Վիեննայում գումարված ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը կոնսենսուսով վճռել է երկրորդ եռամյա ժամկետով պաշտոնավարելու հնարավորություն տալ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյին: «Ես այսօր էլ զգում եմ ճիշտ այն ոգեւորությունը, որն ունեի առաջին օրը, երբ նոր էի ստանձնել պաշտոնը: Ինձ ոգեւորում է կազմակերպության համար աշխատող անձնակազմի փորձառությունը եւ տեսլականը, որն ամեն օր մեզ հետ է, – ասել է գլխավոր քարտուղարը եւ հավելել,- Ամբողջական, խաղաղ եւ ազատ Եվրոպայի տեսլականը բոլորիս է ոգեշնչում, բոլորս գիտենք, որ առջեւում դեռ մեծ աշխատանք կա դրան հասնելու համար»: ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը նշում է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն այդ կառույցի բարձրագույն վարչական պաշտոնյան է: ԵԱՀԿ-ի նախագահության` հերթագայության կարգով իրականացվող ամենամյա փոփոխության շրջանում նա ապահովում է նախագահության շարունակականությունը եւ կատարում է գործող նախագահի ներկայացուցչի լիազորությունները: 59-ամյա Մարկ Պերեն դը Բրիշամբոն առաջին անգամ 2005 թվականին է ստանձնել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է Ֆրանսիայի պետական կառույցներում եւ միջազգային կազմակերպություններում: