Երեկ ԱԺ-ում քննարկվեց Տիգրան Թորոսյանի հեղինակած «Ժողովներ,
հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքի
նախագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախորդ օրը խորհրդարանի միջանցքում Արշակ Սադոյանը դժգոհում էր, որ ԱԺ
որեւէ խումբ, խմբակցություն այդ նախագիծը չի ստացել, սակայն ամենուր
թմբկահարում են, թե այն դրվել է շրջանառության մեջ: Ինչեւէ, երեկվա
քննարկումներին դարձյալ ընդդիմությունը ներկա չէր: «Ազգային
Միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը մեզ հետ
զրույցում նշեց, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել այդ օրինագծերի
քննարկումներին: «Այդ օրինագծերը մշակվում, հաստատվում են Քոչարյանի
աշխատասենյակում` իր յուրայինների լռելյայն մասնակցությամբ: Ոչ լեգիտիմ
նախագահի աշխատասենյակ մտնելը նշանակում է լեգիտիմացնել նրան: Իսկ մենք
ցանկություն չունենք մտնել նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած
մարդու աշխատասենյակն ու նրա հետ որեւէ հարց քննարկել»,- հայտարարեց
Ալեքսան Կարապետյանը:
Չնայած ընդդիմության բոյկոտին՝ երեկ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց
օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: