ԱՄՆ Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովը որոշել է մեկ ամսով հետաձգել Մարի Յովանովիչին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելու հարցը: Դրա պատճառը դիվանագետին ուղղված գրավոր հարցերի պատասխանների ուշացումն է: Ըստ ԱՄՆ Սենատի անդամ Բարբարա Բոքսերի, վերջնական որոշումը կընդունվի Յովանովիչին ուղղված բոլոր հարցերի պատասխանները ստանալուց եւ դրանց ուշադիր ուսումնասիրությունից հետո: Նրան հարցեր են ուղղել Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջո Բայդընը, սենատորներ Ռոբերտ Քեյզին, Ջոն Քերին եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման: Բ. Բոքսերի հարցին, որ եթե ԼՂ-ի պաշտոնատար անձինք իրեն հրավիրեն տարածաշրջան, արդյո՞ք կընդունի հրավերը, Մ. Յովանովիչը պատասխանել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչն ու նրա աշխատակիցները մշտական շփումների մեջ են գտնվում ԼՂ փաստացի ղեկավարության հետ: Համաձայն ԱՄՆ ներկայիս քաղաքականության, եթե դա ամերիկացի համանախագահը չպահանջի, ես չեմ հանդիպի ԼՂ ներկայացուցիչների հետ»: ՀՀ տնտեսական շրջափակումը դադարեցնելու եւ հարեւան երկրների հետ համագործակցությունը վերականգնելու մասին Ջ. Բայդընի հարցին ի պատասխան՝ Յովանովիչն ասել է, որ ՀՀ-ի ներգրավումը տարածաշրջանային համագործակցության մեջ ԱՄՆ հիմնական գերակայությունն է: «Սպիտակ տան վարչախումբը ցանկանում է ՀՀ-ին ներգրավել Վրաստանի հետ էներգետիկական համագործակցության մեջ եւ վերջնական արդյունքում կապել Կասպից ծովի նավթագազային պաշարների հետ: Սպիտակ տան հետաքրքրություններն ընդգրկում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ազատությունների ընդլայնումն ու ժողովրդավարությունը, հակաահաբեկչությունը, հակամարտությունների խաղաղ լուծումն ու էներգետիկան»,- ասել է նա: