ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի` նախօրեին կայացած նիստում ընդունված բանաձեւի նախագծում առաջարկվում էր Հայաստանի հետընտրական իրավիճակին վերաբերող 1609 բանաձեւի կատարման ժամկետը երկարաձգել մինչեւ 2009թ. հունվարյան նստաշրջանը:
Բանաձեւի նախագծում նշված է, որ հատկապես 4 պահանջների կատարման արդյունքում կորոշվի` ՀՀ պատվիրակությունը ԵԽ ԽՎ-ում կպահպանի՞ քվեարկության իրավունքը: Իսկ այդ պահանջներն են` ընդդիմության հանրահավաքները թույլատրել առանց անհարկի սահմանափակումների, մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ ապահովել հասարակության վստահությունը, դադարեցնել Քր.օր-ի 300 եւ 225 հոդվածներով կալանավորվածների քրեական հետապնդումը (եթե չկան խիստ հիմնավոր ապացույցներ՝ կարճել այդ հոդվածներով հարուցված քրեական գործերը) եւ առանց հետագա ձգձգումների հեռարձակման արտոնագիր տրամադրել «Ա1+» հեռուստաընկերությանը: Եվ չնայած նշված դրույթներն ամրագրված են բանաձեւի նախագծում միայն, հաշվի առնելով դրանց սկզբունքային նշանակությունը, դրանք` անկախ բանաձեւի վերջնական տարբերակում սահմանված այս կամ այն ձեւակերպումից, ի վերջո, ենթակա են կատարման: Իսկ բավարա՞ր է արդյոք ՀՀ իշխանություններին մինչեւ 2009 թ. հունվարն ընկած ժամանակահատվածը՝ այս քայլերը կատարելու համար: Եվ քանի որ այդ պահանջները տարբեր աստիճանի սրությամբ միշտ էլ եղել են Հայաստանի նկատմամբ, ի՞նչ երաշխիք կա, որ այսուհետ եւս չեն անտեսվի: Իշխանության մասն կազմող ուժերի ներկայացուցիչները գոհ են բանաձեւի ժամկետի երկարացման հեռանկարից: «Մենք ոչ թե այդ առաջարկությունները պիտի բավարարենք, այլ պիտի փորձենք լուծումներ տալ եղած խնդիրներին: Կարծում եմ, որ լուծումները պիտի այնպիսին լինեն, որ ընդունելի լինեն հայ հասարակության համար: Իհարկե, շատ լավ կլինի, որ ընդունելի լինեն նաեւ ԵԽ ԽՎ-ի համար: Բայց չեմ կարծում, որ մենք եվրոպացիների համար ենք ապրում: Մենք պարզապես համագործակցում ենք եվրոպական կառույցների հետ: Մեր ապրելակերպը մենք պետք է որոշենք: Կարծում եմ, որ այսօր մեզ առաջադրված բանաձեւը մեզ համար պիտի իրագործելի լինի»,- գնահատելով ԵԽ ԽՎ-ում ընթացող զարգացումները, երեկ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը: ԲՀԿ խմբակցության անդամ Արամ Սաֆարյանն էլ գտնում է, որ ԵԽ ԽՎ-ի կողմից բանաձեւի պահանջներին տրված 6 ամիսը բավարար ժամկետ է «որոշակիորեն ամբողջացնելու այն գործընթացները, որոնք ձեռնարկվել են 2 ամիսների ընթացքում»: «Ես չեմ ուզում մտնել Քրեական օրենսգրքի կամ դատական գործընթացների մեջ, ես դրա համար չունեմ բավարար պատրաստվածություն եւ ինֆորմացիա: Կարող եմ ասել, որ մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողովը պիտի շատ լուրջ աշխատի: Կարծում եմ, որ պիտի գան եւ մասնակցեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչները: Առանց ընդդիմության ներկայացուցիչների այդ հանձնաժողովի աշխատանքն ամբողջական չի լինելու եւ չի բավարարելու հասարակությանը: Ես կարծում եմ, որ ԵԽ ԽՎ-ի բերած թարմ քամուց հետո պարոն Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի պատրաստակամ կլինի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Միանշանակ գտնում եմ, որ զանգվածային հանրահավաքները եթե սպառնալիք չեն ներկայացնում հասարակական կարգի եւ երկրի օրենսդրության համար, պետք է թույլատրվեն»,- ասում է Ա.Սաֆարյանը: Նա ցանկանում է նաեւ, որ «Ա1+»-ը բացվի, որպեսզի ունենանք եւս մի լրատվամիջոց: Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, այնքան էլ գոհ չեն ԵԽ ԽՎ նոր բանաձեւի նախագծի պահանջներից: Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն ասում է, որ նախագծում կան բավականին դրական կետեր` «Ա1+»-ի բացումը, քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը: «Բայց որ ժամկետը երկարաձգել են մինչեւ 2009թ. հունվարի նստաշրջանը, ես համարում եմ բացասական էլեմենտ, որովհետեւ, ըստ էության, եթե հետեւենք այս իշխանությունների գործողությունների տրամաբանությանը, ապա նրանք ստացան եւս 6 ամիս ժամանակ քաղբանտարկյալներին պահելու համար: Եթե ելնենք իշխանությունների տրամաբանությունից, նրանք ժամկետները հասկանում են՝ որպես շունչ քաշելու, պահանջները չկատարելու համար տրված ժամանակ: Ի՞նչ արագությամբ կկատարեն` ես կարծում եմ, որ ԵԽ-ից այս մասով շատ քիչ բան է կախված: Իհարկե, միջազգային ճնշումները նշանակություն ունեն, բայց շատ ավելի կարեւոր է ժողովրդի պայքարը, ժողովուրդը չի հանգստանալու եւ պարտադրելու է իշխանություններին, որ կատարեն բոլոր պահանջները»,- ասում է նա ու ավելացնում, թե ճիշտ կլինի, եթե պահանջների կատարման ժամկետները փոխեն: «Հատկապես քաղբանտարկյալների ազատ արձակման դեպքում պետք է դրվի անհապաղ կատարելու պահանջ: Թեեւ մենք ունենք ավելի հեռու գնացող պահանջներ` մենք գտնում ենք, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանում հնարավոր է հաղթահարել միայն արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների միջոցով: Ցավոք, այդ պահանջն արտացոլված չէր բանաձեւի նախագծի մեջ»,- նշեց պարոն Զուրաբյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ զարմանում է, որ իշխանությունները գոհ են ՀՀ հարցի քննարկումը 6 ամսով հետաձգելու համար: «Այսինքն, մինչեւ հունվար Հայաստանի վրա հաստատ մնալու է որպես անկարող, ժողովրդավարական ուղուց շեղված երկրի պիտակը: Իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի վրա Եվրախորհրդի անդամ պետությունների վերաբերմունքը լինելու է ըստ համապատասխան գնահատականի: Մենք տեսնում ենք, որ այս իրավիճակը ադրբեջանական կողմը, նաեւ Մինսկի խմբի միջնորդները լավագույնս են օգտագործում ղարաբաղյան խնդրի տարածքային գործոնն ակտիվացնելու համար: Այնինչ, ես կցանկանայի, որ նախ՝ բանը չհասներ ժամկետ երկարաձգելուն, անցած 2 ամիսը բավարար էր մի քանի պարտավորություններ կատարելու համար: Միգուցե այս պլանում դուրս մնար միայն դատական իշխանությունների անկախության ոլորտը: Իսկ եթե անգամ մենք անցել ենք այդ սահմանը եւ ժամանակ ենք հայցում, ապա իշխանությունը պետք է որ շահագրգռված լիներ կարճ ժամկետի համար, որպեսզի Հայաստանը հնարավորինս արագ դուրս բերեր մոնիտորինգի տակից»,- ասում է պարոն Սաֆարյանը եւ կանխատեսում, որ նոր բանաձեւի կատարմանն իշխանությունները ձեռնամուխ կլինեն վերջին պահին` ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանից քիչ առաջ, ինչպես դա արեցին 1609-ի դեպքում: