Թվանշանների ազգային տարբերակ

29/06/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Այս օրերին եւս արթնացող բնակչությանն անակնկալ էր սպասում: Օրգիշերով՝ տնտեսությունն էլի աճել էր: Այսինքն՝ դրամն էլի 1-1,5 տոկոսով արժեւորվել էր: Բավական տեւական ժամանակահատված դրամ-տարադրամ հարաբերությունը կայուն էր, եւ հայրենի իշխանությունները հազվադեպ էին խոսում տնտեսության երկնիշ աճի մասին: Պաշտոնական վիճակագրությունը համառորեն շարունակում էր աճն արձանագրել, իսկ դրամն «անշարժացել» էր 1 դոլարը 300 դրամ փոխարժեքի վրա: 300-անոց հոգեբանական ցուցանիշը սկսեց մանրվել: Հասարակությունն արդեն տեսել է, թե ինչ է կատարվում տնտեսական կյանքում, երբ մանրվեցին նախ՝ 500, ապա՝ 400-անոց ցուցանիշները: Տեսնելը՝ տեսել է, բայց չի հասկացել, թե ինչո՞ւ: Հարազատ իշխանությունները միշտ էլ հայտարարել են, որ դրամի արժեւորումն իրենց խնդիրը չէ: Իրենք մտածում են ոչ թե տարադրամով, այլ ազգային դրամով եկամուտներ ունեցողների մասին: Բայց որտեղի՞ց են պեղել-գտել բնակչության դրամով եկամուտ ունեցող հատված, պարզ չէ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ միջին հայ ընտանիքն այսօր բաղկացած է 4,7 անդամից: Նույն պաշտոնական վիճակագրությունը պնդում է, որ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 88 հազար դրամ: Նշենք, որ ամսեամիս աշխատավարձի բարձրացում արձանագրող պաշտոնական վիճակագրությունն, այնուամենայնիվ, ընդունում է, որ աղքատ ու ծայրահեղ աղքատ է երկրի բնակչության գոնե մեկ հինգերորդ մասը: Հետեւաբար, կարելի է արձանագրել, որ աշխատավարձի անվանական բարձրացումը չի լուծում աղքատության խնդիրը: Նաեւ այն պատճառով, որ մեկ աշխատողն իր 88 հազարը կիսում է ընտանիքի անդամ առնվազն մեկ անչափահասի (այսինքն` չաշխատողի) հետ: Սրանից բացի, յուրաքանչյուր երկու աշխատողի «բաժին է ընկնում» ֆինանսապես չապահովված առնվազն մեկ թոշակառու: Ժողովրդագրական ու վիճակագրական տվյալների համադրումից ակնհայտ է դառնում, որ երկրի բնակչության հիմնական հատվածն ապրում է (կամ, եթե կուզեք` գոյատեւում է) ոչ ներքին աղբյուրներից ստացվող եկամուտների հաշվին: Արտահանվող աշխատուժն է կենսական անհրաժեշտ միջոցներ հայթայթողը: Մինչդեռ մեր ֆինանսական ղեկավարությունը երբեք չի թաքցրել, որ բնակչության այդ հատվածի շահերն իրենց չի հետաքրքրում: Օգնություն-տրանսֆերներ ապահովող աշխատուժի հիմնական մասն աշխատանք գտնում է Ռուսաստանի Դաշնությունում: Նավթի միջազգային գների աճի հաշվին աճող ռուսական տնտեսությունն առաջիկա տարիներին եւս աշխատատեղեր կապահովի արտագնա աշխատանքի մեկնողներին: Ռուսաստանյան սփյուռքն արդեն դարձել է ամենամեծը մյուսների հետ համեմատած: Հենց Սփյուռքի այս հատվածն է մեր իշխանությունների տրամաբանությամբ շարունակում տարադրամի «ավելցուկ» ապահովել ու արժեզրկել տարադրամը մեր ներքին շուկայում: Տարադրամի դեմ պայքարում մեր հարազատ իշխանությունները գնում են անգամ անտրամաբանական քայլերի: Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ տարադրամի փոխանակման բոլոր կետերին արգելված է կուրսն արձանագրել ցուցանակների վրա: Հիմնավորումն ավելի քան անհեթեթ է: Պարզվում է՝ դրանք գեղեցիկ չեն, հետեւաբար՝ գցում են քաղաքի արտաքին տեսքը: Բայց, ուշադրություն դարձրեք, արգելված են ոչ թե ցուցանակները, այլ դրանց վրա փոխարժեքի նշումները: Փաստորեն, հայոց տիեզերահռչակ քաղաքամոր տեսքը խաթարում են միմիայն թվանշանները: Արաբական թվեր կոչվածը մեր ֆինանսական իշխանությունների ճաշակով չէ: Մեզ` հնագույն ու «հյուսիսային ազգերից մեծագույնին», երեւի վայել չէ օտարի ստեղծած թվերով ցուցանակներ ունենալ: Ուրիշ բացատրություն գտնելն անհնար է: Հո չե՞նք կարող ենթադրել, որ իշխանությունները բնակչությունից փորձում են թաքցնել տարադրամի փոխարժեքը: Նման ոչ թափանցիկ գործելաոճը մեր ղեկավարությանն ամենեւին էլ բնորոշ չէ: Բայց մյուս կողմից՝ սա նպատակահարմար է: Տարադրամ չունեցող, այսինքն՝ պետության թոշակ-աշխատավարձ-նպաստ ստացող, աղքատ ու շատ աղքատ բնակչությունը ավելորդ անգամ չի իմանա տարադրամի կուրսի անկման մասին: Չի իմանա ու չի հուզվի: Որքան էլ հասարակագետներն ու մյուս մտածողները հեղափոխական տեսություններ կազմեն ու վերլուծեն, միեւնույն է, ցանկացած հեղափոխության շարժիչ ուժը հենց ամենաընչազուրկներն են: Այս պարագային տնտեսության աճի մասին պաշտոնական տեղեկագրերը որեւէ գործառույթ չունեն: