեւի բոլոր մանրամասները կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարում:
Ստրասբուրգ-Երեւան